HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

G տառը` Գյումրու խորհրդանիշ. «հըմի ըդիգ ի՞նչ է» հարցադրումը կրկին ակտուալ է

«Հըմի ըդիգ ի՞նչ է» հարցադրումը հավակնում է դառնալ Գյումրու 2017թ. կարգախոսը կամ բրենդը: Այս հարցադրումն առաջին անգամ հնչեց, երբ անցած տարեվերջից Գյումրիում սկսեց գործել առաջին փաբը: Այնուհետեւ նույն հարցադրումն ամիսներ շարունակ պիտի տանջեր շատերին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի բացումից հետո:

Հարցադրումը կրկին օրակարգ վերադարձավ օրերս՝ Գյումրու բրենդավորման շնորհանդեսի ու հրապարակված տեղեկատվությանը զուգընթաց: «Փաբ» եւ «լոֆթ» հասկացությունները սեփական պրիզմայով անցկացնելուց հետո գյումրեցիների մոտ հիմա էլ հակասական տրամադրություններ են առաջացել Գյումրու բրենդային խորհրդանիշի դիզայնի ու մեկնաբանության հետ կապված:

Գյումրեցի լուսանկարիչ Գեւորգ Ղազարյանը գյումրեցիների արձագանքը ստուգելու նպատակով անգլերեն G տառը պատկերող Գյումրու բրենդային խորհրդանիշը ֆոտոշոփի օգնությամբ տեղադրել էր Ռուսթավելի փողոցը պատկերող լուսանկարում երեւացող էլեկտրասյուներից մեկի վրա ու հրապարակել ֆեյսբուքյան էջում: Արձագանքը երկար սպասել չէր տվել:

«Տպավորություն է, որ ճանապարհատրանսպորտային ինչ-որ նոր նշան են հնարել հատուկ Գյումրու համար, - Գեւորգը ծիծաղում է,- առաջին տպավորությունը դա էր, ու նայողներից շատերը կհարցնեին, թե «ըդիգ ի՞նչ է»: Շատ անհասկանալի է, մանավանդ, որ հարցնողներին ամեն անգամ բացատրում էի, որ դա անգլերեն G տառն է, շատերը չեն նմանցնե, կատակ կենեն եւ այլն: Իմ կարծիքով խորհրդանիշը պիտի էնպիսի մի բան լինի, որ տեսնողի մոտ հարցեր չառաջանան․ ինքը պիտի հասկանա միանգամից: Եթե խորհրդանիշի հետ մի բուկլետ էլ բացատրություն պիտի կցվի, դա խորհրդանիշ չէ, իմ կարծիքով: Ես մտածեցի, թե ինչպես կդիտվեր, օրինակ, եթե որոշեին նման կերպով քաղաքում այն տարածեին ու ասեմ՝ չհասկացվածությունը դիտողների մոտ գերակշռեց»:

Դեկտեմբերի 9-ին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում Deem Communications PR ընկերությունը ներկայացրեց սեփական նախաձեռնությամբ իրականացրած Գյումրու բրենդավորման ծրագիրը՝ որպես ներդրում համայնքի զարգացման գործում: Հայտարարվեց, որ Գյումրին արդեն ունի իր բրենդը՝ գույնը, ձեւը, խոսքը, որն օգնելու է քաղաքի կերպարն ու զարգացման հեռանկարները յուրովի ներկայացնելու աշխարհին: Բրենդի գաղափարը կյանքի կոչած ընկերությունը համագործակցել է Գյումրու քաղաքապետարանի, Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի, պետական զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Գյումրու հասարակական կազմակերպությունների հետ:

Որպես խորհրդանիշ` ընտրվել է Գյումրի անվանման լատինատառ տարբերակը՝ GYUMRI: G-ի տառն, ըստ բրենդավորող կազմակերպության, իր տեսքով խորհրդանշում է Գյումրու Սեւ բերդը եւ ներկայացնում ճարտարապետությունը: Նրա կլոր ուրվագիծը խորհրդանշում է ամբողջականություն: G(Գ) տառը ներկայացնում է նաեւ Գյումրու բարբառը: Y(յ) տառն իր տեսքով նման է դրոշ ծածանող, հաղթանակած չեմպիոնի եւ պատմում է Գյումրուց սերած բազմաթիվ տաղանդավոր մարդկանց մասին: U(ու) տառը դառնում է գարեջրի բաժակ՝ ներկայացնելով Գյումրու կարեւոր մշակութային արժեքներից եւ քաղաքի առաջատար արդյունաբերություններից մեկը: Այն խորհրդանշում է նաեւ քաղաքի ուրախությունն ու անցուդարձը: M տառը խորհրդանշում է ՏՏ ոլորտը: R(ր) տառը խորհրդանշում է Գյումրու արվեստն ու արհեստագործությունը: Կլոր տարրը՝ քարտաշությունն է, ուղղահայացը՝ ատաղձագործությունը, իսկ անկյունագծայինը՝ դարբնագործությունը: I(ի) տառն այն սյունն է, առանցքը, որ միավորում է եւ իր վրա պահում Գյումրու բազմաթիվ շերտեը՝ ոգին, առօրյա ապրելակերպը, նիստուկացը, հումորը:

«Լոգոն ստեղծելիս մտքում ունեցել ենք 6 ուղղություն,- ասում է Գյումրու բրենդավորման ծրագրի ղեկավար, Deem Communications ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը,- լոգոն կազմված է երկու շերտից, որ կարող են վերարտադրվել՝ դառնալով երեք, չորս եւ ավելին: «Աղյուսները» արտացոլում են Գյումրու շենքերին բնորոշ ճարտարապետությունը, ինչպես նաեւ զարգացող ապագան: Այսպիսով ցույց ենք տալիս, որ քաղաքը շարունակ զարգանում է: Շրջանաձեւ պտտվող G-ն ներկայացնում է Գյումրու առաջին տառը, ինչպես նաեւ կողմնացույց, որը ցույց է տալիս քաղաքի ուղղությունը դեպի հյուսիս-արեւմուտք: Գույները եւս բնորոշ են Գյումրուն. սեւ եւ կարմիր քարերով արված կառույցներն ենք նկատի ունեցել: Գույներն աստիճանաբար բացվում են՝ դառնալով կարմիր եւ, վերջապես, արեւի պես նարնջագույն: Դա արտացոլում է գաղափարը, որ Գյումրին Հայաստանի ամենաարեւոտ քաղաքներից է»:

Րաֆֆի Նիզիբլյանի փոխանցմամբ` բրենդի մշակման համար հիմք են հանդիսացել քաղաքի պատմամշակութային ժառանգության, տնտեսության, բիզնես միջավայրի և այլ ոլորտների վերաբերյալ ուսումնասիրությունները: Ավելի քան 2000 մարդ արտերկրից եւ Հայաստանից ներգրավվել են բրենդի մշակման գործում՝ մասնակցելով առցանց ու անմիջական հարցումների, սեմինարների ու քննարկումների: Ծրագրի շրջանակում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված Գյումրու զարգացման ծրագրերում ներգրավված փորձագետներից, մշակութային, տնտեսական եւ բիզնես ոլորտի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ովքեր խորհրդատվություն եւ փորձագիտական կարծիք են տրամադրել:

Գյումրեցի Գոռ Թորոսյանն, ով այս տարվանից գործունեություն է ծավալում զբոսաշրջության ոլորտում, Գյումրու բրենդի հետ կապված իր դիտարկումներն ունի: «Բրենդինգը զբոսաշրջության խթանման նպատակով է արվում հիմնականում, երբ խնդիր կա երկիրը կամ քաղաքը ճանաչելի դարձնել օտարերկրացիներին խորհրդանիշի միջոցով: Դա մենք էլ ենք հասկանում, սակայն գերադասում ենք, որ այն, ինչ պիտի համարվի Գյումրու խորհրդանիշն, իսկապես արտացոլի մեր ինքնությունը: Հիմա ես նայում եմ այդ անգլիական G տառին, ու դա ինձ ոչ մի բան չի ասում,- նկատում է Գոռ Թորոսյանը,- իմ կարծիքով բրենդն ինքն իրեն է ձեւավորվում, ոչ թե արհեստականորեն փորձում ենք ինչ-որ բան ստեղծել, որ հետո մնացածը հարմարեցնենք էդ ստեղծածին: Գյումրին ինքն իրենով բրենդ է: Ես կասեի՝ Գյումրու բրենդը մարդիկ են: Այստեղ հարցն այն է, որ քաղաքում այնքան բան կա, որ կարող է հավակնել բրենդ համարվելու, որ դժվար է անգամ ընտրություն կատարել»:

Լրատվամիջոցների հրապարկումներից եւ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներից պարզ է դառնում, որ տառը, որպես բրենդ չընկալածներին անհանգստացնում է նաեւ Սեւ բերդը եւ գարեջուրը քաղաքի խորհրդանիշ դարձնելու Deem Communications ընկերության ջանքերը: Շատերի համոզմամբ, որեւէ մեկի սեփականությունը չի կարող լինել տվյալ բնակավայրի խորհրդանիշը, իսկ ինչպես հայտնի է Սեւ բերդը եւ գարեջրի գործարանն համարվում են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ նրա ընտանիքի սեփականությունը: Բացի այդ, ըստ գյումրեցիների, չի կարող ռուսների կողմից կառուցված, ժամանակին զինվորական կառույց հանդիսացած բերդը ներկայացնել ալեքպոլյան շրջանի ճարտարապետությունը կամ գյումրեցի որմնադիրների վարպետությունը:

«Քաղաքում մենք էնքան սիրուն, ճարտարապետական արժեք ներկայացնող շինություններ ունենք, որ անհասկանալի է դառնում Սեւ բերդի ընտրությունը: Սկզբունքն է անհասկանալի,- նկատում է Գոռ Թորոսյանը,- հրաշալի շինություններ կան նույն Աբովյան ճեմափողոցում, բուն Կումայրի արգելոցի տարածքում, ասենք դրանք թողած ինչ-որ բերդ ընտրել ու ասել սա խորհրդանշում է Գյումրու ճարտարապետությունը՝ առնվազն անհասկանալի է: Թող ֆայտոնը վերցնեին խորհրդանիշ, ես չգիտեմ, մեկ ուրիշ մեզ բնորոշ սիմվոլիկա, բայց էդ G տառը կարող է վերաբերվել եւ ասենք Գոգհովիտ գյուղին, եւ Գորիս քաղաքին, եւ Գավառին: Կամ կարգախոսը՝ «Տաղանդը աչք կծագե», չգիտեմ, իմ կարծիքով լավ կլիներ գրեին՝ աչք կշոյե»:

Գոռը խոստովանում է, որ այս պահին, եթե իրեն հարցնեն, թե ինքը որպես Գյումրու խորհրդանիշ ինչ կառաջարկեր, հաստատ կդժվարանար կոնկրետ մեկ բան նշել. դրանք շատ են՝ սկսած հումորից, վերջացրած շինություններով ու մարդկանցով, թեկուզ վերցնեն ալեքպոլյան շրջանի դռներն ու դարպասները: Կարելի է, որպես սիմվոլ ընտրել գյումրեցի դարբինների գործ հանդիսացող դարպասները, որոնց մեջ եւ՛ արհեստ կա, եւ՛ արվեստ ու խաղարկել այդ տարբերակը: Գեւորգ Ղազարյանի կարծիքով էլ, աղետի բոլոր հետեւանքները չվերացրած քաղաքի համար բրենդ ունենալն առաջնահերթ չէ՝ այլ հոգսեր ու կարիքներ կան, որոնք տարիներով լուծում չեն ստանում, թեկուզ նույն այդ զբոսաշրջիկի համար Գյումրին ավելի գրավիչ դարձնելու համար: Գյումրեցիների շրջանում տարակուսանքի տեղիք էր տվել նաեւ շրջանառվող 35 հազար եվրո գումարը, որ նշվում է որպես կատարված աշխատանքի արժեք:

«Այդ գումարը, որ նշվում է, ընդամենը մեր կատարած աշխատանքի սիմվոլիկ արժեքն է, որ մենք հաշվարկել ենք պարզապես, սակայն որեւէ մեկն այդ գումարը մեզ չի տվել,- բացատրում է Րաֆֆի Նիզիբլյանը,- իրականում սա մեր նվերն է Գյումրուն, որ կարող է ընդունվել, կարող է՝ ոչ: Մենք ոչինչ չենք պարտադրում եւ ոչ էլ պնդում ենք, որ սա քաղաքի բրենդավորման վերջնական տարբերակ է:  Բրենդավորում չի նշանակում նոր բան ստեղծել՝ ինքը վերափաթեթավորումն է արդեն եղածի: Քաղաքապետի հետ հանդիպումների ժամանակ ես ինքս եմ առաջարկել ստեղծել Գյումրու բրենդը, որովհետեւ միշտ կարծել եմ, որ դրանով կկարողանանք ուշադրության կենտրոնում պահել քաղաքը, ավելի ճանաչելի դարձնել: Ինչ վերաբերում է Սեւ բերդի ընտրությանը, ապա այն ընտրվել է հարցումների արդյունքում: 2000-ից ավելի մարդու ենք հարցրել ու մեծամասնությունը նշել է այդ շինությունը: Մենք հարցրել ենք՝ կա՞ մի բան, որ ասոցացնում եք Գյումրու հետ, հարցվածները նշել են մարդկանց, նշել են շինություններ եւ այլն: Գարեջուրն էլ հարցվածները նշել են, որպես զարգացող արդյունաբերական ճյուղ, ոչ թե պարոն Բալասանյանի բիզնես: Ամեն դեպքում մենք չենք պարտադրում»:

Հ. գ. - Ի դեպ, Գյումրիում արդեն գոյություն ունեն «պարտադրված» նվեր արձաններ, որոնք քաղաքում տեղադրվել են նվիրողի ընտրած տարածքում՝ առանց հաշվի առնելու նույն գյումրեցիների եւ քաղաքային իշխանությունների կարծիքը: Մտավախություն կա, որ վաղը մյուս օրը, այս նվերն էլ կստանա «պարտադրանքի» տեսք ու որպես «անբեկանելի ճշմարտություն» կհրամցվի գյումրեցիներին, թեպետ հեղինակները պնդում են, որ իրենք ընդամենը բրենդի օրինակ են առաջարկել:

Հոդվածում օգտագործվել են հեղինակի, Գեւորգ Ղազարյանի, Վարդան Պետրոսյանի եւ Ազնիվ Թադեւոսյանի լուսանկարները

 

 

Մեկնաբանություններ (7)

Garo
Armenians are their own worst enemies, you don't have to like the logo or be silent on the matter, but when people are working hard to improve a situation you should put your constructive arguments forward and be respectful. Its so easy to complain but allot harder to do something and Armenian attitudes need to change if the country is going to move forward.
Hayk
I like the brand. I like Hetq. I agree with Todd (mostly). And I am from Gyumri (kind of). Thank you, Րաֆֆի
Raffo
Hetq should ask these people who don't like the logo (Gor Torosyan and others) what would work.....I agree that complaining is no solution. Niziblian claims to have done some polling on the matter. Hetq needs to some digging.....
Todd Fanacher
First, how about thanking Raffi for the time money and efforts he has done to help the city??? Second, as one of the largest investor in Gyumri, I can tell you that Gyumri needs more people like Raffi to make an effort. OK you don’t love his logo, how about doing it yourself?? The #1 problem with Gyumri are the people who do nothing but bitch. This includes with Hetq who only looks for negative articles to print. There are so many people who are putting in real time, money and efforts. I myself have put in US$400,000 of my personal money and I am sick and tired of this constant negative crap. What you need to do is have positive input. there are ways to do it better.
Hakob Abrahamyan
To make the Gyumri logo, we do not need Deem communication, Apple, Samsung or Microsoft. In Gyumri there are fine artists and specialists. It was necessary to include them in this process.
kevork
I agree with the author. The results are poor and it will not translate into anything positive for Gyumri. I would've preferred to see a professional branding agency work on this project, and not an event organizer for small concerts. Gyumri needs branding and something to get people's attention, this campaign is not what a lot of ppl were expecting.
Асмик
Здравствуйте.Я сама из города Ленинакан,но живу в Россие .Читала ,посмотрела на этот знак (бренд)и хочу сказать:что за бред???и почему именно англ.буквы???а что у нас нету своих,как мы любим чужой.Гюмри стариний исторический город ,неужели более сердечнее нельзя было рисовать.??? это вообше не годиться и правду сказпли:@сиг инч е???не надо разрушить старое,а надо просто восстановит ,и не надо все копировать ,ноадо сохранить индивидуализм нашего любимого города.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter