Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Նոր սերնդի ՀԴՄ-ների դեֆիցիտ․ «սեւ» շուկայում գինը 250 հազար դրամ է



Ամառվանից այս կողմ տնտեսվարողները չեն կարողանում ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, հետեւաբար՝ կազմակերպել իրենց բիզնես-գործունեությունը։ Որոշ տնտեսվարողներ նոր սերնդի ՀԴՄ ստանալու համար դիմել են 5-6 ամիս առաջ։ Բազմաթիվ նման դիմումներ է ստացվել ՊԵԿ-ում։

Գործարարներին նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ մատակարարելու գործառույթները կառավարությունը հանձնել է հատուկ այդ նպատակով ստեղծված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին։

Սակայն առանձին կազմակերպության ստեղծումը ոչ միայն չի նպաստել դաշտի կարգավորմանը, այլև հակառակը, նոր խնդիրներ են ի հայտ եկել։ Նախ՝ նոր սերնդի ՀԴՄ չկա, երկրորդ՝ առաջացել են ինչ-որ ծրագրային խնդիրներ այն համակարգերում, որոնցով աշխատում են այդ սարքավորումները։

Տարեկան 58,35 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունները պարտավոր են գործունեությունն իրականացնել նոր սերնդի ՀԴՄ-ներով։  

«Ավանես» ՍՊԸ ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ գործընկեր կազմակերպությունների հետ վաղուց փորձում են խնդրի լուծման կայուն ձեւ մտածել, սակայն քանի որ ՊՈԱԿ-ը չի կարողանում նոր սերնդի ՀԴՄ-ներով ապահովել, ապա իրենք ստիպված են եղել այսպես ասած «սեւ շուկայից» ձեռք բերել։ Իսկ այնտեղ նոր սերնդի ՀԴՄ-ների գներն օրեցօր աճում են եւ հասել են որոշ դեպքերում 250 հազար դրամի։ Միջին գինը 180-200 հազար է։ Իսկ առկայության դեպքում, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը դրանք տրամադրում է 60 հազար դրամով։

Դա համոզվելու համար բավարար է միայն List.am-ն ուսումնասիրել։ Այստեղ թե՛ վաճառողներն են շատ, որոնք հիմնականում տնտեսությունը լուծարած նախկին ձեռներեցներ են, թե՛ գնորդները։ Այսինքն՝ կայքում նաեւ գնել կամեցողների հայտարարություններ են։ Նրանցից մեկը՝ Գարրի անունով, մեզ հետ զրույցում ասաց, որ փորձում է գոնե մի քիչ էժան ՀԴՄ ճարել, քանի որ գներն արդեն չափազանց բարձր են։ «Ես նոր ընկերություն եմ գրանցել, բայց գործունեությունս չեմ սկսում, մինչեւ նոր սերնդի ՀԴՄ գտնեմ։ Կա շուկայում, հայտարարությունների կայքերում դրանք քիչ չեն, բայց ձեռնտու չէ 200 հազար դրամ  վճարես մի սարքի համար։ Դիմել եմ ՊՈԱԿ-ին ասում են՝ դեռ սպասեք։ Դե սպասում ենք»,-պատմեց Գարրին։

Իրավիճակը ձեռնտու է նաեւ այն ընկերություններին կամ մասնավոր անձանց, որոնք նոր սերնդի ՀԴՄ-ներ են տալիս վարձակալությամբ։ Դրանցից մեկը «Կապրալ» գործարարների խումբն է, որի հիմնադիրները 3 ձեռներեցներ են։ Դեռեւս չգրանցված կազմակերպությունը մտադիր է ներկրմամբ զբաղվել, իսկ մինչ այդ, հոկտեմբերից այս կողմ նոր սերնդի ՀԴՄ-ներ են տալիս վարձակալության։ «Էնպես չի, որ իրավիճակից օգտվում ու բարձր գումարներ ենք աշխատում, բայց դե եթե բիզնեսով զբաղվող մարդկանց պետք է, մենք էլ մի քանի հատ ունենք, ինչու՞ վարձակալության չտանք։ Էս խնդիրը ժամանակավոր է, մեր եկամուտն էլ է ժամանակավոր»,- ասաց խմբի ներկայացուցիչներից մեկը՝ հայտնելով, որ ՀԴՄ-ի համար սահմանել են «խորհրդանշական» 15 հազար դրամ ամսավճար։

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի պարզաբանման ընդհանուր բովանդակությունը հետեւյալն է հասկանում են խնդիրը, ՀԴՄ-ների գնման գործընթաց է իրականացվում, որոշակի ծրագրային խնդիրներ էլ կան, լուծվում են։

Կառավարությունն իր վերջին նիստերից մեկում քննարկել էր հարցը, ընդունել, որ մեր երկրում մոտավորապես 25 հազար նոր սերնդի ՀԴՄ-ի պակաս կա։ Այս նպատակով գործադիրը լրացուցիչ գումարներ է հատկացրել։

Ուշագրավ է, որ նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների դեֆիցիտ կար նաեւ 2016 թվականի աշնանը։ Խնդիրը կրկին ՀԴՄ-ների առաքումն էր։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ