HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դուք պաշտպանության իրավունքը վերածել եք խեղկատակության». փաստաբան Հայկ Ալումյանը՝ «զինված խմբի» գործով դատավորին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստն ընդմիջվեց երկու շաբաթ ժամանակով։

Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ հրաժարվում է հանրային պաշտպաններից և ցանկանում, որ իր շահերն այսուհետ պաշտպանի մասնավոր պաշտպան Նարինե Ռշտունին։ Վերջինս այսօր ներկայացել էր դատարան, սակայն հայտնեց, որ անգամ իր պաշտպանյալի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը չունի, ծանոթ չէ գործի 37 հատորներին։

Նարինե Ռշտունին 40 աշխատանքային օր ժամանակ խնդրեց գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար, սակայն դատարանը նշեց, որ այդքան ժամանակ չի կարող տրամադրել։

«Մենք այժմ նյութերի ծանոթացման փուլում ենք՝ 12-րդ հատորում։ Ձեր պաշտպանյալի որևէ իրավունք չի խախտվի, եթե դուք մասնակցեք ու ծանոթանաք»,- փաստաբանին դիմելով՝ ասաց դատավոր Արմեն Բեկթաշյանը: Մեղադրող դատախազներից մեկը միացավ նրա այս դիրքորոշմանը:

Նշենք, որ այս գործով դատական նիստերը սովորաբար նշանակվում են շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին: Սակայն, ինչպես պարզվեց, եթե ադ օրը նիստ նշանակվեր, ապա ներգրավված հանրային պաշտպաններից ոմանք ներկա չէին կարող լինել: Նրանց փոխարինող պաշտպաններ ևս, հնարավոր է, չներկայանան։

Այս քննարկումից հետո Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն առարկեց դատարանի հայտնած դիրքորոշումների դեմ։

«Իմ պաշտպանյալն էլ որոշակի խնդիրներ ունի՝ կապված դատական պրոցեսի ձգձգումների հետ, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ ասել, որ պաշտպանը կարող է 37 հատորին ծանոթանալ մեկշաբաթյա ժամկետում: Այդ դեպքում ինքն ուղղակի չի ծանոթանա գործի նյութերին, քանի որ դա հնարավոր չէ անել մեկշաբաթյա ժամկետում»,- հայտարարեց Հայկ Ալումյանը։


Փաստաբանի խոսքով՝ մեկշաբաթյա ժամկետում անգամ հնարավոր չէ այս գործով մեղադրական եզրակացությանը ծանոթանալ: Ըստ որում՝ ծանոթանալն, ըստ Ալումյանի, սոսկ գործը կարդալը չէ։

«Մենք տեսնում ենք, որ արդեն մեկ տարի մեր աչքի առաջ կոպիտ ձևով խախտվում է այս մարդու պաշտպանության իրավունքը։ Խախտվում է, որովհետև հանրային պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանն օբյեկտիվ պատճառով նրա պաշտպանությունը չի շարունակել, ուրիշ հանրային պաշտպան իր հետ անգամ չի հանդիպել, որպեսզի պաշտպանական մարտավարության հարցեր քննարկվեն, քանի որ ծանրաբեռնված են։ Եվ առհասարակ, այս դատավարության ընթացքում ինչ է նշանակում «Այս պաշտպանը չեկավ, եկեք նրան փոխարինենք ուրիշ պաշտպանով ու նիստը շարունակենք» արտահայտությունը։ Սա նշանակում է, որ Դուք պաշտպանության իրավունքը վերածել եք խեղկատակության»,- դատարանին դիմելով՝ ասաց Հայկ Ալումյանը։

Փաստաբանի խոսքով, փաստորեն, հանրային պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանից հետո Հարություն Սարիբեկյանի հետ որևէ պաշտպան չի հանդիպել և զրուցել, և հիմա, երբ նա նոր պաշտպան ունի, որը ժամանակ է խնդրում գործի նյութերին ծանոթանալու համար, դատավորն ասում է, թե ընթացքում կարող է ծանոթանալ այս նյութերին։

«Սա նշանակում է, որ մենք ասում ենք, թե այս դատավարությունում պաշտպանները զուտ ձեւական բնույթ են կրում, որ եկել են՝ զուտ ցույց տալու, որ պաշտպանական իրավունքն ապահովված է։ Եթե մենք ձևականորեն ենք այստեղ եկել, ապա ես այս ներկայացմանը չեմ պատրաստվում մասնակցել, իսկ եթե մենք եկել ենք իրական պաշտպանություն իրականացնելու, ուրեմն պիտի այս մարդկանց հնարավորություն տրվի ամբողջությամբ և մանրամասն ծանոթանալ գործի նյութերին»,- ասաց Ալումյանն ու ընդգծեց, որ պաշտպանը գործում առկա ապացույցների հետազոտման փուլում հրապարակված ցանկացած ապացույցի, ամեն նախադասության վերաբերյալ պետք է արդեն իր դիրքորոշումն ունենա։

«Մի տարի է՝ այս մարդն այստեղ նստած է և չգիտի՝ ինչ է այստեղ կատարվում։ Ես գտնում եմ, որ փաստաբանների համար վիրավորական է, երբ այս գործի նյութերին ծանոթանալու համար նրանց մեկ շաբաթ ժամանակ է տրվում։ Դա նշանակում է ասել, որ դուք այստեղ եղած, թե չեղած` մի հաշիվ է։ Սա նշանակում է մասնագիտությունը նվաստացնել։ Եթե, օրինակ, ես իմանայի, որ մեր մեղադրողներից մեկն ընդամենը մեկ շաբաթում է այս նյութերին ծանոթացել, ես նրան այդ հիմքով բացարկ կհայտնեի ու համոզված եմ, որ դա կլիներ ամենալուրջ հիմքերից մեկը»,- ասաց Հայկ Ալումյանը։ 

Փաստաբան Նարինե Ռշտունին էլ դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալ Հարություն Սարիբեկյանն արդեն երկու օր հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ իր նկատմամբ անարդարությունների պատճառով։

Դատարանն, այնուամենայնիվ, երկու շաբաթ ժամանակով հետաձգեց նիստն ու հաջորդը նշանակվեց դեկտեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter