Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հրաժարվել է հէկերի բիզնեսից. նոր տերերից է Քոքոբելյանի եղբայրը



«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը վաճառել է հէկերը: Նրա հէկերի նոր տերերից մեկը «Ազատ դեմոկրատներ»-ի հիմնադիր, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբայրն է` Վաչիկ Քոքոբելյանը: Քոքոբելյան եղբայրները, հիշեցնենք, հէկերի բիզնեսում նոր չեն: Տավուշի մարզում նրանք ունեն արդեն կառուցած հէկեր:

Այս ամենը պարզ է դառնում, երբ ուսումնասիրում ենք Բնապահպանության նախարարության տարածած հայտարարությունը, համաձայն որի` մշակվում  է «Ֆերա» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի վարչական տարածքում Արփա գետի Եղեգիս վտակի վրա «Խաչի Քար», «Խաչի Քար-2» և «Խաչի Քար-3» փհէկերի կառուցման նպատակով  ջրօգտագործման թույլտվության նախագիծը: 

«Ֆերա» ՍՊԸ-ն գրանցվել է այս տարվա մարտին: Հիմնադիրներից մեկը նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբայրն է` Վաչիկ Քոքոբելյանը: Նրա գործընկերը 27-ամյա Լևոն Քոչարովն է:

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տեղեկությունների համաձայն` «Ֆերա» ՍՊԸ-ի  իրավանախորդը «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն է: Վերջինի բաժնետերերից էր հենց ինքը` Սերգեյ Բագրատյանը, որի կառուցած ու կառուցվող հէկերին «Հետք»-ն արդեն անդրադարձել է: Բագրատյանն արդեն գործարկել էր երկու հէկը, ևս մեկն էլ կառուցում էր:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով` «Ֆերա» ՍՊԸ-ն այս տարվա սեպտեմբերից արդեն իսկ շահագործում է «Գնդեվանք» հէկը` Արփա գետի Անկան վտակի վրա: Այն 1500 Կվտ հզորություն ունի:  Դա Բագրատյանի` կառուցվող հէկերից մեկն էր: Դրանից առաջ էլ Բագրատյանն արդեն գործողն ուներ, որը կառուցել էր դեռևս Վայոց ձորի մարզպետ լինելու ժամանակահատվածում:

ԲՆ հայտարարությունը վերաբերում է կառուցվող երեք հէկերին, սակայն ելնելով արդեն իսկ գործող ու նախատեսվողների ցանկից, Քոքոբելյանին մնում է կառուցել վերջինը: Եվ ըստ այդմ` կլինի երեք հէկ, ինչի մասին հայտարարել է ԲՆ-ն:

Հիշեցնենք, որ Արփա գետի Եղեգիս վտակը ամենածանրաբեռնվածներից մեկն է Հայաստանում: Այնտեղ կառուցված հէկերին և դրանց տերերին ևս անդրադարձել ենք: Առավելապես պաշտոնյաներն ու նրանց հարազատներն են «օկուպացրել» Եղեգիսը:

Սերգեյ Բագրատյանից հետաքրքրեցինք, թե ինչու է որոշել ազատվել հէկերից: «Այլևս ոչ մի գործարարություն»,- ասաց Սերգեյ Բագրատյանն ու նշեց, որ պատգամավոր լինելով` բիզնեսով այլևս չի զբաղվում, դրա համար իր հէկերը փոխանցել է իր գործընկերոջը` բաժնետեր Լևոն Քոչարովին: Թե հետո ինչպես է տնօրինել գործընկերը, տեղյակ չէ: Այդուհանդերձ, Սերգեյ Բագրատյանի խոսքով` նպատակահարմար չէր այդ հէկերը պահելը, դրանք նաև շահավետ չէին:

Պետռեգիստրի տվյալներով` պատգամավորի ընկերությունը` «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն 2015 թվականից սկսած պետական բյուջեին 900 հազար դրամի չափով պարտքեր ունի, ինչի պատճառով ԴԱՀԿ-ում բազմիցս կատարողական վարույթներ են հարուցվել:

Վերջին վարույթը հարուցվել է այս տարվա սեպտեմբերին, և ընկերության նկատմամբ սահմանափակումներ է կիրառվել 775 hազար դրամ պետբյուջեին ունեցած պարտքի համար:

Բացի դրանից` Սերգեյ Բագրատյանի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել ընկերությունը սնանկ ճանաչելու դիմումի վարույթի շրջանակներում, որը վերացվել է հաշտության համաձայնության հիմքով:

Սերգեյ Բագրատյանն, այդուհանդերձ, բիզնեսի որոշ տեսակներից դեռևս չի ձերբազատվել և շարունակում է բաժնեմաս ունենալ այլ ընկերություններում:

Պետռեգիստրի տվյալներով` նա միանձնյա բաժնետեր է «Սերգեյ գրուպ» ՍՊԸ-ում, որը զբաղվել է վառքի մազութի մեծածախ առևտրով: Այս ընկերության գործերը ևս լավ չեն ընթանում: Ընկերության նկատմամբ ևս սնանկության վարույթներ կան, և այստեղ էլ սահմանափակումներ են կիրառվել բաժնետիրոջ` Սերգեյ Բագրատյանի նկատմամբ: Ըստ պետեկամուտների կոմիտեի` ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:

50 % մասնակցություն ունի նաև հեղուկացված վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող «Եվրո օյլ» ՍՊԸ-ում: Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականի մարտին:

Սերգեյ Բագրատյանը 50% բաժնեմաս ունի նաև «Բազե հէկ» ՍՊԸ-ում, որի նկատմամբ ևս սահմանափակումներ կան` սնանկության հայցի շրջանակներում: 


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Մեծ պաշտոնյաների փոքր հեկերը» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ