HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ փրկարարական գույքը համալրվել է «գերժամանակակից և եզակի տեխնիկայով»

Դեկտեմբերի 13-ին փոխնախարար Էնրիկո Ապրիամովը ներկա է եղել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:

Այս խմբաքանակը ներառում է «Струна-2» համալիր, 10 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա, ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույք համապատասխան լսարանների համար, կենտրոնի՝ նոր կառուցվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի համապատասխան սարքավորումներ, 2 միավոր դաշտային խոհանոցի ծավալման գույք, ջրափրկարարական հանդերձանք և այլ փրկարարական սարքավորումներ և տեխնիկա:

«Струна-2» համալիրը գերժամանակակից համակարգ է, որը հնարավորություն է տալիս ստուգել շենք-շինությունների ամրությունը և նախապես գնահատել երկրաշարժերի ռիսկերը: Հայաստանը դարձել է տարածաշրջանային այն եզակի երկրներից, որն ունի այս համակարգից: Դրա միջոցով, նախևառաջ, հնարավոր է  գնահատել նոր կառուցվելիք շինության տեղակայման վայրի սեյսմիկ ռիսկերը, հողի ամրությունը, կատարել տեղանքի սեյսմիկ վիճակի հետազոտություն, ինչպես նաև պարզել արդեն կառուցված շենք-շինությունների վթարայնության աստիճանը: Այս շարժական համալիրի միջոցով իրականացվում են նաև հետցնցումային հետազոտություններ, որոնողափրկարարական աշխատանքներ, քանի որ այն հագեցած է ջերմադիտակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև՝ դժվար հասանելի վայրերում նմանատիպ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով:

«Կամազ» մակնիշի մեքենաներն ունեն 4 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով և նախատեսված են տարբեր իրավիճակներում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար: Ինչ վերաբերում է ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույքին, ապա դրանցով զինվել են հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 2 լսարաններ: Դրանք նախատեսված են փրկարարների և սակրավորների ուսուցման և վերապատրաստման համար: Գույքը ներառում է համակարգիչներ, ականազերծման, բուժպատրաստության և հրշեջ-փրկարակական գերժամանակաից և արդիական սարքավորումներ:

Նախարարությունը տեղեկացնում է, որ ինչպես այս խմբաքանակի, այնպես էլ նախկինում ստացված փրկարարական գույքի անհրաժեշտ քանակը կհանձնվի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter