HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Աշոտ Սուքիասյանը «օֆշորի գործով» բողոքարկում է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը

16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը դատարանում բողոքարկում է Առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի կայացրած դատավճիռը: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ նիստի ընթացքում Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը ներկայացրեց բողոքը: Փաստաբանը նշեց, որ մեղադրանքը հաստատված և պատճառաբանված չէ, իսկ ներկայացված ապացույցների մի մասը չի բխում գործի հանգամանքներից:

«Առաջին ատյանի դատարանն իմ պաշտպանի նկատմամբ սխալ դատավճիռ է կայացրել»,- նշեց պաշտպանը, ապա ներկայացրեց այն հոդվածները, ըստ որոնց՝ մեղադրանք է առաջադրվել Աշոտ Սուքիասյանի նկատմամբ:

Ըստ փաստաբան Խաչատրյանի՝ պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցների մեծ մասը դատարանում  չի հետազոտվել, իսկ միջնորդությունները մերժվել են: «Անօրինական կարգով իմ պաշտպանյալի գործողություններին տրվել է քրեաիրավական գնահատական: Աշոտ Սուքիասյանին մեղադրել են խարդախությամբ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով խոշոր չափով եկամուտներ օրինականացնելու և հարկեր–տուրքերից խուսափելու համար»,- հայտնեց փաստաբան Խաչատրյանը:

Փաստաբանը գտնում է, որ դատարանը և քրեակատարողական մարմնի աշխատակիցները հիմնվել են սուբյեկտիվ վերլուծությունների մեթոդաբանության վրա և անտեսել գործում առկա, իր պաշտպանյալի մեղավորությունը հերքող բազմաթիվ ապացույցներ.

«Ուստի ևս միակողմանի որոշում է կայացրել,- հավելեց փաստաբանը և շարունակելով խոսքը` պնդեց,- դատարանում կողմերի պաշտպանության զենքերը հավասար չէին, դատարանը հանդես էր գալիս մեղադրանքի կողմից: Մեկը երեքի հարաբերակցությամբ էր գործը քննվում»:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը, 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը:

Փաստաբանը նշեց նաև, որ Առաջին ատյանի դատարանը գործի քննության և ապացույցների հետազոտման փուլի ընթացքում հաշվի չի առել Սիերա Լեոնեում աշխատած անձանց ցուցմունքները, ըստ որի՝ իրենք աշխատել են Աշոտ Սուքիասյանի մոտ, և նաև հաշվի չի առել գործում առկա լուսանկարները, թե ինչպես են Աֆրիկայում աշխատանքներ իրականացվել:

Այսօրվա նիստի ընթացքում որպես Աշոտ Սուքիասյանի պաշտպան՝ գործում ներգրավվեց նաև փաստաբան Կարեն Հակոբյանը:

Դատավորի ծանրաբեռնվածության պատճառով նիստը և բողոքի հրապարակումը հետաձգվեցին, հաջորդ նիստը նշանակվեց 2018թ.-ի հունվարի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter