HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարմաշեն համայնքի ավագանու մեծ մասը համառորեն դեմ է քվեարկում բարձր դրույքաչափով աշխատավարձի առաջարկին

Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի ավագանու անդամներն ու ղեկավարն այդպես էլ չեն կարողանում համաձայնության գալ համայնքի ղեկավարի 2018թ-ի պաշտոնային դրույքաչափը սահմանելու եւ համայնքի ավագանու 2017թ-ի նոյեմբերի թիվ 6 որոշումն ուժը կորցրած ճանաչելու շուրջ: Ավագանին, ի սկզբանե, առաջարկել էր համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի աշխատավարձը սահմանել 250 հազար դրամ՝ ներառյալ հարկերը: Բիզնես ոլորտից ՏԻՄ ոլորտ տեղափոխված համայնքապետին, անձամբ իր աշխատավարձի բարձր կամ ցածր լինելը հետաքրքրում է այնքանով, որքանով որ սահմանված նշաձողի հետ կապված որոշվում է համայնքապետարանի ու նրա ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների աշխատավարձերը:

«Կստանամ ես 250 հազար դրամ, թե՝ 150 հազար, իմ համար էական չէր լինի, եթե դրա հետ կապված չլիներ մյուս աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման կարգը: Եթե փոփոխություն չլինի, եթե ավագանու անդամների մեծ մասը շարունակի դեմ քվեարկել համայնքապետի աշխատավարձի բարձրացմանը, ապա շատ աշխատակիցների աշխատավարձերը չեն գերազանցի 100 հազար դրամը: Մենք կունենանք բավական վատ պատկեր, երբ ասենք գյուղերում նշանակված վարչական ղեկավարների աշխատավարձը կսահմանվի 70 հազար դրամ: Որեւէ մեկը չի ցանկանա նման աշխատավարձով աշխատել: Կոնկրետ իմ աշխատավարձը մաքուր տեսքով կազմելու է 180 հազար դրամ, հիմա պատկերացրեք որքան է իջնելու մյուսների աշխատավարձերը»,-պարզաբանեց Կարեն Արշակյանը:

Դեկտեմբերի 13-ին կայացած ավագանու 4-րդ նիստում համայնքի ղեկավարի աշխատավարձը 350 հազար դրամ սահմանելու առաջարկը 4 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ կրկին մերժվեց: «Հաջորդ նիստին այս հարցն այլեւս չենք քննարկելու,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Կարեն Արշակյանը,- թող սահմանեն 250 հազար դրամ, ինչպես որ սկզբում առաջարկել են՝ պատճառաբանելով, որ բյուջեից խնայողություններ պետք է արվեն սոցիալական եւ այլ տիպի ծրագրերի համար: Ես դեմ չեմ խնայողություններին, սակայն պետք է հասկանալ նաեւ որ ասենք նույն իրավաբանը կամ ասենք հաշվապահը 90-100 հազար դրամով չի կարողանալու աշխատել, ինչպես եւ մնացյալ աշխատակիցները»:


Կարեն Արշակյանը

«Հետք»-ին տված հարցազրույցում Մարմաշեն համայնքի նորընտիր ղեկավարը նշեց, որ նոյեմբերին խոշորացված մյուս երկու համայնքներում՝ Ախուրյանում եւ Անիում, նման խնդիրներ չեն առաջացել: Ավագանին այս երկու համայնքներում սահմանել է համայնքի ղեկավարների աշխատավարձերը 370-350 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, ըստ այդմ էլ՝ տոկոսային հարաբերությամբ, սահմանվել են մնացած աշխատակիցների աշխատավարձերը:

«Ես դեմ չեմ ավագանու ընդդիմադիր կեցվածքով անդամների ներկայությանը, քանի որ լինում են բուռն քննարկումներ ու ավելի հետաքրքիր է աշխատելը, բայց նաեւ հասկանում եմ, որ կա ինչ-որ մեկը, ով դիտավորյալ խանգարում է, ուղղորդում որոշ ավագանիների, խառնվում հարեւան համայնքի գործերին»,-նկատեց Կարեն Արշակյանը:

Օրակարգի 2-րդ եւ 3-րդ հարցերը՝ կապված աշխատավարձերի դրույքաչափերի սահմանման հետ, դուրս մնացին օրակարգից, դրա փոխարեն ավագանին միաձայն կողմ քվեարկեց Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրի 6-րդ փողոցի 6-րդ տան բնակչին՝ Սուրեն Գրիգորյանին 1 մլն դրամի չափով օգնություն տրամադրելու առաջարկին: Որոշ տարաձայնություններ եղան՝ կապված համայնքի տարածքում 2018թ.-ի տեղական տուրքերի եւ տեղական վճարների դրույքաչափերի սահմանման հետ:

Ավագանու անդամները 15 րոպե ընդմիջում խնդրեցին կառավարության սահմանած դրույքաչափերն առավել խորությամբ ուսումնասիրելու համար: Ընդմիջումից հետո որոշվեց համայնքի կազմում ընդգրկված 15 համայնքները բաժանել 2 խմբի՝ առավել փոքրերի համար մինչեւ 20 եւ ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար սահմանել 2 հազար դրամ, առավել մեծ բնակավայրերում՝ 3 հազար դրամ եռամսյա վճար: Տարածքում գործող 3 գազալցակայանի համար տարեկան վճարը սահմանվեց 150 հազար դրամ:

Դեկտեմբերի 18-ին որոշվեց նշանակել արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն նախագծերի առաջարկներ եւ նախորդ նիստերում լուծում չստացած հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter