HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» անդամները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները

«Թող մեզ մեղադրեն չափազանց հայրենասիրության մեջ: Մեղադրանքը կեղծ է, մենք էսպիսի գործ չենք արել: Երեսուն տարում ես չտեսա մի նշույլ այն մասին, որ այս երկրում ինչ-որ բան կարող է փոխվել: Մենք ոչ թե պետության դեմ ենք դուրս եկել, այլ պետություն ունենալու խնդիր ենք դրել»,-«Սասնա ծռերի» գործով Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նիստի ժամանակ հայտարարեց Արամ Հակոբյանը:

Այսօր մեղադրյալներ  Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանն իրենց դիրքորոշումն էին հայտնում մեղադրական եզրակացությունների վերաբերյալ:

Արամ Հակոբյանը, դիմելով դատավոր Արթուր Օհանյանին, ասաց. «Իշխանությունը և պետությունը մի՛ խառնեք իրար, որովհետև իշխանությունը զավթել է պետությունը»: Արամ Հակոբյանը նշեց, որ դատարանը և դատախազները չեն կարողանում ինքնուրույն քայլ անել. «Մարմինը կարող եք բանտարկել, բայց միտքն ու հոգին՝ երբեք»,- հավելեց Հակոբյանը:

Արամ Մանուկյանը ևս իր դիրքորոշումը հայտնեց և նշեց, որ առաջադրված մեղադրանքները կապ չունեն իր հետ, քանի որ իրեն պետք է դատեն ապստամբություն կատարելու համար: Արամ Մանուկյանի և Արամ Հակոբյանի նման մյուս մեղադրյալները ևս չընդունեցին իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները: Տիգրան Մանուկյանը գտավ, որ ինքը ճիշտ քայլ է կատարել և չի զղջում արածի համար. «Մենք ապստամբություն ենք սկսել պետական դավաճանների դեմ»,- հայտնեց ամբաստանյալը:

Վարդան Գերավետյանն էլ անդրադարձավ այն մեղադրանքին, ըստ որի՝  ՊՊԾ գնդի տարածքում բանկոմատից գումար է թալանել, և նշեց, որ այդ մեղադրանքը ծիծաղելի է. «Ում էլ ասեք, որ ես բանկոմատ եմ «կտրել», կծիծաղի… Էդ գումարն ի՞նչ էինք անելու, լոտո էինք խաղալո՞ւ:  Դա շինծու մեղադրանք է»,- այտնեց Գերավետյանը:

Այսօրվա նիստին Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը խնդրեց հստակեցնել իր պաշտպանյալների մեղադրանքը՝ նշելով, որ դրանք ընդհանրացված են և հստակ չի երևում, թե իր պաշտպանյալներն ինչի մեջ են մեղադրվում:

Դատախազ Արթուր Չախոյանը նոր էր սկսել կարծիքն արտահայտել պաշտպանի հայտարարության վերաբերյալ, երբ փաստաբան Լուսինե Սահակյանը, նրան ընդհատելով, նշեց, որ առարկում է դատավորի գործողությունների դեմ, քանի որ վերջինս մնացած պաշտպանյալների կարծիքը հաշվի չի առել:

Դատավոր Արթուր Օհանյանը նշեց, որ դատախազին պետք չէ ընդհատել, սակայն փաստաբանը շարունակեց պնդումը: Այս անգամ դատավորը բարձր տոնով հորդորեց լռել, որին ի պատասխան ՝ փաստաբանն ասաց. «Մի՛ գոռացեք ինձ վրա, Ձեր ձայնն իջեցրե՛ք: Ես իրավունք ունեմ առարկելու ձեր գործողությունների դեմ, դուք չեք կարող արգելել»:

Դատավոր Արթուր Օհանյանն էլ պատասխանեց. «Մի́ օգտվեք այն փաստից, որ կին եք ու ձեզ բան չենք ասում»: Փաստաբան Երվանդ Վարոսյանը նույնպես հայտարարությամբ հանդես եկավ և ասաց. «Կոլեկտիվ մեղադրանք եք առաջադրել: Կամ պարզաբանե՛ք, կամ ընդունե՛ք, որ չպարզաբանված մեղադրանքով առաջ եք գնում: Մարդը կարող է չհասկանա՝ իրեն ինչի մեջ են մեղադրել: Ցույց է տալիս, որ այս ամենը ձևական թատրոն է, դուք մեղադրանքը չեք պարզաբանում, մի հատ էլ փորձում եք գնալ առաջ՝ առարկությունը չլսելով»:

Դատարանի դահլիճում խառնաշփոթ սկսվեց. դատավորի և փաստաբանների փոխադարձ մեղադրական հայտարարություններ հնչեցին: Ապակիներից այն կողմ հայտնված քաղաքացիներն էլ սկսեցին կարգադիչների հետ վիճաբանել: Ստեղծված իրավիճակից ելնելով ՝ դատավորն ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի նախագահող դատավորը մեղադրող կողմից պահանջի  մեղադրական եզրակացությունն անհատական պարզաբանել և հստակեցնել՝ ում ինչի մեջ են մեղադրում: Դատախազ Ենոքյանն էլ ասաց, որ եթե մեղադրական եզրակացությունը պարզ չէ պաշտպանական կողմի համար, չի նշանակում, որ պարզաբանված չէ: Դատավորը մերժեց միջնորդությունը:

Այսօրվա նիստին որոշվեց նաև ապացույցների հետազոտման հաջորդականությունն ու կարգը: Նախագահող դատավորը նշեց, որ առաջինը կուսումնասիրվեն գրավոր ապացույցները, ապա վկաների և տուժողների ցուցմունքները, իրեղեն ապացույցները և ամբաստանյալների ցուցմունքները:

Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter