HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Խաչակապի համայնքապետ. «Ուրիշ գյուղերում սանատորիա են սարքում, իմ գյուղի դեմը աղբավայր դնե՞ն»

Գայանե Սարգսյան

Այսօր Լոռու մարզպետարանում բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց «Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հերթական հանրային քննարկումը, որի մասնակիցների թիվը չէր անցնում երկու տասնյակը:

Ըստ ծրագրի՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը KfW գերմանական զարգացման բանկի օժանդակությամբ Լոռու մարզում նախատեսում է ստեղծել նոր՝ սանիտարական աղբավայր: Աղբավայրի կառուցման համար նախնական ընտրված է Քարաձոր համայնքից դեպի արևմուտք ընկած լանջը, որը գտնվում է Ղուրսալի ու Նոր Խաչակապ գյուղերի վարչական տարածքներում:

Ծրագիրը մշակվել է 2012-2014 թվականներին ERM (Գերմանիա), Infrastruktur & Umwelt (Գերմանիա) ու "ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս" (Հայաստան) ընկերությունների ստեղծած կոնսորցիումի կողմից: Ծրագրի իրագործումը նախատեսվում է սկսել 2018 թվականից:

Ըստ ՀՀ Բնապահպանության նախարարության կայքում հրապարակված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի նախատեսվում է, որ կառուցվելիք սանիտարական աղբավայրը պետք է ծառայի ոչ միայն Լոռու մարզին, այլև Դիլիջանին:  Այն կառուցվելու է 25 տարի ծառայելու ու ավելի քան 1 մլն տոննա աղբ ընդունելու հեռանկարով: Աղբավայրն ունենալու է 109,000 մ² տարածք, ներառյալ պաշտպանիչ գոտին և օժանդակ տեղամասերը:

Չնայած նրան, որ աղբավայրի կառուցման մասին քննարկումներն ու խոսակցությունները շուրջ 4 տարի է՝ ընթացքի մեջ են, աղբավայրի հարակից համայնքների համայնքապետերն այսօր բարձրաձայնեցին իրենց դեմ լինելու մասին:

«Մի քանի տարի առաջ էր խոսվում, բայց մատների արանքով էինք նայում, չէինք սպասում, որ էս օրը կգա»,- անկեղծանում է Նոր Խաչակապի համայնքապետ Սուրեն Տռուզյանը, ով կտրականապես դեմ է աղբավայրն իր գյուղի տարածքում կառուցելուն:

Վերջինիս խոսքով՝ աղբավայրի կառուցմանն ամբողջ գյուղն է դեմ:

«Իմ ժողովուրդը բոլորը դեմ են, նույնիսկ ուզում են ճանապարհը փակեն, երկաթգիծը փակ են: Ասում են՝ քիչ ա մենք փախստական ենք, հիմա էլ սա՞»,- պատմում է Տռուզյանը:

Ինքը՝ գյուղապետը, ծրագրին դեմ լինելու համար երկու պատճառ է մատնանշում.

«Աղբավայր կառուցել գյուղի դեմը, որտեղից քամին ամեն օր փչելու է, միանշանակ հաճելի չի: Ուրիշ գյուղերում սանատորիա, կուրորտ են սարքում, իմ գյուղի դեմը աղբավայր դնե՞ն: Իմ երեխաները, իմ գյուղացիները պետք է էդ օդը շնչեն,- առաջին պատճառն է մատնանշում զրուցակիցս,- հետո էլ աղբավայրի համար նախատեսված հողերից երկրաշարժից հետո հատկացվել են բնակիչներին, բայց այսօր այդ մարդկանց տեղը ես չգիտեմ: Դա համայնքային հող չի, դա մարդկանց սեփականությունն է»:

Հանրային քննարկմանը ներկա համայնքների ներկայացուցիչները ծրագիրը ներկայացնողներին՝ «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ընկերության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարության ու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հղեցին հարցերը՝ կապված նոր աղբավայրի հնարավոր բացասական հետևանքների հետ:

Ի՞նչ են շահելու հարակից համայնքներն ու ի՞նչ կկորցնեն, արդյոք քամու միջոցով աղբն ու աղբի հոտը չի՞ տարածվի  համայնքներում՝ դրանք դարձնելով անհրապույր ոչ միայն այցելուների, այլև հենց բնակիչների համար, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու առկա բոլոր ռիսկերը նվազեցնելու համար:

«Այս փուլում մենք ձեր կողմից բարձրացված բոլոր մտահոգությունների պատասխանները չունենք և կարող ենք  հիմնավորել ու լիարժեք պատասխաններ տալ միայն հաջորդ փուլում»,- նշեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը:

Համայնքների ու համայնքապետերի հարցադրումներն ըստ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանի՝ պայմանավորված են գործող աղբավայրերի վիճակով:

«Իրենց գիտակցական կյանքի վերջին 50 տարին մարդիկ տեսել են միայն վատ աղբանոց, ու դրա համար լավատեսության հիմք չունեն»,- նկատեց նա:

Սրան հետևեց գյուղապետերից մեկի արձագանքը. «Ես իմ աչքով տեսածին հավատա՞մ, թե՝ թղթի վրա գրածին»:

Այս թեմայով հաջորդ հանրային քննարկումը Լոռիում կկայանա հաջորդ տարի:

Մեկնաբանություններ (1)

Էդուարդ
դեռ լավ է , որ Սպիտակցիների փոխարեն Ղուրսալիի / Նոր Խաչակապ/ գյուղապետն է բողոքում: Ներկայիս գործող աղբավայրից/ Արջուտ գյուղի մոտ/ , որը կրկնակի հեռու է Սպիտակից , փչող քամին գարնան, ամռան և աշնան ամիսներին Սպիտակի հարավային թաղամասերը, որտեղ բնակվում եմ նաև ես, հատկապես առավոտյան ողողում է գարշահոտությամբ: Կարելի է պատկերացնել , թե ինչ գարշահոտություն կտարածվի ողջ Սպիտակում , նրան կրկնակի մոտ - շուրջ 3 կիլոմետր հեռավորության վրա հսկայական աղբավայր շահագործելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter