HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» գործով փաստաբան․ «Կոլեկտիվ մեղադրանք առաջադրելն անթույլատրելի է»

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի և Կարո Եղնուկյանի գործով այսօրվա նիստի ընթացքում հանրային պաշտպանի գրասենյակից ներկայացել էին Մերի Ալավերդյանը եւ Արա Դավթյանը։ Նիստի սկզբին նրանք հայտնեցին, որ փաստաբաններ Կարեն Մեժլումյանը եւ Անուշ Մխիթարյանը գտնվում են արձակուրդում, ուստի իրենք փոխարինում են։

Հանրային պաշտպանները դատարանին խնդրեցին երկու ամիս ժամանակ տրամադրել, որպեսզի ծանոթանան գործի նյութերին։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ հնարավոր չէ երկու ամիս շարունակ ընդհատել նիստը։ Մուշեղ Շուշանյանը դատավորին ինքնաբացարկ հայտարարեց։ Ըստ փաստաբանի՝  դատարանն արդարադատություն չի իրականացնում, եւ խնդրեց պահպանել ձեւական ընթացակարգ ու պաշտպաններին հնարավորություն տալ ծանոթանալ գործի նյութերին։ Ի պատասխան այդ միջնորդությանը` դատավորն ասաց․ «Այս պահին նրանց որեւէ մեկի ոչ մի իրավունք ոտնահարված չէ, որովհետեւ սա մեղադրական եզրակացություններ ներկայացնելու փուլ է, կհրապարակենք մեղադրական եզրակացությունները, հետո կորոշենք ապացույցների հետազոտման կարգը»։ Փաստաբանները նշեցին, որ եթե հանրային պաշտպանները չգիտեն, թե գործում ինչ ապացույցներ են առկա, ինչպես են ապացույցների հետազոտման կարգ սահմանելու։

Արտուշ Գաբրիելյանը, ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, մերժեց։

Նիստը շարունակելուց հետո ամբաստանյալները մեղադրական եզրակացության էության վերաբերյալ ներկայացրին իրենց դիրքորոշումը։ Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, որ չի ցանկանում ներկա գտնվել դատարանի դահլիճում եւ փորձեց լքել նիստերի դահլիճը։ Նշեց, որ չի ցանկանում լսել մեղադրական եզրակացությունները։ Դատարանի դահլիճից դուրս եկան նաև մնացած մեղադրյալները։

Ընթերցվեց Խաչատուր Գիչյանի մեղադրական եզրակացությունը՝ նրա ներկայությամբ, որից հետո մեղադրյալը հայտարարեց․ «Առաջին օրը ինձ բերման չեն ենթարկել, ես եմ գնացել ոստիկանության բաժանմունք, ավտոն պետք էր, տվել եմ, ես չգիտեի՝ ավտոն ուր էր գնալու, գունդն էր գրավելու, սա հերիք չէր, որ հրաժարվեմ քննությունից։ Ի՞նչ անենք, որ քննությունը հետ ուղարկենք։ Միտքս կդատե՞ն, թե՞ մտքիս մեջ կար՝ ավտոն ուր կերթար»։

Գիչյանը առաջադրած մեղադրանքի մեջ իրեն մեղավոր չճանաչեց և նշեց, որ կարևոր է նաև քննել այն հանգամանքը, թե ինչու են «Սասնա ծռերի»  անդամները մտել շենք ու գրավել։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը խնդրեց մեղադրողներին պարզաբանել Արթուր Մելքոնյանին առաջադրված մեղադրանքը, թե ինչ արարք է կատարել, և ինչ գործողություններ են վերագրվում իր պաշտպանյալին։  «Մենք գիտենք, որ մեղադրանքը պետք է  լինի անհատականացված, կոլեկտիվ մեղադրանք առաջադրելն անթույլատրելի է»։

Տիգրան Հայրապետյանն էլ դիմեց դատարանին եւ նշեց, որ Եղնուկյանի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ չկա առանձնացված մեղադրանք և ապացույցներ

«Իմ պաշտպանյալը ՊՊԾ գունդ չի մտել, Եղնուկյանի մեղադրանքն ի՞նչ ապացույցներով է առաջադրվել»։

Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ այդ պահից հետո անարդյունավետ է համարում դատական նիստի հետագա ընթացքը։ Փաստաբան Շուշանյանն էլ շարունակեց խոսքը և ասաց

«Բոլորն իրար հետ գնացե՞լ են էդ 14 հատ ինքնաձիգը ձեռք են բերել, իրար հե՞տ են պահել, թող ասեն, պարզաբանեն, ինչպես է կատարվել, եթե որևէ մեկը հրազենը ձեռք բերելու համար որևէ գործողություն չի կատարել, թող ասեն, թե ինչպես են 31 անձ միասին ձեռք բերել, պահել ու փոխադրել հրազենը։ Սա միայն մի մեղադրանքի վերաբերյալ եմ ասում»։

Մեղադրյալ Արթուր Սողոմոնյանն էլ հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում և նշեց․ «Մեր արարքն ընդունեք որպես ապստամբություն եւ ձեր հոդվածներով դատեք, մեր արարքն ամբողջ ազգին պարզ ա, ձեզ համար պարզ չէ՞»։

Դատավոր Գաբրիելյանն էլ նշեց, որ եթե դատախազները չկարողանան հիմնավորել ներկայացրած մեղադրանքները, ի օգուտ մեղադրյալների կլինի։

Դատախազ Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ մեղադրական եզրակացություններում մեղադրանքները հստակորեն շարադրված են, իսկ Արթուր Չախոյանն էլ նշեց, որ մեղադրանքի կողմը պատրաստ է ապացույցներ մատնանշել, սակայն օրենքն այսպիսի կարգ չի սահմանում։

Այս գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 21-ին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter