HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է Պետական պարտքի մասին օրենքում փոփոխություն, որ «կապիտալ ծախսերն ավելին լինեն»

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ 

Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ գործող հարկաբյուջետային քաղաքականության կանոնն է, որ եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցում է 50%-ով, ապա պետք է ծրագրավորել և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ դիֆիցիտը չգերազանցի նախորդ երեք տարիների պարտք-ՀՆԱ միջին ցուցանիշի 3%-ը։

«Եթե 60% է, նոր պարտք չես կարող վերցնել և դառնում է առ ոչինչ: Կյանքը ցույց է տալիս, որ երկրները մեկը մյուսի հետևից փոխանակ կանոն դնեն դիֆիցիտի վրա, կանոն են դնում այլ ծախսային քաղաքականության վրա»,- ասաց Արամյանը։

Նախարարը նշեց, որ ներկայացված փոփոխության գաղափարը հետևյալն է՝ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշների շեմերը պահպանվում են, բայց ավելացվում է ևս մեկ նոր շեմ՝ 40%:

«Կանոնը հետևյալն է, որ եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գերազանցում է պարտք-ՀՆԱ ցուցանիշը, պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնես, որ քո կապիտալ ծախսերն ավելին լինեն, քան քո պակասուրդն է: Այլ կերպ ասած՝ եթե պարտք ես վերցնում անպայման կապիտալ ծախսեր արա, որ տնտեսութունդ աճի», - մանրամասնեց Արամյանը։

Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց` արդյոք 2018 թվականի ընթացքում պետական պարտքի շեմն անցնելու է 60%-ը, թե` ոչ։

«Ձեր պաշտոնավարման ընթացքում ներգրավված վարկային միջոցները ինչպե՞ս են օգտագործվել, եթե արդյունավետ չեն օգտագործվել, որո՞նք են պատճառները, հասարակության մեջ չեն հաղթահարվում այն տրամադրությունները, որ վարկային միջոցներն անարդյունավետ են օգտագործվում, ի՞նչ ջանքեր եք գործադրում, որ այդ տրամադրությունները կարողանաք հաղթարահարել»,- հարցրեց նա։

Նախարարը հստակեցրեց՝ պատգամավորն էլ գիտի այն մասին, որ արդյունավետության մասին խոսելիս պետք է ունենալ չափողականության գործիքներ։

«Դրա լավագույն տարբերակը ծրագրային բյուջետավորման ձևաչափն է, որը մենք ներդնելու ենք 2019 թվականից, դա է այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս ինչ-որ չափով արդյունավետության մասով գնահատականներ տալ»,- ասաց Արամյանը։

Ինչ վերաբերում է պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշին, նախարարն ասաց, որ ակնկալում են տարեվերջին ունենալ 55,4% ցուցանիշ։

«2018 թվականի ընթացքում մենք ծրագրում ենք մեկ տոկոսային կետով այդ ցուցանիշի նվազեցում»,-ասաց նա։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց՝ նախարարը միայն ֆինանսական լեզվով է ներկայացնում այս օրենքի փոփոխության կարիքը, ուստի խնդրեց քաղաքացիների համար ավելի հասկանալի ներկայացնել փոփոխության կարիքը։

«Արդյոք սա անհրաժեշտ է ընդունել նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը նոր պարտքեր վերցնի, մեր օրենսդրությունը համապատասխանեցնում ենք նոր պարտքեր վերցնելու՞ն», - հարցրեց Մարուքյանը։

Նախարարը պատասխանեց՝ փաթեթի իմաստն այն չէ, որ կառավարությունը նոր պարտքեր վերցնի, այլ կանոն սահմանելն է։

«Ինչ պետք է մենք անենք, ինչպիսի հարկաբյուջետային քաղաքականություն պետք է անենք․ հիմնական փիլիսոփայությունն այն է, որ անկախ նրանից Վարդան Արամյանը կլինի Ֆինանսների նախարար, թե Պողոսյան Պետրոսը, այս կանոնները շարունակելու են գործել հստակ և որոշակի տրամաբանությամբ։ Հարկաբյուջետային քաղաքականությունը մշտապես պետք է լինի հակացիկլիկ, օգնի տնտեսությանը, որ այն ունենա առաջընթաց։ Եթե քեզ մոտ անկումային շրջան է, ավտոմատ կերպով պետք է ստեղծվեն բուֆերներ, դրանք դրված են կանոնների մեջ, որ չլինի այնպես, որ 40%-ն անցնենք, հետո մտածենք, թե ինչ ենք անելու»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ ըստ գործող օրենքի՝ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը: Այժմ առաջարկվում է կառավարության պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմ սահմանել 60 տոկոսը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter