HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սալմոնելայով և լիստերիայով հավի մսերը հայտնվել են խանութներում. ՍԱՊԾ-ն պատշաճ չի կատարել սահմանային հսկողությունը

Նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 4-ին  «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացվել էին սառեցված հավի մսի 9 արտադրատեսակի լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Դրանցից միայն 4-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։ Իսկ մնացած 5-ում հայտնաբերվել էին սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է «Դեղերի մասին» օրենքով:

Լիազոր մարմնի` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2 օրվա լռությունից հետո՝ դեկտեմբերի 6-ին, հարցում ուղարկեցինք վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որպես սննդամթերքի ոլորտին ուշադրություն դարձնող վերադաս մարմին, ով դեռեւս նախորդ տարի՝ 2016թ. նոյեմբերի 11-ին իր ելույթում հայտնել է, որ ՍԱՊԾ  նոր պետից  «պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում», արձագանքել հրապարակված փաստերին, ինչպես նաև՝ վերահսկող մարմնի լռությանը:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին՝ Կառավարության նիստի ժամանակ, Կարեն Կարապետյանը խոսեց «հավի մսի ներմուծման որոշակի պրոբլեմներ»-ի մասին, որոնք «տեղ են գտել մամուլում»՝ հանձնարարականներ տալով ՍԱՊԾ պետին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:

Դրանից հետո ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը տարբեր լրատվամիջոցներով՝ մասնավորապես՝ Araratnews.am –ով, անդրադառնալով հավի մսի շուկայում հայտնաբերված խախտումներին, նախ նշեց, որ «Հետք»-ը մերժել է համատեղ փորձաքննություն իրականացնելու առաջարկը և փորձաքննությունն իրականացրել է խտրական՝ մի քանի կազմակերպություններում,  իսկ «Ազատություն» ռադիոկայանով հայտնեց (1ժ 00 47վրկ-ից), որ «ոչ բոլոր փորձաքննություններն ու լաբորատորիայի արդյունքները», ինչպես նաև՝ անհատի կամ հասարարակական կազմակերպության կողմից լաբորատորիա տարված և ուսումնասիրված նմուշները կարող են պետական վերահսկողության համար հիմք հանդիսանալ։

Այս հայտարարություններին պաշտոնական արձագանք այդպես էլ չհետևեց:

Երեկ Կառավարությունից «Հետք»-ին պատասխանել էին, որ հարցից իրենք տեղյակ են. «կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն անդրադարձել է խնդրին», իսկ ՍԱՊԾ ղեկավարը «տարբեր լրատվամիջոցներով մեկնաբանություններ է ներկայացրել»: Նաև նշել էին, որ թռչնամիս ներմուծող բոլոր կազմակերպություններում ՍԱՊԾ-ը պետական վերահսկողություն է իրականացրել, որի արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերին՝ մամուլի ասուլիսի ընթացքում:

Այսօր սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ներկայացվել էին ներմուծված թռչնամսի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները:

Պարզվել էր, որ  ներմուծված հավի մսի 22 նմուշից 6-ում առկա են սալմոնելա և լիստերիա, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար: Իսկ ՍԱՊԾ-ն կարգադրեր է տվել՝ դրանց «իրացումը կասեցնելու, իրացման ցանցից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ»:

 

  • սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա)՝ արտադրված 07.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Գոռ Հակ թրեյդ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 3500կգ,
  • սառեցված հավի անոսկոր ազդրամիս «SEARA» (լիստերիա)՝ արտադրված 24.04.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Էրիզ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 15000կգ,
  • սառեցված հավի կրծքամիս «Պրեմիում» (սալմոնեա, լիստերիա)՝ արտադրված 03.10.2017թ, արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 242կգ,
  • սառեցված հավի կրծքամիս «Qualiko» (լիստերիա)՝ արտադրված 10.03.2017թ,  արտադրող երկիրը` Ուկրաինա, ներմուծող` «Դոնմալ» ՍՊԸ,  պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 2500կգ,
  • սառեցված հավի թևեր «Qualiko» (սալմոնելա)՝ արտադրված 29.06.2017թ, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 1000կգ,
  • սառեցված բրոյլեր հավ «Мироторг» (սալմոնելա)՝ արտադրված 22.10.2017թ, արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, ներմուծող՝ «Բրենդլիդեր» Հ/Ձ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 12354կգ:

 

Վերջին նմուշի՝ «Мироторг» ընկերության սառեցված բրոյլեր հավի մեջ եղած խախտումների մասին գրել էր նաև «Հետք»-ը:

Խախտումներ էինք հայտնաբերել (սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ) նաև երկրորդ՝ «СПК Курников» ընկերության սառեցված բրոյլեր հավի մսի մեջ, որի վերաբերյալ որևէ բան նշված չէր:

Սալմոնելան և լիստերիան այնպիսի մանրէներ են, որոնք չէին կարող հայտնվել տեղափոխման կամ պահման պայմանների խախտման պատճառով. դրանք արտադրության պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հետևանք են:

 «Սալմոնելայի խմբի մանրէներ չեն առաջանում պահպանման սխալ պայմաններում, և քիչ հավանական է, որ կլինեն վաճառասրահից վարակված,- ասում է «Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը։- Ավելի շատ դա արտադրության պրոցեսի ժամանակ առաջացած խախտում է»:

Հակաբիոտիկների մասով ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ որևէ տեղեկություն չկա. ի վերջո դրանք կա՞յին նմուշներում, թե ոչ, հերքվե՞լ, թե հաստատվել են «Հետք»-ի հրապարակած լաբորատոր փորձաքննության արդյուքները, որոնք ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն այդպես էլ պետական վերահսկողություն իրականացնելու հիմք չհամարեց և չարձագանքեց: 

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ իրենք ՍԱՊԾ-ի հետ քննարկել  են «Հետք»-ի հրապարակումը հավի մսի 5 նմուշում հայտնաբերված սալմոնելա խմբի մանրէների և հակաբիոտիկների վերաբերյալ: Քննարկման ժամանակ ՍԱՊԾ ներկայացուցիչը հայտնել է, որ «ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ»՝ օրենքով սահմանված կարգով: 

Վերջին մեկ ամսում սննդամթերքից թունվորման դեպքեր գրանցել են միայն տնային պայմաններում պատրաստված պահածոների պատճառով (բոտուլիզմ և սնկից թունավորում):

ԱՆ-ը նաև հայտնում է, որ իրենք ՍԱՊԾ-ի հետ մշտապես համագործակցում են՝ «իրենց լիազորությունների շրջանակներում»:

Եթե ցանկացած սննդամթերք ներմուծման ժամանակ անցնում է սահմանային վերահսկողություն, այդ դեպում ինչպե՞ս են նշված վտանգավոր, սառեցված հավերը ներմուծվել Հայաստան, մի բան էլ՝ հայտնվել իրացման ցանցում:

Եվ ի՞նչ իմաստ ունի սահմանային հսկողությունը, եթե վերահսկող մարմինը շուկայում ուսումնասիրություններ է սկսում «մամուլի հրապարակումներից» հետո, որոնք, թեպետ «հիմք չեն պետական վերահսկողության համար», բայց որոնց շնորհիվ պարզվում է, որ իրացման ցանցերում կան սալմոնելայով և լիստերիայով վաճառվող հավի մսեր:

Մեկնաբանություններ (1)

Arthur
The chicken always have to be cooked thoroughly, no matter you believe it is imported or locally produced. Just cook 40 minutes in boiling water, no salmonella or listeria will survive that.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter