HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Երեւանի կանաչ տարածքների ոչնչացումը շարունակվում է

Երեւանի կենտրոնում շարունակվում է կանաչ տարածքների ոչնչացումը, հատվում են 4 0 տարվա ծառերը, փորվում են գազոնները: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն արդեն երկու անգամ լրագրողների ներկայությամբ հայտարարել է, որ իր պաշտոնավարության ժամանակ իր որոշմամբ կանաչ տարածքներում հողահատկացումներ չեն եղել: 

Սուտ խոսելու համար պաշտոնյաներին Հայաստանում չեն պատժում: Մենք հրապարակել ենք փաստեր Ե.Զախարյանի` կանաչ տարածքներում կատարած հողհատկացման որոշումների մասին: 

Դեռեւս հուլիսի սկզբին մենք դիմել էինք քաղաքապետին` Իսահակյան 28 հասցեյում (Արմենպրես լրատվական գործակալության դիմաց) գտնվող կանաչ տարածքում հողհատկացման մասին որոշմանը ծանոթանալու համար: Առայսօր պատասխան չենք ստացել: Մեզ հաջողվել է պարզել, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի 2003 թ. երկու տարբեր որոշումներով` սկզբից 20, այնուհետեւ 580 քմ մակերեսով տարածք է տրվել Կարեն Իսախանյանին` բացօթյա սրճարան կառուցելու համար: Կ. Իսախանյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի օգնականն է:

Լրատվամիջոցներում հրապարակված այն լուրի կապակցությամբ, թե տարածքի իրական տերը հենց Հովիկ Աբրահամյանն է, վերջին որեւէ մեկնաբանություն չի տվել: Գրեթե բոլոր լրատվամիջոցները հունիսի 16-ին անդրադարձան այս փաստին: Նախագահական վերահսկողության ծառայության աշխատակիցներն այցելեցին ծառահատման վայրը: Նույն օրը շինարարությունը դադարեցվեց: Սակայն 40 տարեկան ծառերն արդեն հատված են: Իսկ Հովիկ Աբրահամյանը շարունակում է պաշտոնավարել: Այս փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել: Նշանակում է` որեւէ մեկը պատասխանատվության: 

Էկոլոգներն էլ շարունակում են կազմակերպել սեմինարներ եւ քննարկել Հայաստանի տարբեր էկոլոգիական խնդիրներ: Միջազգային կազմակերպությունները պետությանը ֆինանսավորում են այս կամ այն էկոլոգիական խնդիրներն ուսումնասիրելու համար: 

Տարին երկու անգամ, որպես կանոն, պաշտոնյաները կազմակերպում են ծառատունկ: Հեռուստաընկերությունները մի քանի օր շարունակ ցուցադրում են, թե ինչպես է նախագահը կամ քաղաքապետը հող փորում ու ծառ տնկում: Սրանով ամեն ինչ ավարտվում է: Հետո քաղաքապետը գնում է իր աշխատասենյակ եւ ստորագրում կանաչ տարածքում հերթական հողհատկացման մասին որոշումը: Ահա այսպիսի ավարտ է ունենում Հայաստանում յուրաքանչյուր ապօրինություն: 

Իսկ նախարար Հովիկ Աբրահամյանը գնում է հերթական թանկարժեք մեքենան, ազգային անվտանգության ծառայության պետ Կառլոս Պետրոսյանը կառուցում է հերթական մի քանի միլիոնանոց առանձնատունը: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն իր բիզնեսի արանքում հասցնում է մամուլի ասուլիս տալ եւ քննադատել ԱրմենՏելին... ու այսպես շարունակ: Հայաստանի պաշտոնյաները զբաղված են միմիայն իրենց բիզնեսով: 

Իսկ թե ինչ է քննարկում վերջերս ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդն իր հավաքներում, այդպես էլ ոչ ոք չի իմանում եւ երբեւէ չի էլ իմանա:

Իսկ «Հետաքննող լրագրողների» գրասենյակում օր-օրի ավելանում են սովորական քաղաքացիների այցելությունները եւ նրանց դիմումները իշխանավորների հերթական ապօրինությունների վերաբերյալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter