HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ելք» դաշինքը նախագահի թեկնածու ունի, որի համար կբանակցի «Ծառուկյան» դաշինքի հետ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  իր ֆեյսբուք էջում հայտնել է, որ դաշինքը նախագահի թեկնածու ունի։

«Պատիվ ունեմ տեղեկացնել, որ ԵԼՔ խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։

ԵԼՔ-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»,- մասնավորապես գրել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղադրել է նաև Արտակ Զեյնալյանի կենսագրական տվյալների մասին տեղեկատվություն։

Փորձեցինք «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից մեկնաբանություն խնդրել, թե արդյոք խմբակցությունում քննարկել են առաջարկությունը, սակայն, պատգամավորի խոսքով, խմբակցությունում պաշտոնապես առաջարկ չեն ստացել։

«Հայտարարության մասին տեղեկացված եմ, բայց քանի որ իրենց որոշման հետ կապված չեն դիմել մեր խմբակցությանը, մենք որևէ նախաձեռնություն այս պահի դրությամբ չենք իրականացրել։ Երբ ընթացակարգերով սահմանված կարգով քայլերի հերթականությունը լինի, կքննարկենք»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ըստ նոր Սահմանադրության՝ հանրապետության նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից։ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Լուսանկարը՝ Արտակ Զեյնալյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter