HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը հաստատեց «Ընտանիքում բռնության կանխարգելման» և հարակից օրենքների փաթեթը

Խորհրդարանն արտահերթ նիստով քվեարկության ներկայացրեց երեկ՝ դեկտեմբերի 12-ին, քննարկված հարցերը։ «Բյուջետային համակարգի և պետական պարտքի մասին» օրենքների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին որոշման քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ դեմ են քվեարկելու։

«Նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ արտաքին պարտք ներգրավել, երեկ այստեղ տասն անգամ հնչած հարցին, թե ինչպե՞ս են ծախսվել պարտքերը, կառավարության ներկայացուցիչը ինչի մասին ասես խոսեց, մնում էր արդեն օպերայի խաղացանկը հրապարակեր, մինչդեռ հրաժարվեց պատասխանել այդ հարցին»,- ասաց նա։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 61 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ։

«Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծի առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

«Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկում, թեև մենք դեմ ենք արտաբյուջետային հաշիվներին, և այս լուծումը կիսատ-պռատ լուծում է, սակայն կողմ ենք քվեարկում՝ որպես միջանկյալ լուծում»,- ասաց նա։

«Ծառուկյան» դաշինք խմբակցության անունից խոսեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ հայտարարելով, որ իրենք դեմ են քվեարկելու։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 70 կողմ, 28 դեմ ձայներով։

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթի` առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ասելով, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին։ ՀՀԿ խմբակցության անունից խոսեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել, քանի որ փոփոխությունները վերաբերում են «տնտեսվարողների վիճակի բարելավմանը և հարկային ռեժիմների մեղմացմանը»։ «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ դեմ են քվեարկում, քանի որ «դա այն Հարկային օրենսգիրքն է, որի ուժի մեջ մտնելուց հետո երկրում լուրջ թանկացումներ են սպասվում»։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 61 կողմ, 35 դեմ ձայներով։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին», և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ 

Այն ընդունվեց 75 կողմ, 12 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Խորհրդարանն արտահերթ նիստի աշխատանքները կշարունակի վաղը՝ դեկտեմբերի 14-ին՝ քննարկելու առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը։

Մեկնաբանություններ (2)

Րաֆֆի
Լավ, պարզ չէր․․․․այսինքն ընթացքում փոփոխության ենթարկվեց․․․
Սեդա Ղուկասյան
Հարգելի Րաֆֆի, մի քանի օր առաջ օրենքն առաջին առաջին ընթերցմամբ էր ընդունվել, իսկ դեկտեմբերի 13-ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter