HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցում ցուրտ է. տնօրենն առաջարկում է բարձիկներով գալ դասի

Նորայր Շողիկյան

Երևանի թիվ 160 դպրոցում դասարանները լավ չեն ջեռուցվում, աշակերտները դասի նստում են վերարկուներով: Այս մասին մեզ հայտնեց աշակերտներից մեկի ծնողը, որը չցանկացավ, որ հոդվածում հրապարակվի իր անունը՝ մտավախություն հայտնելով, թե իր երեխայի նկատմամբ դպրոցում հնարավոր է բացասաբար տրամադրվեն:

«Երեխաս բողոքում է, որ դպրոցում ցուրտ է, ստիպված են լինում վերարկուներով դասի նստել»,- ասաց նա:

Դպրոցի տնօրեն Անահիտ Գալստյանը մեզ ուղեկցեց այն դասասենյակ, որտեղ ինքն այդ ժամին դասավանդում էր: Տնօրենի հետ դասասենյակ մտնելով` տեսանք, որ աշակերտների մեծամասնությունը վերարկուներով է նստած: Սակայն, երբ տնօրենը հարցրեց` երեխաներ, դասասենյակում ցո ՞ւրտ է, մրսու՞մ եք, երեխաները միահամուռ պատասխանեցին՝ ոչ:

160 դպրոցի մյուս դասասենյակներում շրջեցինք առանց տնօրենի, այստեղ ևս երեխաները վերարկուներով էին և անկեղծ խոստովանեցին, որ մրսում են:

«Կուրտկաներով ենք դասի նստում: Փչովի պլիտա ենք միացնում, հետո անջատում: Առավոտվա ժամերին՝ առաջին երեք ժամը, ցուրտ է լինում»,- պատմեցին աշակերտները:

Մեզ հետ առանձնազրույցում տնօրենը նույնպես խոստովանեց, որ դպրոցում կան դասասենյակներ, որոնք կենտրոնացված ջեռուցումամբ չեն տաքանում, ուստի ստիպված են լինում լրացուցիչ էլեկտրական տաքացուցիչներ միացնել:

«Ունենք հյուսիսային սենյակներ, որտեղ համեմատաբար ավելի ցուրտ է, որովհետև դպրոցի պատերը ստանդարտից բարակ են: Պատի նվազագույն հաստությունը պետք է լինի 32 սմ, մեզ մոտ 27 սմ է: Այդ 12 սենյակներում կրկնակի ջեռուցում կա, պլիտա ենք միացնում»,- ասաց Գալստյանը:

Ցուրտը հաղթահարելու համար տնօրենը ծնողներին ևս կոչ արեց իրենց կողմից էլ որոշակի պայմաններ ապահովել՝ «տաք հագցնել երեխաներին», «աթոռների վրա գցելու շորեր բերել»:

«Այն, ինչ դուք պետք է անեք, արեք, մնացածն էլ մեզնից պահանջեք»,- ծնողներին ուղղված այս խոսքով մեր զրույցը եզրափակեց Անահիտ Գալստյանը:

Էրեբունի վարչական շրջանի թիվ 160 դպրոցը, որտեղ ձմռանը ստիպված են էլեկտրական տաքացուցիչներ միացնել, պաշտոնապես համարվում է կենտրոնական ջեռուցմամբ ապահովված:

ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով` Հայաստանի 1430 դպրոցներից միայն 945-ն ունի կենտրոնացված ջեռուցում, որոնցից 257-ը` Երևանում։ Մարզերում չջեռուցվող դպրոցների ընդհանուր թիվն 8-ն է։

Պաշտոնապես սահմանված չափանիշներով՝ դասապրոցեսի ընթացքում դպրոցում պետք է ապահովվի 20-22 աստիճան տաքություն: Այդ պայմանների ապահովման համար պատասխանատու է դպրոցի ղեկավարությունը, իսկ դպրոցը տաքացնելու համար ծախսված գումարը փոխանցվում է պետական բյուջեից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter