HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զաբել». դիվանագետի ասելիքը՝ գինու տեսքով

«Հիշեք, դիվանագիտությունը պրոտոկոլի ու ալկոհոլի արանքում է» (Remember that diplomacy happens between protocol and alcohol). այս խորհուրդը դիվանագետ Իրինա Ղափլանյանը լսել է Լոնդոնում սովորելու տարիներին իր դասախոսներից մեկից: Մասնագիտությամբ դիվանագետ, քաղաքագետ Իրինա Ղափլանյանն արդեն մի քանի տարի գինեգործությամբ է զբաղվում Հայաստանում: Ասում է՝ լավ պետք է իմանալ և՛ դիվանագիտության հիմքերը, և՛ սեղանի շուրջ անցուդարձը, որը ևս գիտություն է: Գինեգործությամբ զբաղվելը պատահական չէ: Արմատները տանում են 2005 թ., Լոնդոն:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սովորելուն զուգահեռ Իրինան աշխատում էր մի կազմակերպությունում, որ գործնական ճաշեր և ընթրիքներ էր կազմակերպում: Պատմում է, որ այդտեղ իրեն բախտ վիճակվեց շփվել հետաքրքիր շեֆ խոհարարների հետ ու փորձել այնպիսի գինիներ, որ զուտ ուսանող լինելու դեպքում չէր կարող: Գինեգործության հանդեպ Իրինայի հետաքրքրությունը ձևավորվել է այդ ժամանակ, ու սկսել է ավելի խորն ուսումնասիրել ոլորտը: Վաշինգտոնի գինու ակադեմիայում է սովորել, միջազգային մասնագետի վկայական է ստացել:

2011-ին վերադարձել է Հայաստան. այստեղ նա իր թեզի համար հետազոտում էր  հետխորհրդային Հայաստանի քաղաքական տարբեր ասպեկտներ: Ասում է, որ այդ ժամանակ հանդիպեց Վահե Քուշգերյանին: Վերջինս, բացի «Կարաս» գինիները թողարկող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության մենեջեր լինելուց, հիմնել է «Սեմինա Քընսալթինգ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է խաղողագործության և գինեգործության հարցերով:

«Հայաստանում շարունակեցի գիտահետազոտական աշխատանքս, այդ ժամանակ ամուսինս էլ եկավ Հայաստան: Վահեի հետ լավ ընկերներ դարձանք, և նա առաջարկեց աշխատել «Սեմինայում»: Երկու տարի աշխատեցի, մեծ փորձ ձեռք բերեցի: Վահեն միշտ ասում էր՝ բա չես ուզո՞ւմ քո երեխան ունենաս գինեգործության մեջ: Վահեի մոտ հիանալի գաղափար կա՝ «Սեմինան» հնարավորություն է տալիս փոքր նախաձեռնություններին մեկնարկային հարթակ ունենալ: Այնտեղ գործարան կա անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և դու՝ որպես սկսնակ գինեգործ, կամ գինեգործության մեջ փոքր նախագիծ ունեցող, կարող ես աշխատել: Քո կողմից ձեռք ես բերում խաղողը, իսկ գինեգործության ամբողջ գործընթացը մատուցում է «Սեմինան»: Այն առաջարկում է բերքահավաքից մինչև շշալցման և նույնիսկ արտահանման ծառայություններ, իսկ այդ կազմակերպության թիմը, անշուշտ, լավագույնն է Հայաստանում իր հմտություններով, փորձով և պրոֆեսիոնալիզմով: Այդ մասին, վստահ եմ, կարձագանքեն «Սեմինայի» բազում հաճախորդները»,- նշում է Իրինա Ղափլանյանը: Այդպես էլ ծնվել է «Զաբել» գինին:

Սրան զուգահեռ՝ Իրինան Հայաստանի ամերիկյան համալսարանում նաև գենդերային առարկաներ էր դասավանդում:

«Զապել Եսայանն ինձ համար հայոց պատմության մեջ կնոջ այն կերպարն է, որի մասին ուզում եմ խոսել ամեն քայլափոխի, մանավանդ, երիտասարդ կանանց հետ, որովհետև, իմ փորձից ելնելով, շատ կարևոր է երիտասարդների համար: Զապել Եսայանը արդի պատմության հզոր կերպարներից է, ում մասին միշտ խոսում էի դասախոսությունների ժամանակ: Սակայն դա փոքր պլատֆորմ էր, գուցե կոպիտ հնչի, բայց այս դեպքում լայն պլատֆորմը շուկան է»,- ասում է դիվանագետ-գինեգործը:

Ապրանքանիշը կրում է Զապել Եսայանի անունը, Իրինան ավելացնում է, որ բացի այդ հանգամանքից, հայոց պատմության մեջ ունենք նաև Կիլիկիայի Զապել թագուհու կերպարը:

Հիմա նա հետազոտում է Զապել Եսայանի կյանքի վերջին տարիների պատմությունը, նրա մահվան հանգամանքները ստալինյան բռնաճնշումների տարիներին: Ազգային արխիվում Իրինան ուսումնասիրել է գաղտնազերծված փաստաթղթերը:

«Փորձում եմ նրա կյանքի վերջին դրվագը բացահայտել, հուսով եմ առաջիկա 2-3 ամիսներին կպարզեմ այն և կկարողանամ անցնել գրելուն»,- նշում է Իրինա Ղափլանյանը: Հետազոտական աշխատանքը հրատարակվելու է: 

«Զաբել» գինին արտադրվում է 2015 թ.-ից (առաջին բերքահավաքը 2014-ին է եղել): Հումքը ձեռք են բերում Վայոց ձորից և Արցախից:

Իրինայի ասելով՝ «Զաբելի» փիլիսոփայության հիմքը հայկական տերուարը հասկանալն ու ներկայացնելն է: Ապա նշում է, որ տերուարը հավաքական հասկացություն է, որը ներառում է հողը, կլիմայական պայմանները, տեղանքն ու մարդկային գործոնը: Հայաստանի գինեգործությունը, ի տարբերություն Վրաստանի,  բարձրավանդակի վրա է, ինչը, ըստ դիվանագետ-գինեգործի, խմիչքին հաղորդում է ավելի արտահայտիչ բույրեր ու համեր:

Այս տարի նոր արտադրանք են թողարկել սպիտակ խաղողի ճիլար և գառան դմակ, ինչպես նաև կարմիր խաղողի պինո նուար սորտերից: Վերջինը ֆրանսիական դասական սորտ է, որը ներկայացնելու նպատակը, ըստ Իրինայի, ոչ թե դրա ճանաչելիությունն ապահովելն է, այլ` դրանով Հայաստանի տերուարը ներկայացնելը: Ֆրանսիական խաղողի բերքն ընդամենը մի քանի տակառ է եղել ու հնացվել է 4 տարի:  

Իրինան ասում է, որ պատմական սորտերը դյուրազգաց են, ու բերքի քանակը կարող էր շատ չլինել, այնինչ խորհրդային տարիներին կաևոր էր քանակը, և խաղողի հիբրիդացման նախագծեր էին իրականացնում, ինչպիսիք են, օրինակ, հաղթանակը, կանգունը: Հիբրիդային այս սորտերն արտադրվում էին ագրոինստիտուտի կողմից: Դրան զուգահեռ՝ կոլեկցիոն այգիներ կային, որոնք հետո լքվեցին: Միաժամանակ զրուցակիցս նշում է, որ Հայաստանում այսօր կարելի է գտնել պատմական հին տեսակի խաղողներ: «Զաբելի» նպատակներից մեկն այդ տեսակները վերականգնելն է, փորձել գտնել 1 կամ 2 տոննա, պատրաստել ու ներկայացնել սպառողին:

Վերջին 4-5 տարվա ընթացքում Հայաստանի գինեգործության ոլորտում, ըստ Իրինայի, նկատելի զարգացումներ կան, սակայն հայ սպառողը դեռ «աճելու» տեղ ունի: Օրինակ, շարունակում է, 2014-ի տվյալներով, Հայաստանում մեկ շնչի հաշվով տարեկան սպառվում է 1,2 լիտր գինի, Վրաստանում 8 լիտր է, Ֆրանսիայում կամ Իտալիայում՝ 40 լ:

«Այսինքն, և՛ արտադրելու, և՛ սպառելու համար ճանապարհ ունենք անցնելու: Կողմ եմ, որ զարգացնենք մեր ներքին շուկան՝ թե՛ որակը, թե՛ սպառումը մեծացնելու համար, որովհետև եթե մեր պատմությունը նայենք, գինեգործությունն այստեղ եղել է հազարավոր տարիներ առաջ»,- ասում է «Զաբելի» հիմնադիրը:

«Զաբելի» այցեքարտը գաղափարախոսությունն է՝ միկրովինիֆիկացիայի միջոցով վերականգնել պատմական մոռացված խաղողի սորտերը, ներկայացնել սպառողին հետաքրքիր համադրություններ ու հրապուրել հայ սպառողին ընտրել գինի՝ որպես ուտեստի հետ համադրելու լավագույն ոգելից խմիչք, և դրանով վերականգնել մեր դարավոր ավանդույթները»,- ավելացնում է Իրինա Ղափլանյանը:

Մեկնաբանություններ (3)

Սօս
Ինչպէս արդարացիօրէն նշել է պարոն Րաֆֆին, հնչիւնաբանութեան մասին չէ խօսքը, այլ՝ ճիշտ գրելաձեւի: Իսկ ճիշտը միասնական մաշտոցեան ուղղագրութիւնն է, որին վաղ թէ ուշ պէտք է վերադառնանք՝ հրաժարուելով բոլշեւիկների պարտադրած խեղագրութիւնից:
Րաֆֆի
Հնչունաբանութեան խնդիր չէ։ Եթէ գինեգործը այդքան կը յարգէ Տիկին Եսաեանը եւ իր թողած ժառանգը, գոնէ հաւատարիմ մնայ գրելաձեւին։ Հարցը անտիղի մի՛ բարդացուր
Գեւորգ (հայաստանցի)
1 - ին: Հարգելիս, կխնդրեի չվերսկսել անպտուղ վեճը արեւելահայերենի եւ արեւմտահայերենի հնչյունաբանության շուրջ: Խնդիրը գալիս է նրանից, որ որոշ տառեր ճիշտ հակառակն են հնչում՝ այստեղ եւ այնտեղ: Օրինակ՝ գ - կ, ռ - ր, բ - պ: Ինչու է այդպես, չգիտեմ հստակ, սակայն գիտեմ, որ նույնիսկ մոտիկ հարեւան գյուղերում փոքր ինչ տարբեր են խոսում: Արեւելահայերենում «Զաբել» - ը հնչում է ճիշտ այնպես (արեւելահայերիս համար!) ինչպես եւ արեւմտահայերենի «Զապել» - ը սփյուռքի մեր հայրենակիցների համար: Կարծեմ նե հօս մասնավոր մեծ խնդիր չկա, հարգելի Ռաֆֆի (այսինքն՝ Րաֆֆի): Իսկ տիկինը կեցցե!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter