Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Արոն. մարդ, որը չի սիրում սուտը


Երկնքի կապույտ տարածության մեջ մի փետրավոր ամպ է երևում Արոյի հետ հանդիպման օրը: Արոն Վանաձորի ասֆալտի գործարանի պահակն է: Պահակակետը նրա տունն է: Վանաձորի մուտքի մոտ է: Երկուսով են ապրում՝ Արոն ու Մուռկան՝ կատվի 3 ամսական ձագը: Մուռկայի մայրը մեքենայի տակ էր ընկել, ձագերին Արոն է պահել, մի քանիսը նվիրել է, հիմա միայն Մուռկան է մնացել իր հետ: Հարևանությամբ ապրող շներից մեկը վիժել էր: Արոն պատմում է, որ այդ շունը կատվի ձագերին կաթ էր տալիս:

«Թումանյա՛ն, էդ ոնց ես իմացել, ա՛յ մարդ, որ էդքան բան գրել ես»,- ասում է Արոն, հետո գլխարկը հանում է, նայում աղոտ հայելու մեջ, սանրում մազերը: Սանրելուց հետո մի անգամ ձախ, հետո աջ է նայում, գոհ է, նստում է բազմոցին:

Քամու ամեն մի հպումը տնակին ներսում զգում ես: Արոն ասում է՝ գիշերներն ահավոր է լինում, թվում է, թե քամին պոկելու է, տանի տնակը: Պահակակետը նրա տունն է դարձել 3 տարի առաջ: Ժամանակը երբեմն խտացնում է Արոյի միայնությունը, ծանրացնում մտքերը, բայց ամենակարևորը ներսում անկում չունենալն է: Սա նրա ձևակերպումն է: Ասում է՝ մարդ քնելուց առաջ պիտի մտածի միայն լավ բաների մասին:

«Աչքերդ փակի ու երազի էն բանի մասին, որ չունես, որ կուզենաս ունենալ»,- ավելացնում է նա:

«Իսկ դու ինչի՞ մասին ես երազում էդ ժամանակ»,- հարցնում եմ:

«Ինչի՞ մասին… Որ իմ երեխաներն ինձ գան տեսնեն»,- հազում է սա ասելուց հետո, ապա ներողություն է խնդրում ինձնից ու Հակոբից և վառում սիգարետը:

Արոն՝ Արարատ Կարապետյանը, ծնվել ու մեծացել է Վանաձորում: Ուղղում է՝ Կիրովականում, Վանաձոր գրում է միայն դիմումների մեջ: Ասում է՝ «թե բա էդ ո՞նց եղավ, որ Կիրովականի մի թաղամասի անունը վերցրին, դրեցին քաղաքի վրա»: 58 տարեկան է հիմա:

«Պատմությունս երկար է, ձեզ մի քանի օր պետք է, որ լսեք»,- սևեռուն նայում է մեզ:

«Մենք շատ ժամանակ ունենք»,- պատասխանում եմ:

Զրույցն ընդհատում է: Պատմությունը լսելու համար սուրճ է պատրաստում: Պարույրաձև տաքացուցիչը նաև ճաշ ու սուրճ պատրաստելու համար է: Սենյակը չի հասցնում տաքացնել, թույլ է:

«Սառը ջրով սարքեմ, թող նամուսով լինի սուրճը»,- ժպտում է նա, Մուռկան տաքացուցչի կողքից վեր է կենում, ձգվում ու մահճակալի մոտ անցնում:

Ուստա Մուկուչի որդի Արոն

Կարապետյանները Վանաձորում դերձակ եղբայրներն են եղել ժամանակին: Արոյի հայրը տրիկոտաժի գործարանի ձևարար ուստա Մուկուչն էր՝ Մկրտիչ Կարապետյանը: Վերջինս 1918 թ.-ին Կարսից քույրերի և եղբայրների հետ գաղթել է Հայաստան: 1913 թվին էր ծնվել: Կարսում նրանց տունը Եղիշե Չարենցի տնից մի քանի տուն դեպի «պլպլան ժամի» կողմն էր: Արոն ասում է՝ հայրը Առաքելոց եկեղեցին անվանում էր «պլպլան ժամ»: Ուստա Մուկուչը երբեք չի խոսել Կարսի ջարդերի մասին: Միայն իմացել են, որ նրա աչքի առաջ սպանել են հորեղբորը, պապին ու տատին: Ընտանիքում 6 երեխա էին՝ 4 եղբայր և 2 քույր: Եղբայրներից մեկն անհայտ կորել է, քույրերից մեկին գաղթի ճանապարհին փախցրել են:

Ուստա Մուկուչն ունեցել է 6 երեխա, քիչ անց Արոն ինձ ուղղում է` 6 չէ, 8: «1939-45 թթ. ծնողներս միասին գնացին մինչև Բեռլին: Մորս անունը Մարիամ էր, աղջկական ազգանունը՝ Ամիրբեկյան, ամուսնանալուց հետո ազգանունը փոխեց, Կարապետյան դարձավ: 1939 թ. ֆիննական պատերազմից հետո Հայրենական պատերազմը սկսեց, հայրս ասաց մորս, որ պիտի գնա, մասնակցի, մայրս էլ, թե՝ էս անգամ ես կգամ քեզ հետ»,- պատմում է Արոն: 1942 թ. առաջին երեխան է ծնվել, Արոն ասում է՝ չգիտի, թե որտեղ է ծնվել, բայց երկրորդ աղջիկը Վարշավայում է ծնվել: Այդ ժամանակ հայրը կոմենդանտ է եղել Վարշավայում: Վարշավայում երկու աղջիկները դայակի հետ ռմբակոծության զոհ են դարձել: Սա պատմելուց հետո Արոն խորը հոգոց է հանում, ձեռքով փակում է աչքերը:

Մեր զրույցի միայն մի փոքր դրվագում եմ իմանում, որ Արոն ազատամարտիկ է: Դա էլ՝ պատահական: Երբ պատմում էր հոր մասին, որ չէր խոսում Կարսի ջարդերից, ասում է՝ ոնց որ հիմա ինքը... Հրավառության ձայներից վախենում է, այդ պահին ականջները փակում է, որովհետև իրեն թվում է, թե կռվի դաշտում է: Պատերազմի ժամանակ կոնտուզիա է ստացել:

Արոն հանկարծ վեր է կենում, գնում է սուրճը լցնում բաժակների մեջ: Պոչը ջարդած բաժակն ինքն է վերցնում, մյուսն ինձ է տալիս: Սեղանի մոտ ջրով լի շշեր են: Ջուրը բերում է մի քանի հարյուր մետրի վրա գտնվող սննդի կետից: Սրճեփը լվանում է, դնում սեղանին, հետո պահարանից հանում է խմորեղենի տուփը:

Այդ ընթացքում լուսամուտից դուրս եմ նայում: Ավազի բլուրներ են, գործարանն է, որ այդ պահին չի աշխատում, և պատուհանագոգին դրված գրքի խունացած մի էջ: Միայն վերնագիրն է երևում՝ «Ի՞նչ եք փնտրում»:

Արոն պատմում է, որ 11 տարի աշխատել է ասֆալտի գործարանում, վերջին 3 տարին է ապրում պահակակետում: Այստեղ ամեն ինչ զրոյից է ստեղծել: Ընկերները, ծանոթներն են գույքի մի մասը տվել: Տանիքն ու հատակն է սարքել: Շինաղբից լինոլիում էր բերել, ասում է՝ գիտես, քանի դույլ ջուր եմ բերել, որ դրա վրայից կեղտը մաքրեմ: Արոն կարգուկանոն է սիրում, ասում է՝ մարդ հարմարավետ պիտի դարձնի իր ապրելու տեղը:

«Մնացականների» դասարանից մինչև Տալլին

Ասում է՝ դպրոցում լավ էր սովորում, բայց տնօրենի հետ լարվածություն ուներ: Մի տարի մնացել է նույն դասարանում: Դրա համար վրեժխնդիր է եղել: Պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հետ մի դասարանում են սովորել այդ ժամանակ: Վահրամը դասարանի ավագն էր: Ասում է՝ նրանից մատյանը վերցրեց, հաջորդ դասը ֆիզկուլտուրան էր, ասաց, որ կբերի դահլիճ: Սակայն տարել էր, դպրոցի հետևում վառել այն: Աղջիկները տնօրենին լուրը հասցրել էին, որ Արարատը մատյանը վառում է: «Ճղեցի ու վառեցի՝ հատ-հատ, ասեցի՝ մնացնում եք ինձ նույն դասարանո՞ւմ , դե գնացեք: Դիրեկտորը շուշեն ջարդում էր, ասաց՝ էս ի՞նչ ես անում, ասեցի՝ ընկեր Նալբանդյան, տաքանում եմ, ցուրտ ա, ասեց՝ ա՛յ տղա, ա՛յ տղա, ասեցի՝ ի՞նչ այ տղա, արդեն վառվեց, պրծավ, ես գնացի»,- ծիծաղում ենք բարձր-բարձր:

«Ա՜, ի՜նչ լավ արեցիք, որ եկաք»,- Արոյի տրամադրությունը փոխվում է:

Դասարանի մասին, որտեղ մի տարի մնացել է, ասում է, թե «մնացականների» դասարան էր: Իրենք անվանում էին «սմերտնիկների» դասարան: Դպրոցն ավարտելուց հետո Արոն մշակույթի պալատում մի տարի խոհարարության դասերի է գնացել: «Վարպետն էլ շա՜տ խիտրի վարպետ էր: Միշտ մսեղեն էր ուզում, տանում էինք, այ մարդ, էս մարդն ի՞նչ ա անում էդքան մսեղեն, մի օր ըրեխեքից մեկին ասեցի՝ արի տեսնենք, որ գնում ենք, սրանից հետո ի՞նչ ա կատարվում: Մի 3-4 մարդ եկան, նստեցին մեր պատրաստածը կերան, խմեցին, գնացին: Էդտեղ մի տարի եմ սովորել, հաջորդ դասին որ եկավ, ասացի՝ բորշ սարքենք, ասաց՝ չէ, ի՞նչ ես ասում, քյուֆթա տենք պատրաստիլ, Արարատ: Ասացի՝ իսկ օղի պետք չի՞, ասեց՝ դո՛ւրս արի դասարանից, ասացի՝ դասարանից դուրս գանք, բայց կարո՞ղ ա օղին քչություն ա անում, դուրս եկա, 2 րոպե հետո եկավ, թե շատ գիտես, քիչ խոսի: Ասեցի՝ եղավ, հո չբարձրաձայնեցի, մենակ ես ու Աշոտը գիտենք»,- պատմում է Արոն:

Խոհարարական դասընթացն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ: Ղրիմում է ծառայել: Դրանից հետո ընդունվել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի ազգային անվտանգության ինստիտուտ, բայց չի ավարտել: 2 տարի հետո ինքնակամ դուրս է եկել:

«Ազգային անվտանգությունում ծառայելն իմ միակ նպատակն էր: Կարգն այնպես էր, որ առաջին երկու տարին անընդհատ հետևում էին իրենց կադրին, ամոթ է ասելը, բայց անգամ հանրային վայրում զուգարան գնալուց էին հետևիցդ գալիս: Անընդհատ հետևելն ինձ արդեն հոգնեցրել էր: Զանգեցի ախպորս՝ Հայաստան, ասեցի, որ զզվել եմ, ուզում եմ թողնել ինստիտուտը, ասեց՝ երկու ամիս ա մնում, համբերի, իրենք քեզ շատ հավանել են, ասել են՝ իրենց կադրն ես»,- նշում է զրուցակիցս: 2 ամիսը հաղթահարել էր, սակայն դրանից հետո դասախոսներից մեկն ասել էր, թե միջնորդել է իր ընդունելության համար, ու Արոն 3 հազար ռուբլի պետք է վճարի իրեն: Ասում է՝ դա հիասթափեցրեց իրեն, ինստիտուտից դուրս եկավ, որովհետև ինքը փողով չէր սովորելու: Ուսումն այդպես էլ կիսատ մնաց:

Վանաձոր վերադառնալուց հետո «Ավտոմատիկա» գործարանում էր աշխատում, խոնավեցուցիչներ էին հավաքում: 170-200 ռուբլի էր ստանում, գործուղումներ էին ունենում Պետերբուրգ: Այդ ուղևորություններից մեկի ժամանակ էլ պատահաբար հանդիպել է իր մերսող վարպետին, որը հրեա էր: Դասերի է գնացել, երբ վերադարձել է Հայաստան, առանց գումարի մարդկանց մերսում էր, ասում է՝ անգամ միգրեն է կարողացել բուժել:

«Տնային պայմաններում էի մերսում-բուժումն անում: Հետո առողջապահության տեսչությունից ասացին, որ եթե դիպլոմ չունեմ, չեմ կարող էդ գործով զբաղվել: Ու էդպես գնացի, ընդունվեցի քիմզավոդի քոլեջ, ըրեխանց հետ սկսեցի սովորել»,- նկատում է Արոն: Այդ ժամանակ արդեն 50 տարեկան էր:

Ազատամարտիկը՝ «Լոռվա գժերից»

Մեր զրույցի ընթացքում ընկերներից մեկն է գալիս՝ Սամվելը: Արոյի համար հաց ու սիգարետ է բերել: Սամվելն ասում է՝ արդեն 2,5 տարի աշխատավարձ չեն ստանում, Արոն ծայրահեղ վատ վիճակում է, մեկ-մեկ ինքն է ինչ-որ բան բերում:

Ընկերը զարմանում է, երբ Արոյին հարցնում եմ, թե երբ կամավորագրվեց: Ասում է՝ ո՞նց, դու ծառայե՞լ ես:

Պատերազմի մասնակցության պատմությունը մինչ մեր զրույցը, Արոյի խոսքով, ընդհանրապես չի պատմել: 1992 թ. պատահական հանդիպել էր համադասարանցուն, որ «Լոռվա գժեր» ջոկատի հրամանատարն էր՝ Լիպարիտ Ղուլյանը: Վերջինս հարցրել էր, թե կամավորագրվելո՞ւ է: Տուն էր գնացել: Աղջիկը՝ Հասմիկը, 4 ամսական էր: Ասում է՝ կնոջը խնդրել էր դուրս գալ սենյակից ու սկսել էր դստեր հետ խոսել: «Օրորոցի մոտ կանգնեցի, ասացի՝ ես իրավունք չունեմ սպասել, տեսնել, թուրքը ոնց է հասնում քո օրորոցի մոտ, դրա բարոյական իրավունքը չունեմ: Հարցրեցի՝ դու կներե՞ս ինձ, որ միառժամանակ քեզ մենակ թողնեմ… Աղջիկս թեքվեց ու ժպտաց, ասացի՝ հա, ուրեմն, համաձայն ես»,- այս պատմությունից հետո Արոյի դեմքին կնճիռներ են հայտնվում:

Թվում է, թե նա մի քանի վայրկյանում ծերացավ: Մինչև 1994 թ. սկիզբը եղել է Լաչինի շրջանում: Տուն էր գալիս այն ժամանակ, դադար է տալիս, հետո խորը շունչ քաշում, երբ դի պիտի բերեին: Պատերազմի մասին զրույցի մեր ունեցած վերջին կետն է սա: Արոն աչքերը փակում է, ձեռքով տրորում ճակատն ու գլուխը ետ տանում դեպի բազմոցը:

Լռում ենք: Արոն անգամ մասնակցության վկայական չունի, զինգրքույկում, ըստ նրա, նշել են, որ ծառայել է: Այսքանը:

Միայնակը

Արոն օրվա մեջ երկար ժամանակ մենակ է: Երկու անգամ ամուսնացել է, բաժանվել: 4 երեխա ունի. առաջին ամուսնությունից՝ 1 աղջիկ և 1 տղա, երկրորդից՝ 2 տղա: Մեծ աղջիկը 25 տարեկան է: Կարոտում է ամեն ինչ ու բոլորին: Սա նրա անձնական տիրույթն է, որտեղ չպատասխանելու իրավունք ունի: Նախընտրում է չխոսել: Միայն ասում է, որ երկրորդ կինը երեխաների հետ ապրում է հանրակացարանում: Երբ գումար է գտնում, գնում է երեխաներին տեսակցության: Ապա ավելացնում է, որ ինքը բարոյական իրավունք չունի դատարկ գրպաններով երեխաներին այցելել: Նրանցից ոչ ոք, ըստ Արոյի, չի գալիս իրեն տեսնելու, բայց դրա համար չի մեղադրում ոչ մեկին:

«Կա մարդկանց 20 տոկոս մաքուր տեսակ, որ պահում են էն մնացած 80 տոկոսին, ու իրենց շնորհիվ էս երկրագունդը գոյություն ունի»,- ասում է Արոն: Շարունակում է միտքը, որ մարդու առաքելությունը ճիշտ ապրելն է. «Եթե բոլորս էդպես ապրենք, էսքան գորշ չի թվա կյանքը: Եթե մարդ Աստծուց վախ չունեցավ, գոնե մի քիչ, հնարավոր չի լինի ուղղել նրան, երբեք…»:

«Իսկ ո՞վ է Արարատ Կարապետյանը»,- հարցնում եմ նրան:

«Ո՞վ է... Մարդ, որը չի սիրում սուտը»,- պատասխանում է Արոն:

Մոտակա ռեստորանի աշխատակիցներից մեկը հետո մեզ պատմում է, թե երբեք չես լսի, որ Արոն բողոքի, օգնություն խնդրի, սոված օրեր շատ է ունենում, բայց չի խոսի դրանց մասին: Արոն ասում է՝ ինչ վիճակում էլ մարդ հայտնվի, արժանապատիվ պիտի լինի, չստի ու ամեն իրավիճակից իսկական մարդ դուրս գա, անկախ լավ ու վատ մասնագետ լինելուց:

Երազում է թատրոն գնալ: Ասում է՝ մի ժամանակ սիրում էր ներկայացումներին գնալ, իսկ հիմա... Խոսակցությունը երբեք չի ծանրացնում, թեթևակի շեշտում է՝ դե հիմա չի ստացվում: Երազում է տուն ունենալ, բայց դա չի կարող պատկերացնել...

Քամին տկտկացնում է տանիքի թիթեղները: Արոն ընկերոջն ասում է. «Նարինջները, նարինջները պիտի հասցնեմ առնել, բա առանց նարնջի ինչ Նոր տարի»:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Sanjay Kumar Yadav12:43 - 19 դեկտեմբերի, 2017
I think poverty is not only reason of unhappiness of life. The consequences of life is more important. The one of best writer of hetq.am is Marine Martirosyan. Hows great real story and ways of life. God bless Ararat Karapetyan.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։