HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես ամեն ինչ անում եմ, որ հանրության լիարժեք անդամ լինեմ, բայց պետությունը և հասարակությունը չեն նպաստում»,- ասում է հաշմանդամություն ունեցող Արտակը

Նելլի Պետրոսյան 

«Երբ մեզ ասում են` դուք հասարակության լիարժեք անդամ եք, դա միայն դեկտեմբերի 3-ով չի որոշվում: Երբ ես մտնում եմ մետրո, որտեղ հանդիպում եմ դժվարությունների, զգում եմ, որ դեռևս լիարժեք անդամ չեմ: Իսկ գիտե՞ք` երբ կլինենք: Այն ժամանակ, երբ էլ մեզնից չխուսափեն»: Սրանք 20-ամյա Արտակ Դավթյանի խոսքերն են․ Ծննդյան պահից, նա ախտորոշվել է մանկական ուղեղային կաթվածով:

Արտակը մինչև 16 տարեկանը բուժում է ստացել  Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում: Անկեղծանում է` ամեն օր նույն դեմքերը տեսնելով` հոգնել էր բուժման գործընթացից. «Էլ չէի ուզում բուժումս շարունակել: Մամային ասացի` թող ապրեմ: Մեզ բուժում են, որ ապրենք: Ես էլ ասում եմ`ապրեք, կողքից էլ բուժվեք»:

Երեք անգամ վիրահատվել է: Պատմում է, թե ինչպես երրորդ վիրահատությունը մոր հետ վեճի պատճառ դարձավ: Արտակի խոսքով` իրենք միմյանցից նեղացած են մնում առավելագույնը 10 րոպե. «Էդ անգամ մեր կոնֆլիկտը երկար տևեց. 3 օր չէինք խոսում: Էնքան ծրագրեր ունեի, որոնք վիրահատության պատճառով չիրագործեցի: Երբ թութակին գցում ես վանդակը, խնդիր է առաջանում: Նույն կերպ, երբ, օրինակ, ջարդվել էր հենակիս ոտքը, իմ շարունակությունը կարծես չկար»:

Արտակն ապրում է մոր և քեռու ընտանիքի հետ: Երբ մայրը որոշել է նրան դպրոց տանել, տատիկն ու պապիկը դեմ են եղել` պատճառաբանելով. «Դեռ ժամանակը չի, թող բուժվի»: Այսօր ժպիտով է հիշում դպրոցական օրերը, միևնույն պահին նշում, թե ինչ է փոխվել ժամանակի ընթացքում. «Մայրս ինձ տարավ դպրոց: Սովորել եմ Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցում: Երբ ընդունվեցի, այն ամբողջովին անմատչելի էր, երբ ավարտում էի, մեծ մասում արդեն թեքահարթակներ կային: Միևնույն ժամանակ, դպրոց հաճախելն ու բուժվելը խանգարում էին մեկը մյուսին: Այսպես ասած` բուժվելը կարծես խանգարում էր ապրելուն»:

Երևանի կենտրոնը որոշ չափով հարմարեցված է համարում: Ասում է` «երևացող տեղ է, դրանից է»: Ոչ կենտրոնական հատվածներն, ըստ նրա, հարմարեցված չեն: Հանրային տրանսպորտից օգտվելն էլ հաճախ դժվար է. «Մի քանի բան կա, որ ինձ խանգարում է օգտվել ավտոբուսից: Հարմարեցված ավտոբուսներում ձմռանը ձյուն է լցվում վերելակների բաց արանքներում, դառնում է սառույց, սովետից մնացած մարշրուտկաները հարմար չեն ընդհանրապես, հաճախ վարորդներն ասում են` բացելու ձևը չգիտենք, նրանք նաև հաշմանդամների հետ շփվելու խնդիր ունեն»:

Խոսելով հաշմանդամության պատճառով դպրոցում խտրականության մասին` Արտակը քիչ դեպքեր է հիշում: Ինչպես այն ժամանակ, այսօր էլ ցանկացած պարագայում փորձում է շրջանցել իր հաշմանդամությունը. ««Ես ամեն տեղ էլ հեշտ եմ ինտեգրվում: Փոքր ժամանակ դասատուն, որ խոսելու համար ասում էր «այ դեբիլներ», ասում էի` մենք մեզ էդպիսին չենք համարում»:

Այսօր Արտակը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Ապագա ծրագրավորող է. «Դեռ առաջին կուրսում եմ: Նոր եմ ընդունվել, քանի որ սրանից առաջ ինձ ֆինանսական անկախություն էր պետք, աշխատանք էի փնտրում, չգտա, որոշեցի համալսարան ընդունվել»:

Պատմում է, որ փողոցում հաճախ իրեն մոտենում են և գումար տալիս. մտածում են` դրա կարիքն ունի. «Ինձ հաճախ մոտենում են, փող են տալիս: Ասենք ինչու՞: Հարցնում եմ: Ախր ես աշխատող տղա եմ, ինչի՞ համար: Ես ամեն ինչ անում եմ, որ հանրության լիարժեք անդամ լինեմ, բայց պետությունը և հասարակությունը դրան չեն նպաստում»:

Արտակին դուր չի գալիս, երբ հանրային տրանսպորտում վարորդներն իրենից գումար չեն վերցնում` հաշվի առնելով հաշմանդամությունը: Վստահեցնում է` դրանով իրեն լավություն չեն անում. «Մի օր վարորդներից մեկն ինձ ասաց` մեկը լինի, քեզ փող տա: Էդ օրը փող էի վերցրել, որ շոր առնեմ: Դրամապանակս բացեցի, ասացի` իմ չափ չեք աշխատում: Մի անգամ էլ փողը տվեցի, չվերցրեց վարորդը, մի աղջիկ կողքից ասաց` ինչ լավ կլիներ, եթե ոչ մեկից չվերցնեին»: Արտակի համար ցավալի է, երբ իրեն ընկալում են որպես հաշմանդամ` բժշկական համատեքստում, այսինքն` «մարդ, ով բուժվում է և թոշակ ստանում»: Ցանկությունը մեկն է` իրեն ընկալեն որպես հանրությանն օգուտ տվող մեկը:

Աշխատաշուկայում մի շարք խնդիրներ է մատնանշում: Այժմ աշխատում է որպես առաքիչ: Իր խոսքով` դա առաջին հերթին միջոց է շփվելու, մարդկանց հետ բառ փոխանակելու.  «Մարդկանց աչքին վարկանիշս բարձրանում է, երևի մտածում են` հաշմանդամ է ու աշխատում է, էն էլ` առաքիչ: Իսկ աշխատանքային հարցազրույցների ժամանակ հիմնականում ասում են` մենք ձեզ կզանգենք, բայց դու զգում ես, որ էդ պահին գործատուի ուշադրությունը քեզ վրա չի, այլ քայլակիդ»:

Բացի ուսումից և աշխատանքից` Արտակը նաև կամավորական գործունեություն է ծավալում «Հայկական ճամբար» ՀԿ-ում և Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայում, որտեղ լողով է զբաղվում. «2005թ.-ից լողով էի զբաղվում, որ բուժվեմ (ծիծաղում է` ասելով` «որ բուժվեմ» արտահայտությունը խնդալու ա- հեղ.): Հետո հասկացա, որ լողն ուղղակի սպորտ է: Հիմա, երբ մարդկանց ասում եմ` լողորդ եմ, ասում են` օգնու՞մ ա, ասում եմ` ինչի՞ն»:

Այս ամենին Արտակը ժպիտով է վերաբերվում: Ջուրը նրա համար բացասական էմոցիաներից ազատվելու լավագույն միջոցն է: Ասում է` ողջ էներգիան տալիս է ջրին: Հիմնական նախասիրություններն են` լողը, հոգեբանությունը, սեմինարները, արշավները, աուդիոգրքերը. «Լսողական հիշողությունս ավելի զարգացած է, քան տեսողականը»:

Հաշմանդամությունն Արտակին չի խանգարում ապրել լիարժեք կյանքով: Պատմում է նաև սեռական կյանք վարելու մասին` վստահեցնելով, որ երբևէ մտավախություն չի ունեցել, թե այն իր կյանքում կբացակայի. «Ես «չ» տառով սկսվող բառերը չեմ սիրում: Իսկ սեքսն էլ բնազդ է, որը պիտի կրթես ու բաց դաշտ բերես: Հաշմանդամությունը դրան խանգարել չի կարող»:

Հաշմանդամությունը նա սահմանում է որպես մարդու տեսակ: Գտնում է, որ երիտասարդներն ավելի հեշտ են ընդունում հաշմանդամություն ունեցողներին, քան տարեց մարդիկ: Վերջում հիշելով մոտեցող Ամանորը` մի քիչ բարկանում է. «Իմ վրա ազդում են ուտել-խմելու Նոր տարիները, նույն կաթողիկոսը, նույն կենացները…Ուզում եմ մի օր լրիվ այլ ձևով նշել Նոր տարին»:

Հրաժեշտ եմ տալիս Արտակին: Դեռ ժպտում է: Չի հոգնել: Ասում է` էներգիաս անսպառ է: Բայց, միևնույն է, տխրության պահեր էլ են լինում. «Իմ հոգեբանությունը երկաթից չէ: Մեկ-մեկ ես էլ եմ կոտրվում: Միշտ, ամեն բան անելիս ինքդ քեզ երեք հարց պիտի տաս` ինչի՞ համար ես անում, ի՞նչ է քեզ տալու և ի՞նչ ես դու տալու»:

Լուսանկարը` Արտակ Դավթյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter