ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Աջ ղեկով մեքենաների ներկրումն ապրիլի 1-ից կարող է արգելվել



Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլագիաների նախարարությունը փորձում է հասնել նրան, որ 2018 թվականի ապրիլի 1-ից արգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան:

Նախարարությունն արդեն մշակել է համապատասխան նախագիծ, որը բաց է քննարկումների եւ առաջարկների համար: Բայց, միեւնույն է, աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայատան կարգելվի: Քաղաքական որոշումն արդեն կա:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ մեր երկրում ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթեւեկություն: Նախարարությունում կարծում են, որ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը Հայաստանում երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:         

Առաջին փուլով՝ աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի, իսկ հետագայում՝ նաեւ շահագործումը Հայաստանում: Նախագծով առաջարկվում է թույլատրել մինչեւ 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը․ իսկ սա նշանակում  է, որ որոշումն ընդունելուց հետո աջ ղեկով ավտոմեքենաները չեն կարող վաճառել: Ի դեպ, Հայաստանը գնում է Ղազախստանի եւ Բելառուսի ճանապարհով: Մաքսային միության հանձնաժողովը 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման համաձայն` աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելվում է Ղազախստան եւ Բելառուսում: Հայաստանը նույնպես կմիանա այս երկրներին:

Կառավարությունը բավականին լուրջ ու համարձակ քայլի է գնում, որից, ի դեպ, ներկրողները, վարորդներն են տուժելու: Եվ ոչ էլ վթարների թիվն է նվազելու: Բանն այն է, որ վերլուծություն կամ վիճակագրութուն չկա, թե վթարներում որ տրանսպորտային միջոցներն են ավելի շատ մեղավոր՝ ձա՞խ, թե աջ ղեկով ավտոմեքենաները: Ավելին, աջ ղեկով տրանսպորտային միջոցների վարորդները բավականին զգույշ են երթեւեկության մեջ: 

Աջ ղեկով ավտոմեքենաները՝ նույն մոդելի, նույն տարեթվի դեպքում, մոտ 1500-2000 ԱՄՆ դոլարով էժան են, քան ձախակողմյանները: Խոսքը միջին գնի ավտոմեքենաների մասին է: Հենց դրանով է պայմանավորված, որ ներկրվող տրանսպորտային միջոցների մեջ վաղուց մեծ թիվ են կազմում աջակողմյանները:

ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից, առանց միջնորդական մեծ վճարների, օնլայն տարբերակով գնում են էժան մեքենաներ, որոնց մաքսազերծումն առանց այն էլ կարող է որոշ դեպքերում ձեռք բերելու գնին համարժեք լինել: Այս որոշումից հետո հայ վարորդները զրկվում են էկոնոմ գներով հարմարավետ մեքենաներ ձեռք բերելու այս մի հնարավորությունից եւս:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (3)
1. Տիգրան21:41 - 15 դեկտեմբերի, 2017
Ախմախ որոշում...
2. Hagop03:36 - 16 դեկտեմբերի, 2017
Actually "banning" is silly. What the government should do is, put a heavy tax on them so that people will get discouraged from owning such vehicles that are not normal to that country's traffic system. Being cheaper is where the problems is, it should be more expensive. This way, someone who is willing to pay extra has the freedom to get one if that's what they want.
3. Սամվել 10:23 - 16 դեկտեմբերի, 2017
Վերջապես։ Մնում է սահմանել աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման գրաֆիկը (շաբաթ, կիրակի, զույգ կամ կենտ օրեր)։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ