HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ֆերմերի ապահովագրական պոլիսը կսուբսիդավորվի, բայց վնասը կփոխհատուցվի մասամբ

Կառավարությունն ավարտին է հասցրել գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագրի վերաբերյալ քննարկումները, պրակտիկ աշխատանքները շուտով կմեկնարկեն: Դեռ որոշ հարցեր հստակեցվում են, սակայն արդեն պարզ են ընդհանուր մոտեցումները:

Ֆերմերի կողմից տնտեսությունը ռիսկերից ապահովագրելու գումարի չափը կախված կլինի վերջին մի քանի տարիներին նրա ունեցած բերքի ծավալներից: Ապահովագրական վկայագրի (պոլիս) համար սահմանված վճարը, որով ֆերմերներն ապահովագրելու են իրենց տնտեսությունը, մասամբ սուբսիդավորվելու է կառավարության կողմից: Թե քանի տոկոսով՝ դեռ հայտնի չէ: Դա կախված կլինի նրանից, թե մեկ տարվա համար գնվող ապահովագրական վկայագրերի ընդհանուր արժեքը որքան կլինի: Մի բան է հստակ. այդ գումարը քիչ չի լինի գյուղատնտեսական աղետների դեպքում դիզվառելիքի, սերմացուի եւ այլնի տեսքով գյուղացիներին հատկացվող աջակցության գումարից: Այսինքն կառավարությունը նմանատիպ սուբսիդիաների տարեկան գումարներն այլեւս կուղղի ապահովագրական պոլիսի համավճարին:

Ապահովագրական ընկերությունների կողմից վնասը կհատուցվի ոչ բոլոր դեպքերում: Առայժմ քննարկման փուլում է, թե օրինակ կարկուտի կամ ցրտահարության դեպքում որն է վնասի այն նվազագույն շեմը, որը գերազանցելու դեպքում ֆերմերին փոխհատուցում կտրվի: Դա կարող է լինել 8, 10 կամ 20 տոկոս: Այսինքն եթե կարկուտից ֆերմերը վնաս է կրել բերքի 5 տոկոսի չափով, ապա դա կարող է չփոխհատուցվել:

Հաշվարկված վնասը հնարավոր է փոխհատուցվի ոչ թե ամբողջությամբ, այլ՝ էլի մասամբ: Սա էլ կարվի նրա համար, որպեսզի ֆերմերի համար մեկ չլինի իր կրած վնասի չափը, ինչպես օրինակ վարորդների դեպքում է, երբ վթարն այլեւս հոգս չէ՝ մեկ է, ապահովագրական ընկերությունն ամբողջությամբ փոխհատուցում է:

Փորձ է արվում ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղատնտեսը ոչ թե զուտ ապահովագրի բերքը եւ ձեռքերը ծալած նստի, այլ միջոցներ ձեռնարկի նաեւ այգիների ֆիզիկական պաշտպանության ուղղությամբ: Դեռ պարզ չէ, թե որ մարզում կիրականացվի պիլոտային ծրագիրը, չի բացառվում, որ՝ 10 մարզերում միաժամանակ:

Գյուղատնտեսության ապահովագրության՝ Հայաստանում ներդրվող մոդելի վերաբերյալ «Հետք»-ի հարցերին պատասխանում է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

- Դեկտեմբերի 18-ին ակնկալում ենք ֆինանսական համաձայնագրի ստորագրումը ՀՀ կառավարության, Ֆինանսների նախարարության եւ գերմանական KFW բանկի հետ, կմասնակցի նաեւ պիլոտային ծրագրի նախապատրատսական աշխատանքների ընթացքում խորհրդատվություն տրամադրող գերմանական կազմակերպությունը: Համաձայնագրի ստորագրումը մեզ հնարավորություն կտա տեղաբաշխել եւս 5 միլիոն եվրո սուբսիդավորման գումար: Պիլոտային ծրագրի նախապատրաստման համար մեզ անհրաժեշտ կլինի 10-12 ամիս: Ակնկալում ենք, որ արդեն 2019-ի սկզբին պիլոտը կփորձարկվի: Կընտրվեն սահմանափակ թվով ռիսկեր եւ մշակաբույսեր, որոնց հիման վրա պիլոտը կիրականացնենք: Դրանից հետո, 3 տարվա ընթացքում, բոլոր հիմնական ռիսկերը եւ բոլոր հիմնական մշակաբույսերը մենք կներառենք այս ծրագրում:

- Ո՞ր ռիսկերն են քննարկվում:

- Առաջին փուլում՝ չորս ռիսկեր. կարկտահարությունը, ցրտահարությունը, երաշտը եւ ուժեղ քամիները: Բայց միգուցե ընթացքում վերանայվեն եւ ընդգրկվեն նաեւ նոր ռիսկեր: Մշակաբույսերի հետ կապված կարող եմ նշել, որ մեր երկրի համար առաջնահերթություն համարվողներն անպայման կընդգրկվեն ծրագրում:

Կձեւավորվի ապահովագրական բյուրո, որը կունենա գնահատող մասնագետներ, որոնք տեղեկատվությունը կհավաքեն մարզերում, կփոխանցեն բյուրո, բյուրոն՝ ապահովագրական կազմակերպություններին, վերջիններս էլ կիրականացնեն փոխհատուցում, ներառյալ պետական սուբսիդավորման գումարները:

- Ապահովագրական պոլիսի արժեքը կախված կլինի՞ աշխարհագրական դիրքից կամ ռիսկային գոտուց:

- Եթե ռիսկերն ավելանում են, բնականաբար պոլիսը թանկանում է: Եթե ինչ-որ տեղ անընդհատ ինչ-որ աղետ է տեղի ունենում, բիզնես տեսանկյունից նաեւ, ձեռնտու չի լինի ապահովագրությամբ սահմանափակվել: Ֆերմերը պետք է կիրառի պաշտպանության այլ միջոցներ: Կառավարությունը նույնպես խրախուսելու է սա` փորձելով ստեղծել մատչելի պայմաններ:

- Հետագայում ապահովագրությունը ֆերմերների համար լինելու է պարտադի՞ր:

- Իմ կարծիքով, առաջին փուլում պարտադիր չպետք է լինի: Երեք տարբերակ կա՝ պարտադիր դարձնել բոլորի համար, կամ նրանց համար, ովքեր օգտվում են պետական օժանդակության միջոցներից, կամ որեւէ պարտադիր բան չլինի: Հարցը պետք է քննարկել բոլոր շահառուների հետ: Մենք պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնենք եւ ֆերմերներին, հաշվարկների հիման վրա, ցույց տանք ապահովագրության արդյունավետությունը: Ցանկացած պարագայում պետությունը մեծ բեռ է վերցնում իր վրա:

Բայց խնդիրը միայն ապահովագրական համակարգի ներդրումը չէ: Կարեւոր է նաեւ ֆիզիկական պաշտպանության խնդիրը լուծել, օրինակ՝ հակակարկտային կայանների, ցանցերի եւ այլ միջոցառումների շնորհիվ հասնել ռիսկերի նվազեցման: Այս երկուսը զուգահեռ իրականացնելու դեպքում է միայն հնարավոր գյուղատնտեսությունը հետաքրքիր եւ գրավիչ դարձնել եւ´ ֆերմերների, եւ´ ներդրողների համար:

- Հաշվի առնելով գյուղատնտեսության ռիսկայնությունը` ենթադրում եմ, որ ապահովագրական ընկերություններից կարող էին լինել նաեւ դժգոհություններ:

- Ապահովագրական ընկերությունների հետ աշխատանք է տարել Կենտրոնական բանկը, եւ մեզ վստահեցնում են, որ ծրագրին միանալու պատրաստակամություն կհայտնեն շատ ապահովագիրներ:

Ես կարծում եմ, որ ցանկացած ֆինանսական կազմակերպության սա պետք է հետաքրքրի, քանի որ հավելյալ շահույթ ապահովելու միջոց է: Բայց դա չպետք է պարտադիր լինի: Թող կազմակերպություններն իրենք որոշեն:

Մեզ համար կարեւոր է, որպես ծրագրի արդյունք, որպեսզի ռիսկերի նվազեցնելուն զուգահեռ չխթանենք ֆերմերների կողմից պաշտպանության միջոցների անտեսումը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ֆերմերը հնարավորինս պաշտպանի իր բերքը` չմոռանալով այլ միջոցառումների մասին: Այս կամ այն բնածին աղետի հետեւանքով ստացված կորուստը հարյուր տոկոսանոց փոխհատուցում չի ունենալու, որպեսզի մարդիկ չանտեսեն ֆիզիկական պաշտպանության միջոցների կիրառումը:

- Բացի ռիսկերի պաշտպանությունը, Հայաստանի կառավարությունն է՞լ ինչով է կարեւորում ապահովագրության ներդնումը:

- Բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ, ցանկություն հայտնելով Հայաստանում ֆերմերային խոշոր տնտեսություն հիմնելու, առաջին հերթին հետաքրքրվում են՝ իսկ մենք ունե՞նք ապահովագրական համակարգ: Այսինքն սա կարեւոր է նաեւ նոր ռեսուրսներ ներգրավելու եւ գյուղատնտեսությունը զարգացնելու առումով:

- Համակարգը խնդրահարույց կողմեր ունի՞: Բոլոր ֆերմերները՝ անկախ տնտեսության մասշտաբներից, կկարողանա՞ն օգտվել ապահովագրական իրավունքից:

- Մենք ներդնելու ենք էնպիսի համակարգ, որը բոլորի համար հավասար պայմաններով բաց է լինելու: Համակարգը պետք է ծառայի բոլորին: Եվ մենք գտնում ենք, որ հենց խոշոր եւ միջին տնտեսություններն առավել վտանգված են, քանի որ խոշորները, թեկուզ կարկտապաշտպան ցանցեր, կիրառում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter