HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներսես Պողոսյան. «Իմ էրեխեքն էլ են մեր հերոսներին ճանաչում, իրանց էլ բռնեք»

«Ես ուզում եմ շնորհավորել Ադրբեջանի նախագահ Ալիևին, քանի որ այսօր բանտերում են այն ազատամարտիկները, որոնք Ադրբեջանի ահ ու սարսափն էին»,-հարցաքննությունն այսպես սկսեց «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը:

Ներսեսը պատմեց, որ 2000-ականների սկզբից մասնակցել է քաղաքացիական շարժումների, հավաքների, իրեն համարում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդ: Հենց դրանով էլ պատճառաբանում է իր կալանավորումը: Ժիրայր Սեֆիլյանին անձամբ չի ճանաչել, իմացել է ու գիտի որպես Արցախի հերոսի. «Իմ էրեխեքն էլ են մեր հերոսներին ճանաչում, իրանց էլ բռնեք»,-ասաց Ներսես Պողոսյանը:

Անդրադառնալով իր ընտանիքի անդամների հետ կատարված տարօրինակ դեպքերին՝ հայտարարեց. «Հեռու մնացեք իմ տնեցիքից, թե չէ, եթե ես ձեր տնեցիքին կպա, կմռմռաք»: Ներսես Պողոսյանը նշեց, որ տարօրինակ կերպով մայրն ընկել է վթարի, ապա՝ կոմայի մեջ, ինչի մասին վերջերս է իմացել:

Խոսելով 2015-ի ապրիլի 24-ի հավաքի մասին՝ Ներսես Պողոսյանը նշեց, որ խաղաղ հավաք է եղել. «Եթե հավաք անելը զանգվածային անկարգություն ա, թող ասեն, իմանանք»:

Ներսես Պողոսյանը վրդովված էր. «Ոչ մի բանի համար տարի յոթ ամիս ինձ բերդում են պահում… սկզբից գրել էին, թե իմ տնից զենք են հանել, ամիսներ հետո ասեցին՝ ներող, վրիպակ ա եղել…Սմբոն զենքերը ֆռռցրել ա (նկատի ունի Սմբատ Գալոյանին, ով ազատության մեջ է), իրան ոչ մի բան, տարօրինակ չի… կալանքը ինձ չի վախեցնի, քննիչ Մակինյանի ասած՝ 25 տարին էլ»,- ասաց Ներսես Պողոսյանը՝ հիշելով ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի ճակատագիրը՝ 20 տարի բանտում, մահից հետո՝ Եռաբլուր:

Նա դատարանում հայտնեց, որ հրաժարվել է առերեսումներից, քանի որ պաշտպան չի ունեցել: Քննիչներից մեկն ասել է, որ եթե չգա առերեսման, նոր հոդված կդնեն: Այդպիսով՝ գնացել է երկու առերեսումների: Նշեց, որ Հովհաննես Պետրոսյանի հետ առերեսումը սկսվել ու ավարտվել է 30 վայրկյանում, երբ հասկացել է, որ սուտ ցուցմունք է տալիս Հովհաննեսը, վիճել է նրա հետ, ու առերեսումն ավարտվել է: Իսկ մյուս ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի հետ առերեսմանը նստել է պատի տակ, անգամ չի լսել, թե ինչ է խոսել վերջինը: Այնինչ կազմվել են առերես հարցաքննությունների արձանագրություններ: Բայց, ըստ Ներսես Պողոսյանի, արձանագրություններ կան, որտեղ իր ստորագրությունը չէ:

Ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանն էլ հայտարարեց դատարանում, որ քննիչին վստահելով՝ չի կարդացել որևէ փաստաթուղթ, սակայն ստորագրել է, քննիչն անգամ ասել է. «Մի հատ կոֆե չխմե՞նք»: Նա նշեց, որ ամբողջ մեկ օր եղել է քննչական կոմիտեում, ցանկացել է արագ վերջանա գրելու պահը, որ իրեն հետ տանեն ՁՊՎ: Երբ ընթերցվեցին նրա նախաքննական 4 ցուցմունքները, հայտարարեց՝ մեծ մասը իր մտքերը չեն: Ընդունեց, որ զենք է տեղափոխել և Հովհաննես Պետրոսյանի հետ մեկ անգամ գնացել է հեռուստաաշտարակի մոտ՝ ման գալու. «Որ Հովոյին շները չուտեին», կարծել է, թե Հովհաննեսը նկարիչ է, ու նրան պետք է առավոտ շուտ տարածքը տեսնել: Չի իմացել այցի բուն նպատակը:

Մեղադրող դատախազները

Գալուստ Գրիգորյանը նախաքննության ժամանակ տվել է 4 ցուցմունք, 4-ում էլ կրկնվող, նույնաբովանդակ մտքեր են, ինչպես պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց՝ copy-paste եղանակով, հարցաքննություններ, որոնք սկսվել ու չեն ավարտվել: «Օրինակ՝ հունիսի 2-ի հարցաքննությունը սկսվել է 16:05-ին ու մինչ օրս շարունակվում է»,- նկատեց Ներսես Պողոսյանը: Կային արձանագրություններ, որոնցում նշված չէր հարցաքննության վայրը:

«Չէի մտածում, որ քննիչը կգրի էն, ինչը չեմ ասի»,-ասաց Գալուստ Գրիգորյանը՝ նշելով, որ հոգեկան խիստ հուզմունքի մեջ է եղել ձերբակալվելուց հետո՝ առաջին օրերին, որ անգամ կալանավորման որոշումն է պատռել:

Գալուստ Գրիգորյանը դուդուկի ուսուցիչ է, խնամքին է միայնակ թոշակառու 74-ամյա մայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter