HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մեղրիի և Ագարակի գազամատակարարման ցանցն անհատույց հանձնվեց «Գազպրոմ Արմենիա»-ին. վաճառելու առաջարկը մերժվել է

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել (չզեկուցվող կարգով) Մեղրի և Ագարակ համայնքների գազամատակարարման ցանցը, որի կառուցումն արժեցել է մոտ 1.3 մլրդ դրամ, անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:  Սա ուղղակիորեն նշանակում է, որ իրանական գազի մատակարարումը Մեղրիում և Ագարակում կվերահսկի «Գազպրոմ Արմենիա»-ն, որին պատկանում է Հայաստանում գազամատակարարման մենաշնորհը։

Մեղրիի և Ագարակի գազամատակարարման ցանցը կառուցվել է Իրանից ստացված դրամաշնորհով։

Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև դեռ 2011 թվականի դեկտեմբերին ստորագրվել էր հուշագիր, որով Իրանի կառավարությունը համաձայնել է տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար գումար որպես դրամաշնորհ Հայաստանում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն էլ իր վրա էր վերցրել հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

Այնուհետև 2013 թվականի օգոստոսին հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի և «ՀայՌուսգազարդ»-ի  միջև կնքվել է Հանձնարարության պայմանագիր, համաձայն որի՝ պայմանագրով սահմանված պատվիրատուի պարտավորությունների կատարումը` բացառությամբ վճարումների իրականացումը և դրա հետ կապված այլ պարտավորությունների կատարումը, դրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վրա:

Ինչպես նշված է կառավարության այսօրվա որոշման նախագծում, այս ծրագրի շրջանակներում Մեղրի և Ագարակ քաղաքներում նախատեսված գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ, որի ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է 1 279 169 136 (մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասունինը միլիոն հարյուր վաթսունինը հազար հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ: Գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքներն իրականացրել է իրանական «Սաներջի» ընկերությունը։

Ծրագրի մեկնարկից հինգ տարի անց՝ 2016 թվականի դեկտեմբերին էլ տեղի ունեցավ ցանցի պաշտոնական բացումը։

«Հաշվի առնելով նշված տարածքների գազամատակարարման կարևորությունը, անհրաժեշտ ենք համարում նշված գույքն՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին»,- որոշել է կառավարությունը:

Այս նախագիծը մշակել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ համատեղ։

Նշենք, որ թեև գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են, սակայն Մեղրի և Ագարակ քաղաքներում այժմ Իրանից գազ չի մատակարարվում։

Մեղրի և Ագարակ քաղաքներում գազամատակարարման ցանցն՝ այն գույքը, որն անհատույց օգտագործման իրավունքով անցավ «Գազպրոմ Արմենիա»-ին, բաղկացած է գազատարներից, գազի բաշխման կայաններից, կարգավորիչներից և այլն։

Անհատույց հանձնելու փոխարեն վաճառելու կամ վարձակալության հանձնելու առաջարկը մերժվել է «Գազպրոմ Արմենիա»-ին գույքն անհատույց կերպով հանձնելու նախագծի վերաբերյալ Կադաստրի պետական կոմիտեն, ինչպես նաև՝ Պետական գույքի կառավարման վարչությունը որևէ առաջարկություն կամ առարկություն չեն ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք որոշման նախագծում տեղադրված գրություններից։

Իսկ ֆինանսների նախարարությունն առաջարկել է գույքն անհատույց օգտագործման հանձնելու փոխարեն քննարկել այն վաճառելու կամ վարձակալությամբ տրամադրելու տարբերակները:  «Հաշվի առնելով, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է մասնավոր կազմակերպություն, առաջարկում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 1,279.2 մլն ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը անհատույց օգտագործման հանձնելու փոխարեն քննարկել այն վաճառելու կամ վարձակալությամբ տրամադրելու տարբերակները: Միաժամանակ որպես այլընտրանքային տարբերակ նպատակահարմար է քննարկել նշված գույքը էներգետիկ համակարգի պետական ընկերությունների կանոնադրական կապիտալում ներդնելու` հետագայում նշված գույքի արժեքի չափով նվազեցնելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ էներգետիկ համակարգի պետական ընկերությունների պարտավորությունների գումարը, ինչպես այն իրականացվել է ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 863-Ա որոշմամբ»,- առաջարկել է Ֆինանսների նախարարությունը:

Այս առաջարկները, սակայն, չեն ընդունվել։ Նախագծի եզրակացության մեջ նշված է, որ նախատեսվել է գույքն անհատույց օգտագործման հանձնել անորոշ ժամկետով, ինչը հնարավորություն կընձեռնի ցանկացած ժամանակ հրաժարվելու պայմանագրից, ինչպես նաև կանխորոշելու գույքի հետագա ճակատագիրը. «Այն է՝ նշված գույքը վաճառելու, վարձակալությամբ տրամադրելու կամ էներգետիկ համակարգի պետական ընկերությունների կանոնադրական կապիտալում ներդնելու տարբերակները»:

Այսպիսով, իրանական գազը ևս «Գազպրոմ Արմենիա»-ի վերահսկողությամբ կմտնի Հայաստան։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե երբ Ագարակ և Մեղրի համայնքներ գազ մուտք կգործի և ինչ սակագներ կսահմանվեն։

Լուսանկարը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության

Մեկնաբանություններ (2)

Ani
քննարկել այն վաճառելու կամ վարձակալությամբ տրամադրելու տարբերակները...ինչու՞ ոչ
Սամվել
ու այսպես հատիկ-հատիկ Հայաստանը հանձնվում է օտարին,որպես մի ստրուկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter