HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհի հետևանքով ամեն ինչ կորցրած Թամազյանները մեկ տարի է` սպասում են պատկան մարմինների աջակցությանը

Գայանե Սարգսյան

2016թ.-ի դեկտեմբերի 5-ին Վանաձորի Ուկրշին տնակային ավանում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել էր Թամազյաններին պատկանող տնակը: Եւս 4 ընտանիքի տնակներ վնասվել էին մասնակի: Թամազյանների 4 հոգանոց ընտանիքը 7 օրական փոքրիկի հետ հայտնվել էր դրսում: Հրդեհի պահին տանը գտնված փոքրիկի մայրը՝ Լուսինեն, կարողացել էր դուրս հանել միայն երեխայի օրորոցը:

Հրդեհից հետո ընտանիքը ժամանակավորապես ապաստանել է մի քանի մետր այն կողմ բնակվող մոր՝ Սուսաննա Թամազյանի տնակում: 32 քմ տարածքով տնակում 6 հոգանոց ընտանիքն ինչ-որ կերպ տեղավորելու համար Սուսաննան կրտսեր որդու հետ տեղափոխվել էր հյուրասենյակ՝ ննջարանը զիջելով երիտասարդ ամուսիններին:

Հրդեհից անցել է մեկ տարի, սակայն ընտանիքը մինչ օրս հիմնական բնակության վայր չունի:

«Երեխեքս քոչվորի պես տեղից տեղ են գնում: Մի քանի ամիս գնացին Սանահին՝ հորս տուն, մի քանի ամիս հարսիս հոր տանը մնացին, մի քանի ամիս իմ տնակում են մնում»,- վրդովվում է Սուսաննա Թամազյանը՝ դժգոհելով, որ իշխանությունները մինչ այժմ չեն հոգացել որդու ընտանիքի խնդիրը:

Սուսաննա Թամազյանը

Դեռ նախորդ տարի Վանաձորի քաղաքապետարանը հրդեհից տուժած ընտանիքներին աջակցելու նպատակով դրամահավաք էր կազմակերպել: Հավաքված գումարը, սակայն, մինչ այժմ չի բաշխվել տուժածներին:

«1 մլն 750 հազար դրամ հավաքվել ա: Ասում են՝ ձեր անունից գումար կա հավաքված, բայց պիտի հավասար բաժանենք հինգ հոգու մեջ,- պատմում է ընտանիքի մայրը՝ հավելելով, որ այս մոտեցման հետ համաձայն չէ,- ես այդ հավասարին համաձայն չեմ: Իրենք իրենց վեշն ունեն, իրենց տնակները մասնակի է վնասվել, իսկ իմ երեխեքը մի ափսե չունեն նույնիսկ: Կրակը հասել ա հարևանիս պատին ու հրշեջները հանգցրել են կրակը: Բայց իմ գույքն ամբողջությամբ ա վառվել»:

Սուսաննան թվում է գույքի ցանկը, որն ընտանիքը կորցրել է. հեռուստացույց՝ տակդիրով, համակարգիչ, սառնարան, կահույք, մուտքի դուռ, որդու կնոջ օժիտը... Կորցրած խոշոր գույքի գումարը ընտանիքը հաշվարկել է մոտ 3.5 մլն դրամ:

Ընտանիքը հույս չունի, որ կորցրած գույքի դիմաց որևէ փոխհատուցում կստանա: Կինը, ում պատճառով հրդեհը բռնկվել էր, ճանաչվել է անմեղսունակ ու գտնվում է հոգենյարդաբանական դիսպանսերում:

«Իմ ձեռքը ինվալիտ ա, ես, երկու տեղ վազելով, տնային գործեր եմ անում, որ իմ տունը պահեմ: Բանկերում երեք տեղ մինչև հիմա վարկ ենք փակում: Գնացել եմ բանկ, ասել՝ մեր տնակը վառվել ա, գոնե տոկոսը դադարեցրեք, ասել են՝ չենք կարող: Մի քանի օր առաջ Յունիբանկից զանգել են, որ դատարան են տալու մեր թղթերը»,- պատմում է Սուսաննան:

Սա դեռ քիչ է, այժմ էլ ընտանիքը կանգնած է նպաստից զրկվելու վտանգի առաջ: Գոյություն չունեցող տնակի հասցեով գրանցված երիտասարդ ընտանիքն այս տարի չի կարողացել սոցիալական ծառայությունում ընտանեկան նպաստ ստանալու համար փաստագրում կատարել, ինչի պատճառով դեկտեմբերին արդեն նպաստ չի ստանա:

«Տեսուչը եկավ մեր պայմանները նայեց, ասեց՝ ես լավ տեսնում եմ՝ դուք ինչ վիճակում եք, բայց էլ չենք կարա ձեզ նպաստ տանք, որովհետև գրանցում չունեք: Ասում եմ՝ դե անօթևանի կարգավիճակ տվեք... Խանութից նպաստի հույսով էինք նիսյա անում: Հիմի խանութպանը, որ իմանա ես էլ նպաստ չեմ ստանալու, ինձ նիսյա կտա՞: Չի տա»,- ասում է Սուսաննան:

Անելանելի վիճակում հայտնված ընտանիքը մեկ տարի շարունակ սպասում է քաղաքապետարանի հանգանած գումարին, որպեսզի կարողանա գոնե որոշակի գույք գնել ու բնակարան վարձել: Քաղաքապետարանում, սակայն, չեն շտապում բաշխել հավաքված գումարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter