Երկուշաբթի, 23 ապրիլի

Վարչապետը հանձնարարեց հակակոռուպցիոն նոր, հավակնոտ ծրագիր մշակել



Կառավարության հերթական՝ դեկտեմբերի 14-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներով սկսեց։ Առաջինը վերաբերում էր 2018 թվականի ընթացքում Հայաստանում սպասվող երեք գլխավոր իրադարձություններին՝ Մայիսյան հաղթանակների հարյուրամյակ, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներ և Ֆրանկոֆոնիայի՝ Երևանում կայանալիք գագաթաժողով։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս կապակցությամբ ակնկալվում են նաև զբոսաշրջային այցեր, հանձնարարում եմ Տարածքային կառավարման և զարգացման, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին, ինչպես նաև առաջարկում եմ Երևանի ու Գյումրու քաղաքապետներին երկամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Երևանի, Գյումրիի, Վանաձորի և այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարեկարգմանը։ Առանձնակի կարևորել Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան տանող և Շիրակ օդանավակայանից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները և արդյունքները ներկայացնել Կառավարության աշխատակազմ»,- ասաց Կարապետյանը։

Վարչապետի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքներին և նոր ռազմավարություն մշակելուն։ Կարապետյանը հիշեցրեց, որ 2015 թվականին է մշակվել հակակոռոպցիոն ռազմավարությունը:

«Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է նոր միջոցներ ձեռնարկել նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ»,- ասաց Կարապետյանը՝ հանձնարարելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ավարտին հասցնել գործող ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման միջոցառումների կատարման աշխատանքները։

«Երկրորդ՝ երեսնօրյա ժամկետում, ըստ ոլորտի, մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնել Արդարադատության նախարարությանը։ Աշխատակազմի ղեկավարին՝ տասնհինգօրյա ժամկետում ավարտին հասցնել գործող չորս ոլորտային հակակոռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի աշխատանքները, սահմանված ժամկետներում ամփոփել իրականացված միջոցառումները և դրանց արդյունքները, այնուհետև ամփոփ տեղեկատվություն ներկայացնել»,- ասաց նա։

Վարչապետը հանձնարարեց փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավել քաղհասարակության ներկայացուցիչներին, գործարարներին և այլ շահագրգիռ կողմերի։

Վարչապետի երրորդ հանձնարարականը վերաբերում էր համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի պարզեցմանը։

«Համայնքներում տնտեսական ակտիվության հետ զուգահեռ հաճախակի է դարձել գործարարների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները: Նշված դիմումների քննության ընթացքում տեղական ինքնակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, հստակ չեն համապատասխան դիմումների մերժման հիմքերը, ինչպես նաև, չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ` դրանք ոչ միշտ են պահպանվում»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայանցել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ