HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հիպոթեքով բնակարան ձեռք բերելու համար սահմանափակումներ կլինեն

Խորհրդարանում արտահերթ նիստով քննարկվում է «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նախագծի փոփոխությունները բնորոշեց որպես Հարկային օրենսգիրքը «լավացնող»

«Փոփոխություններով 99%-ով ավելի լավ իրավիճակ ենք ստեղծելու հունվարի մեկից հետո»,- ասաց փոխնախարարը։ Անանյանն անդրադարձավ շահաբաժինների հարկմանն առնչվող օրենսդրական փոփոխություններին

«Հունվարի 1-ից ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են բաժնետերեր, իրենց բաժնեմասնակցության դիմաց ստացվող շահաբաժիններն այսուհետ հարկվելու են եկամտային հարկով»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ գործող Հարկային օրենսգրքի ներկա շարադրանքով հստակցված չէ, թե որ ժամանակաշրջանների շահաբաժիններն են ենթակա հարկման։

«Փոփոխություններով մենք առաջարկում ենք, որ հստակեցվի այն նորմը, որ 2017 թվականի հունվարի 1-ից և 2018 թվականի հունվարի 1-ից համապատասխանաբար օտարերկրյա ֆիզիկական անձանց և ՀՀ քաղաքացիների կողմից ստացված այն շահաբաժիններն են ենթակա հարկման, որոնք հանդիսանում են 2017 և 2018 թվակաների հունվարի 1-ից հետո գործունեության արդյունքում ստացված շահույթ։ Այդ կերպ կբացառենք, որ նախորդ տարիներին ստացված շահույթը կարող  է հարկվել այս փոփոխության արդյունքում»,- մանրամասնեց փոխնախարարը։

Հարկային օրենսգրքով փոփոխություններ են լինելու նաև բնակարաններ գնելու հիպոթեքային վարկերի համակարգում։

«Կառավարությունը մոնիթորինգի է ենթարկել վերջին երեք տարիների ընթացքում հիպոթեքային վարկերի փոխհատուցման իրավակարգավորումների արդյունքում ստեղծված իրավիճակը»,-հայտարարեց փոխնախարարը՝ հավելելով, 2014-ի նոյեմբերին ընդունված իրավական նորմերի ներմուծումը չի ապահովել սոցիալական խնդիր, այլ միայն՝ գնողունակ պահանջարկ շինարարության ոլորտում։

«Այս երեք տարիների գործունեության արդյունքում արձանագրել ենք, որ սոցիալական բաղադրիչը չի գործել, և պետական բյուջեից եկամտային հարկի փոխհատուցումներն առավելապես նպաստել են գնողունակ զանգվածին՝ լրացուցիչ անշարժ գույք ձեռք բերելու ֆինանսավորման հարցում։ Կառավարությունն առաջարկում է վերադառնալ սոցիալական բաղադրիչին՝ հանել բիզնեսի նպատակադրումները և ներդնել սահմանափակումներ»,- ասաց նա։

Սահմանափակումներից մեկն այն է, որ բազմաբնակարան շենքի կառուցապատողից բնակարանի ձեռքբերման համար գործարքների առավելագույն շեմ է սահմանվում 55 միլիոն դրամը։ Հաջորդը՝ առանձնատուն, բազմաբնակարան շենքում բնակարան և համայնքից բնակարաններ ձեռք բերելու գործարքներում եկամտային հարկի հետ ստացման եռամսյակի համար առավելագույն շեմ է սահմանվում 1,5 միլիոն դրամը։

«Երրորդ՝ այսուհետ անձն այս համակարգից միայն մեկ անգամ կարող է օգտվել՝ թե՛ վարկառուն, թե՛ համավարկառու հանդես գալու միջոցով»,- ասաց փոխնախարար Անանյանը։

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե Կառավարությունն ինչպե՞ս է հաշվարկել 55 միլիոն դրամի շեմը։ Փոխնախարարն արձագանքեց՝ դրանք ստացվել են Երևանի կենտրոնում 135-140 քառակուսի մետր բնակարանի հաշվարկով։ Անանյանի խոսքով՝ եթե պետությունը քաղաքացու համար բնակարանի խնդիր է լուծում իր «սուղ միջոցների հաշվին», ապա դա միայն մեկ անգամ կարող է լինել, ուստի սահմանափակման դրույթն ընդունելի է Կառավարության համար։

«Պետությունն իր սուղ միջոցների հաշվին չի կարող երրորդ, չորրոդ բնակարան ապահովել»,- ասաց նա։

Պատգամավորը շարունակեց հարցադրումները՝ ի՞նչ է անելու այն ընտանիքը, որը նախկինում երկսենյականոց բնակարան է ձեռք բերել, սակայն հինգ տարի անց ունի չորս երեխա, ստացվում է, որ նման դրույթ կիրառելով՝ այդ քաղաքացին այլևս չի կարող օգտվել հիպոթեքային վարկով նոր բնակարան ձեռք բերելու հնարավորությունից։ Փոխնախարարն արձագանքեց՝ այդ դեպքում քաղաքացին իր անձնական միջոցներից պետք է օգտվի

«Սա մեր հստակ մոտեցումն է, բյուջեի հնարավորությունները սահմանափակ են, երկրորդ անգամ պետությունն իր սուղ միջոցներով չի կարող բնակարանային խնդիր լուծել»,- պատասխանեց փոխնախարարը։

Վերջինս հայտարարեց, որ կան անձինք, որոնք մինչև տասը միլիոն եկամուտ են ունեցել, սակայն իրենց թույլ են տվել այս համակարգից օգտվել՝  5-6 անշարժ գույք ձեռք բերել։

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ պետությունն իրավունք չունի քաղաքացու փոխարեն որոշել, որ վերջինս միայն մինչև 55 միլիոն դրամի սահմանում կարող է հիպոթեքային վարկով բնակարան գնել։ Պատգամավորը նաև չհամաձայնեց փոխնախարարի այն դիտարկմանը, որ գնողունակ հատվածն է այս առավելությունից օգտվել՝ նկատելով, որ այդ գնողունակ հատվածը միջին խավն է։

«Ամսական մեկ միլիոն դրամ եկամուտ ունեցողը ՀՀ-ում միջին խավ չէ, հարուստ է, դա ցավով եմ ասում։ ՀՀ-ում աղքատությունն այնքան է, որ մեկ միլիոն և ավելի եկամուտ ունեցողին խիստ վերապահումով կանվանեք միջին խավ։ Վստահեցնում եմ, որ երեք տարիների ընթացքում գործարքների 85%-ից ավելին կատարել են մարդիկ, որոնք մեկ միլիոնից ավելի դրամ եկամուտ են ունեցել։ Մենք ուզում ենք այնպես կիրառենք, որ 500 հազար, 600 հազար եկամուտ ունեցողը համավարկառուների հետ միասին կարողանա այս գործարքներն իրականացնել։ Հարուստը չի գնալու 55 միլիոնանոց տուն առնի, միջին խավն է առնելու»,- ասաց նա։

Մեկնաբանություններ (1)

Roman karamyan
ուզում ձեռք բերել բարեկարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter