HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերից 8 անօթեւան ընտանիք ստացան բնակարանի գնման դրամական աջակցություն

Շիրակի մարզի գյուղական 7 բնակավայրի 8 անօթեւան ընտանիքների հետ մարզպետ Աթուր Խաչատրյանը դեկտեմբերի 12-ին կնքեց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրեր:

Գումարի հատկացման վերաբերյալ որոշում կայացրել էր կառավարությունը՝ հաշվի առնելով մարզպետարանի կատարած խնայողությունները: Ընդհանուր առմամբ տրամադրվելու է 32 մլն 324 հազար դրամ՝ 4 հատ 2 սենյականոց, 3 հատ 3 սենյականոց եւ 1 հատ 4 սենյականոց բնակարան ձեռք բերելու համար: Բնակարանի գնման համար տրամադրվող գումարը 2 սենյականոցի համար 3 մլն 628 հազար դրամ, 3 սենյականոցի համար 4 մլն 288 հազար դրամ եւ 4 սենյականոց բնակարանի համար 4 մլն 948 հազար դրամ:

Մարմաշեն խոշորացված համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ Սոս Ավագյանը երկրաշարժին բնակարան էր կորցրել Գյումրիում: Աղետից հետո ընտանիքով հաստատվել էին Վահրամաբերդ գյուղում եւ գրանցման պատճառով զրկվել Գյումրու անօթեւանների հերթացուցակում հայտնվելու հնարավորությունից: Կորցրած բնակարանի փոխհատուցման հույսը ծագել էր միայն այն ժամանակ, երբ հայտարարվել էր, որ գյուղական բնակավայրերում ապրող անօթեւան ընտանքիների համար տներ են կառուցվելու: Ծրագիրը պետք է իրականացներ «Գլենդել հիլզ» շինկազմակերպությունը:

«Մենք հողամաս գնեցինք տվեցինք «Գլենդել հիլզ»-ին, որ պիտի մեր համար բնակարան կառուցեր, բայց քանի որ կազմակերպությունը լուծարվեց, էդ հարցն էլ մնաց օդից կախված: Ես 6 տարի է կսպասեմ էս փոխհատուցմանը, շատ եմ գնացել եկել մարզպետարան ու արդեն հույս էլ չունեի, թե մե բանմ կեղնի: Հիմի ես 11 հազար դոլարով տուն եմ գտել Մուշ թաղամասում, երբ պայմանագիրը կնքեցինք, գումարը կփոխանցեն, մենք էլ տան տեր կդառնանք Գյումրիում, մանավանդ որ աղջիկս ստեղ ուսանող է՝ կարիքը կար»,- նշեց Սոս Ավագյանը:

Մարզի գյուղական բնակավայրերում ապրող 170 անօթեւան ընտանիքից 34-ը պայմանագիր էր կնքել «Գլենդել հիլզ» կազմակերպության հետ, որպեսզի իրենց պատկանող հողամասերում բնակարան կառուցեն: Քանի որ «Գլենդել հիլզ»-ի գործունեությունն ավարտեց սնանկության գործընթացով, որոշում էր կայացվել այդ ընտանիքներից պայմանագրով վերցված հողատարածքները վերադարձնել: Սոս Ավագյանի փոխանցմամբ՝ իրենց հատկացված գումարով (4 մլն 948 հազար դրամ) չէին կարող տուն կառուցել, այդ պատճառով էլ գերադասեցին բնակարան փնտրել Գյումրիում:

Մարզպետ Արթուր Խաչատրյանը, շնորհավորելով աջակցություն ստացած ընտանիքներին, նշեց, որ դեռեւս 162 ընտանիք սպասում է դրամական փոխհատուցման. «Առիթն օգտագործելով ուզում եմ ասել, որ այն լուրերը, թե պետությունը ձեռքերը լվանում է, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Հնարավոր ֆինանսական միջոցների շրջանակներում շարունակելու ենք իրականացնել պետության ստանձնած պարտավորությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter