Չորեքշաբթի, 24 հունվարի

Լեզվաբան Գեւորգ Ջահուկյանի ազգականը թանգարան ստեղծելու ապարդյուն փորձեր է անում` նրա թողած ժառանգությունն ի պահ տալու համար



Լոռու մարզի Մեծավան գյուղում է ծնվել 20-րդ դարի հայ լեզվաբանության խոշոր դեմքերից մեկը` Գևորգ Ջահուկյանը: Նա հանգել է լեզվի համընդհանուր գաղափարի ստեղծմանը, հայ բարբառագիտության բնագավառում հիմնել է նոր գիտակարգ, ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել է քերականական նոր կարգեր: Ներկայացրել է հայերենի առավելությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների համեմատությամբ։

Անձնական կյանքը գիտականին զոհաբերած լեզվաբանը ժառանգներ չունեցավ, սակայն մեծանուն լեզվաբանի ազգականը (հոր քեռու տղան)` Գրողների միության անդամ, գրող, հրապարակախոս Մելս Բաղդասարյանը, 2005 թվականից մինչ այսօր պահպանում է մեծանուն հայագետի թողած ժառանգությունը: Նա մտահոգ է, որ հայ լեզվաբանության խոշոր դեմքերից մեկը թանգարան չունի:

«Իր մահից երկու ամիս առաջ նստած էինք իր տանը, պետական թանգարանից եկան, ասացին, որ ուզում են բաներ իր մասին հավաքել, մի անկյուն հատկացնել… Դե համեստ մարդ էր, չէր ուզում, ասաց. «Աչիկ ջան, ժամանակ չկա, թող մնա …»: Բաղդասարյանն ասում է, որ այս դեպքից հետո իր մտքում գաղափար հղացավ անպայման մի բան ձեռնարկել:

Մելս Բաղդասարյանը

Ջահուկյանի մահից հետո նրա 10 000 կտոր գիրքն անցավ ԳԱԱ պահուստային ֆոնդին, իսկ աշխատասենյակի ամբողջ գույքը, ձեռագրերը և այլ անձնական իրեր Բաղդասարյանի խնդրանքով անցել են իրեն: «Հուլիսի 2-ին կամ 3-ին էր, չեմ հիշում արդեն, ծանր վիճակում նրան տարան հիվանդանոց, փոքր եղբորը` Մելսին (ում անունն ինձ է անցել) ասել էր, որ իր աշխատասենյակի ամբողջ գույքը տան ինձ»,- հիշում է գրողը:

Անվանի հայագետի անունով թանգարան բացելու հարցով գրողը նախ դիմել է մշակույթի նախարարություն: «Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի հետ գրություն ուղարկեցինք Հասմիկ Պողոսյանին (ՀՀ մշակույթի նախարար 2006-2016 թթ), քեռու (նկատի ունի Գևորգ Ջահուկյանին-հեղ.) անունով թանգարան բացելու խնդրանքով, սակայն նա ասաց, որ այդ հարցերով տեղական ինքնակառավարման մարմինները պիտի զբաղվեն, իրենք ֆինանսավորում չունեն: Ասել էր` գիտական բնագավառում օգտակար կլինենք, բայց դա չենք կարող…»,- ասում է Մելս Բաղդասարյանը:

Հայագետի մահից հետո` 2005 թվականի նոյեմբերին, Բաղդասարյանը աշխատասենյակի ողջ գույքը, անձնական իրերը, ձեռագրերը, արժեքավոր փաստաթղթերը Երևանից տեղափոխում է Տաշիր և, թանգարան բացելու խնդրանքով, բազմիցս դիմում տեղական ինքնակառավարման մարմիններին, սակայն վերջիններս մերժում են գրողի խնդրանքը` պարզաբանելով, որ ֆինանսավորում չկա:

«Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հոգային այդ հարցը, որոշ ժամանակ նպաստեցին` քաղաքապետարանին կից մի շենքում սենյակ հատկացրին, բայց…»:

Ջահուկյանի անձնական իրերը

Շուրջ 11 տարի անվանի լեզվաբանի իրերը փակված են մնացել Տաշիրի քաղաքապետարանին կից մի սենյակում և պատշաճ խնամք չեն տեսել, ինչի պատճառով էլ ժամանակի ընթացքում իրերի մեծ մասը խունացել է: Միայն երեք ամիս առաջ Մեծավան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Արարատ Սոլոյանն առաջարկել է Բաղդասարյանին Ջահուկյանի իրերը տեղափոխել դպրոց, մի սենյակ հատկացնել, որը կծառայի որպես թանգարան:

Այժմ դպրոցում գործող համեստ թանգարանը բարվոք վիճակում չէ: Դպրոցի փոխտնօրենի խոսքով` ներկայիս սենյակը ժամանակավոր է, իրենք ծրագրում են ուրիշ` ավելի հարմար սենյակ հատկացնել թանգարանի համար. այժմ դպրոցում վերանորոգման աշխատանքներ են:

Իրերի մեծ մասը խունացած է, և վերամշակման կարիք կա: Բացի այդ` 2020թ. ապրիլին լրանում է մեծ լեզվաբանի 100-ամյակը: Այս առիթով Բաղդասարյանն ասաց, որ ինքը շատ կուզեր Ջահուկյանի հոբելյանական  100-ամյակին տեսնել ժամանակակից թանգարան:

«Աշխարհի մասշտաբով մեծագույն լեզվաբաններից մեկն է, բայց ահա… (ցույց է տալիս սենյակի քանդված պատերը) դա պատվաբեր չէ մեր ազգին, մենք ունենք շատ մեծեր, որոնց անունով լավ կլիներ, որ թանգարաններ լինեին: Պատմությունը պետք է այսպես պահենք…»,- ասում է նա` զգուշությամբ տեղավորելով ձեռագիր թղթերի կապոցը գրադարակում:

Ելենա Սարսգյան

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ