HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքների խոշորացմանն աջակցող միջազգային կազմակերպությունները դժգոհ են արդյունքներից

Համայնքների խոշորացմանն աջակցող երեք դոնոր կազմակերպությունները՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, Շվեյցարիայի զարգացման համագործակցությունը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել են խոշորացված համայնքներում կատարած ուսումնասիրության արդյունքները եւ խոշորացման հետագա գործընթացը բարելավելու նպատակով Կառավարությանն ուղղված առաջարկները:

Զեկույցը մեկ հիմնական ուղերձ ունի՝ համայնքների վարչատարածքային բաժանումը քաղաքական գործընթաց է, որի արդյունքում նախնական ձեւավորված փնջերը ենթարկվել են պարբերական փոփոխության եւ լրացումների, որի ժամանակ անտեսվել է խոշորացվող համայնքների կարծիքը հաշվի առնելու իրավական պահանջի կատարումը:

«Քաղած դասերի զեկույց»-ում միջազգային դոնոր կազմակերպությունները ներկայացնում են խոշորացումից հետո համայնքներում տեղի ունեցած աշխատաժողովների ընթացքում արձանագրված հիմնական մեկնաբանություններն ու դիտարկումները: «Վարչական ծառայությունների մատուցման հարցը այն հիմնական խնդիրն է, որ կարեւորել են բոլոր բնակավայրերում: Խոսքը ծառայությունների հասանելիության բարելավման մասին է»,- հայտնում են հեղինակները:

Զեկույցի հեղինակները խոշորացված առաջին համայնքներում արձանագրել են մի շարք բացասական հետեւանքներ, որոնց վերաբերյալ բնակչությունն իր մտահոգությունը հայտնում էր ի սկզբանե՝ «մի տեղեկանքի համար պիտի տասնյակ կիլոմետրեր կտրենք»: Բնակչությունը դժգոհել է, որ բնակավայրերի վարչական ղեկավարների տրամադրած փաստաթղթերը տարբեր պատճառներով երբեմն չեն ընդունվել նոտարական գրասենյակների, առեւտրային բանկերի, ճանապարհային ոստիկանություն եւ այլ մարմինների կողմից:

Որոշ դեպքերում, երբ ծառայությունները բնակավայրերում չեն կարող մատուցվել էլեկտրոնային եղանակով, օրինակ՝ թույլտվությունների թղթային տարբերակը տրամադրելը, այդ դեպքում քաղաքացին փաստաթղթերի բնօրինակը համայնքային կենտրոնում կամ համայնքի ղեկավարի միջոցով պետք է ստանա: Երկու դեպքում էլ գործընթացը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է ենթադրում:

Որոշ համայնքներում դժգոհություն է առաջացրել հանրային ծառայությունները կրճատելը, որը բարեփոխումների նկատմամբ բացասական վերաբերմունք է առաջացրել: Օրինակ՝ մինչեւ խոշորացումը մի համայնք իրականացնում էր որոշակի սոցիալական ծրագրեր նորածինների եւ առաջին դասարանցիների համար (դրամական նպաստ), սակայն խոշորացումից հետո դրանք դադարեցվել են, քանի որ համայնքի ներսում փոխվել են առաջնահերթությունները:

Նույն կերպ որոշ համայնքներ, որոնց եկամուտների զգալի մասը գոյանում էին բնական պաշարների, օրինակ՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ոսկու հանքարդյունաբերական հողի վարձակալական վճարներից, անարդար են համարում, որ խոշորացումից հետո այդ եկամուտը ստիպված են կիսել ավելի մեծ համայնքի ներսում (ներկայացվել է Գնդեվազի օրինակը):

«Մարդկանց պետք է նաեւ իրազեկել, որ ռեսուրսների համատեղ օգտագործումը նույնպես վարչատարածքային բաժանման (ՎՏԲ) ակնկալվող արդյունքներից մեկն է՝ ապահովելու համար հավասարակշռված եւ համաչափ սոցիալ-տնտեսական զարգացում»,- նշում են զեկույցի հեղինակները:

Ըստ դոնորների` մեկ բազմաբնակավայր համայնքի սահուն անցման համար ամենամեծ խոչընդոտներից է համայնքների կուտակած ֆինանսական պարտքերը, հատկապես աշխատակիցների չօգտագործված արձակուրդի օրերի համար: Նոր խոշորացվող համայնքը զգալի ֆինանսական պարտավորություններ է ժառանգում, որն ի սկզբանե խոչընդոտում է ֆունկցիոնալ եւ ուժեղ ՏԻՄ-երի ստեղծմանը: Օրինակ՝ Դիլիջանը շուրջ 40 մլն դրամի պարտք է ժառանգել նախկին համայնքներից:

Նոր փնջի ձեւավորման ժամանակ Կառավարությունը պետք է նաեւ պատրաստի տվյալ փնջում միավորվող բոլոր համայնքների ֆինանսական պարտավորությունների գնահատումը: Այդ տեղեկության հիման վրա եւ երբ հաստատված է թերի կառավարման փաստը, Կառավարությունը կարող է խոշորացման ժամանակացույցը կազմելիս որոշում ընդունել եւ բավականաչափ ժամանակ տրամադրել համայնքներին՝ համապատասխան ուղղիչ միջոցներ ձեռնարկելու համար:

Զեկույցի հեղինակները նշում են, որ խոշորացումը համայնքներին հնարավորություն տվեց կայացնել ավելի լավ կադրային որոշումներ եւ խորացնել մասնագիտացումը անձնակազմում, ներդնել նոր հաստիքներ` գնումների մասնագետ, իրավաբան, անասնաբույժ, գյուղատնտես, սոցիալական աշխատող եւ այլն: Այնուամենայնիվ, որոշ պաշտոններ համայնքները դեռեւս չեն կարողանում լրացնել՝ գոյություն ունեցող մարդկային ռեսուրսների սղության պատճառով:

Հիմնական մարտահրավեր են համարում նաեւ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմումը: «Դեռեւս մեծ է հավանականությունը, որ համայնքի զարգացման ծրագիրը կարող է մնալ ձեւական թուղթ, ինչպես նախկինում, եւ ի վերջո չդառնա օգտակար ռազմավարական պլանավորման գործիք` համայնքներում բարեփոխումներն առաջ մղելու համար»,- եզրակացնում են հեղինակները:

Դեռեւս լայնորեն ընդունված եւ լիովին ներդրված չեն տեղական ինքնակառավարման նոր մշակույթը, կատարողական համակարգերը եւ պահանջները նոր համայնքներում: Որոշ ՏԻՄ-եր հակված են ապավինելու «աշխատել սովորականի պես» գործելաոճին` չգիտակցելով նոր իրականությունն ու խոշորացված համայնքի պոտենցիալ առավելությունը:

Կառավարությունը պետք է արձագանքի խոշորացված համայնքների հրատապ հարցերին եւ անցանկալի արդյունքներին՝ ապահովելով համայնքների իրազեկվածությունը եւ ներգրավումը հետագա միջոցառումների մեջ, ինչպիսիք են` ծառայությունների մատուցման մոդելների փոփոխությունը վարչական ծառայությունների համար, պլանավորումը, բյուջետավարումը եւ այլն:

Խոշորացված համայնքներում ենթակառուցվածքների կամ այլ զարգացման ծրագրեր իրականացնելու կառավարության հանձառությունը, անկասկած համայնքների խոշորացման առանցքային ուղերձներից եւ խթաններից մեկն էր: Մյուս կողմից` այն չափից ավելի սպասելիքներ առաջացրեց, ինչը հանրության շրջանում բացասական կարծիք ձեւավորեց ՎՏԲ-ի մասին: Համայնքներում թյուրըմբռնում կա, որ Կառավարությունը ՎՏԲ-ն իրականացնում է, քանի որ առկա են համայնքներում ներդրումների համար առանձնացված ֆինանսական միջոցներ, որոնք պետք է իրացվեն միայն ՎՏԲ-ի շրջանակներում:

Ավելի լավ գործողությունների ծրագիր ունենալը կօգներ նաեւ կառավարել սպասելիքները եւ նվազեցնել դիտարկված թյուրըմբռնումները, երբ համայնքներում քիչ թվով մարդիկ գիտեն, թե ինչ է տեղի ունենալու խոշորացումից հետո եւ թե ինչպես պետք է իրականացվեն խոշորացումից առաջ տրված կառավարության խոստումները եւ հանձնառությունները:

Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաեւ համայնքների կենսունակ բիզնես զարգացման ծրագրերին սատարելու Կառավարության նախաձեռնությանը: Նպատակն է` բարձրացնել տեղական կարողությունները բիզնես ծրագրի առաջարկները նախագծելու գործում եւ հանդես գալու որպես տնտեսական զարգացման գործակալներ: Սակայն, ինչպես պարզվեց, այս նախաձեռնությունը նույնպես ոգեւորվող ցուցանիշներ չի գրանցել: Դիլիջանում օրերս կայացած տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի  ժամանակ այդ կապակցությամբ ՀՀ նախագահը հայտնեց· «Ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանությանը, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից:  ··· Այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք եւ ընդամենը 14 ծրագիր ···»:

«Համայնքների կարծիքը լսելու» պահանջի իրականացումը

«Համայնքների կարծիքը լսելու» պահանջը բարեփոխումների հիմնական վիճարկելի հարցերից մեկն է` թե՛ մասնագիտական հանրության եւ համայնքների, թե՛ բնակչության լայն խավերի շրջանում: Քանի որ նոր Սահմանադրությամբ տեղական ընտրություններից առաջ հանրաքվեների անցկացում չի պահանջվում, Կառավարության մեկնաբանությամբ, «համայնքների կարծիքը լսելու» պահանջը իրացվում է խորհրդարանական լսումների ժամանակ (նշենք, որ նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ 360 համայնքների միավորումից ստեղծվեց 34 համայնք, ԱԺ-ն նրանց մասնակից չդարձրեց ՎՏԲ նախագծի քննարկմանը - հեղ.):

Կառավարությանն առաջարկվում է` վերանայել խոշորացվող համայնքներին ուղղված ուղերձները եւ խուսափել այնպիսի ուղերձներից, ինչպիսիք են` վարչական բաժանման իրականացումը կառավարության իրավասությունն է եւ այդ պատճառով կարիք չկա խոսել ձեզ հետ:

«ՎՏԲ-ի գործողությունների ծրագրի բացակայությունը եւ տարբեր շահագրգիռ օղակների կողմից տարբեր ուղերձների հաղորդումը որոշակի աստիճանի թյուրըմբռնումներ է առաջացրել համայնքներում»,- նշվում է զեկույցում: Կարծում են, որ համայնքների ներգրավումը փնջերի նախագծման գործընթացում կնպաստի նաեւ խոշորացման ժամանակ համայնքների կարծիքը հաշվի առնելու իրավական պահանջի կատարմանը: Իրազեկման արշավը նաեւ մեծապես կշահի բարձրաստիճան պաշտոնյաների ավելի հաճախակի այցելություններից` մասնագիտական քննարկումների եւ կառավարության ու բարեփոխումների հանդեպ վստահության ամրապնդման միջոցով ցույց տալով կենսամակարդակի բարելավման հանձնառությունները:

Նրանց կարծիքով՝ խոշորացումը չի օգնել համախմբելու բոլոր առանցքային շահագրգիռ խմբերի ջանքերը (այդ թվում նաեւ դոնորների), ինչպես նաեւ կառավարելու փոփոխությունների գործընթացը: Ընդ որում, Կառավարության` պիլոտային փնջերի ընտրության փոփոխության ճկունությունը (քաղաքական դրդապատճառներով) միշտ չէ, որ նպաստում էր դոնորների կողմից տեխնիկական աջակցության պատշաճ պլանավորմանը` հետաձգելով միջամտությունները եւ ներդրումները կամ վրիպելով պատշաճ թիրախները:

«ՎՏԲ-ի օգուտների վերաբերյալ հանրային ընկալումներն ուժեղ չեն: ՎՏԲ-ի իրականացումը եւ համայնքների ներգրավումը այդ բարեփոխումներում լուրջ մարտահրավեր է, եթե չի հաղորդվում ու շեշտադրվում բարեփոխումների ավելի լայն տեսլականը՝ ապակենտրոնացում խոշորացումից հետո»,- եզրահանգել են դոնորները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter