Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Վճիռ՝ հանուն օգնականիս



Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեւիկ Պողոսյանի օգնական Հովսեփ Զաքարյանը վայքեցիներին առավել հայտնի է իր մասնավոր բիզնեսով՝ «տոկոսով գումար է տալիս»: Այս «մասնագիտությանը» նա տիրապետել է շատ վաղուց, երբ դեռ դատավորի օգանական չէր, երբ մարզի հարկադիր կատարման աշխատակիցն էր: Օրերից մի օր նրա ծառայությունից օգտվում է նաեւ Երեւան քաղաքի բնակիչ Գեւորգ Թորոսյանը՝ Ջերմուկ քաղաքում բնակվող իր մոր օժանդակությամբ 1998թ.-ին նրանից պարտք վերցնելով 4000 ԱՄՆ դոլար: Գեւորգ Թորոսյանի կինը՝ Նարինե Աղաջանյանը պատմեց, որ ժամանակին պարտքը չեն կարողացել մարել եւ ժամկետը լրանալուց մի քանի ամիս հետո իրենց խանութի աշխատակիցների ներկայությամբ Հովսեփ Զաքարյանին տվել է 600 ԱՄՆ դոլար: Այնուհետեւ պարտատիրոջն առաջարկել են պարտքը մաս-մաս վերադարձնել, որին չհամաձայնելով նա դիմել է դատարան կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ իր վերադասին: 

«Քանի որ Հովսեփ Զաքարյանը Վայքի դատավորի օգնականն է, իսկ կինը՝ քարտուղարուհին, նրանց համար դժվար չէր իրենց ցանկալի վճիռն ստանալ»,- ասում է Ն. Աղաջանյանը: 1999թ. դատավոր Լ. Պողոսյանը բավարարում է Հ. Զաքարյանի հայցը՝ վճռում է Գեւորգ Թորոսյանից ու նրա մորից՝ Ռիտա Ենգիբարյանից, համապարտության կարգով հօգուտ Հ. Զաքարյանի բռնագանձել 7600 ԱՄՆ դոլար: Թե ինչ թվաբանությամբ են հաշվարկվել տոկոսները պարտքն այդքան մեծացնելու համար՝ պարտապաններին անհայտ է:

Վճռի հիման վրա Հովսեփ Զաքարյանը դիմել է հարկադիր կատարման ծառայություն եւ կատարողական ակտով Գ. Թորոսյանի ունեցած պարտքի դիմաց բռնագանձումը տարածել են նրա կնոջ հայրական տան վրա: «Ծնողներս ծեր են, նրանց խաբելով 500 դոլարի գույք են առգրավել: Այդ տանը եղբայրս է բնակվում իր ընտանիքով»,-ասաց Ն. Աղաջանյանը: Այդուհանդերձ, այս կերպ Հ. Զաքարյանը պարտապաններից ստացել է 1100 դոլար եւ մայր գումարից մնում էր վերադարձնել 2900 դոլար, որի համար նա դիմել է նոր խարդավանքի: «Սկեսուրիցս խաբեությամբ վերցրել է բնակարանի սեփականության վկայականը եւ չի վերադարձրել: Ինքը կազմակերպել է բնակարանի առքուվաճառքը, չգիտենք ինչքանով է վաճառել, բայց դրանից 500 դոլար տվել է սկեսուրիս ու դուրս է հանել տնից»: 

Սակայն հարցը դրանով ոչ թե փակվում է, այլ ընդամենը սկսվում, քանի որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փող. 24 շենքի թիվ 12 բնակարանի 6 համասեփականատերերից 5-ը գտնվում են Ռուսաստանում եւ անտեղյակ են իրենց սեփականության վաճառքին: Բացի այդ, Գեւորգ Թորոսյանը նույնպես համամիտ չէ, որ իր պարտքերը մարվեն հարազատների ունեցվածքի հաշվին եւ մտադիր չէ հաշտվելու կատարված ապօրինությունների հետ: 

Հ. Զաքարյանին ակնհայտորեն դուր չի եկել վերջինիս միջամտությունը իր գործարքներին եւ նոր հնարքի է դիմել. 2003թ.-ին բնակարանի սեփականատերեր Սվետլանա Թորոսյանին ու ամուսնուն, նրանց որդու միջոցով մի նամակ է ուղարկում, որով փաստաբան Լ. Բակումյանի բնութագրմամբ, դատավորի օգնականը «կիսաաղերսանքի եւ կիսասպառնալիքի» ձեւով, փորձում է նրանցից վճռի առնչությամբ նոտարական կարգով վավերացված համաձայնություն ստանալ:

«Մինչեւ առուվաճառքի գործարք կնքելը պարզվել է, որ դուք Ձեր երեխաների հետ միասին համարվում եք բնակարանի համասեփականատերեր եւ գործարքը չէին կատարում: Քանի որ Ռիտա տոտան ուզում էր, որ անպայման գործարքը կատարվի՝ տարբերակ ընտրվեց Ձեզ եւ երեխաներին դատական կարգով բնակարանի գրանցումից հանելը»: Դատավորի օգնականը խնդրել է, «բոլոր տեսակի քաշքշուկներին վերջ տալու համար» դատավորի անունով ֆաքս ուղարկել, որ 01.09.03թ.-ին կայացված վճռի հետ կապված բողոքներ չունեն եւ համաձայն են բնակարանի վաճառքին: Հ. Զաքարյանը նրանց տալիս է նաեւ դատավորի ֆաքսի համարը, որով համասեփականատերերը պետք է նոտարական վավերացումով ուղարկեին նրա թելադրած տեքստը: Այնուհետեւ սպառնում է՝ «եթե չուղարկեք եւ գործարքը անվավեր ճանաչվի՝ ստիպված բնակարանը կվաճառվի աճուրդային կարգով»: 

Բնակարանի համասեփականատերերն, իհարկե, դատավորի օգնականի պահանջած ֆաքսը չեն ուղարկում, փոխարենը փաստաբան Լուսինե Բակումյանին լիազորում են դատարանում իրենց անունից հանդես գալու եւ կատարված գործարքն անվավեր ճանաչելու համար: Վերջինիս ասելով դատական առաջին իսկ նիստերից, ինչպես նաեւ նախկինում կայացրած վճիռներից ակնհայտ է դարձել դատավորի շահագրգռությունը գործարքը կայացնելու հարցում: Սեփականատերերի իրավունքները պաշտպանելու համար մեկ-երկու նիստից հետո ինքը հարկադրված է եղել բացարկ հայտնել դատավորին: Զարմանալի փութաջանությամբ դատավոր Լ. Պողոսյանն աջակցում է իր օգնականի նախաձեռնություններին:

Ռ. Ենգիբարյանի անունից բնակարանի մյուս սեփականատերերի սեփականության իրավունքը կորցրած ճանաչելու հայցը դատարան մուտք անելուց հետո ընդամենը 5 օրվա ընթացքում, առանց պատասխանողների, նիստ է հրավիրում Ջերմուկ քաղաքում, այն դեպքում, երբ դատարանի նախագահ Լ. Պողոսյանի նստավայրը Վայքն է: «Նպատակը եղել է բնակարանի 6 սեփականատերերից 5-ին սեփականությունից զրկելը, որպեսզի սեփականատեր թողնելով միայն Ռ. Ենգիբարյանին, որը տարեց եւ հիվանդ կին է, համոզել բնակարանը վաճառի պարտքի դիմաց»,- ասում է Լ. Բակումյանը: Այնուհետեւ, 01.09.03թ.-ին կայացրած վճիռը դեռեւս ուժի մեջ չմտած, 2-րդ կնիքով հաստատել է վճռի օրինական ուժ ստանալը՝ հնարավորություն տալով նոտարական կարգով շուտափույթ կազմակերպել բնակարանի առքուվաճառքը: 

Նույն դատավորը ներկայումս պետք է քննի իր կայացրած վճռի հիման վրա կնքված բնակարանի գործարքն անվավեր ճանաչելու համասեփականատերերի հայցը: Գործի քննության ժամանակ դատավորը սեփական նախաձեռնությամբ որպես վկա հրավիրել ու հարցաքննել է իր օգնական Հովսեփ Զաքարյանին: Ի զարմանս հայցվորների վերջինս դատարանում ընդունել է այն փաստը, որ բնակարանի վաճառքի գործարքը կնքելիս ինքը եղել է Ռ. Ենգիբարյանի տանը եւ նրանից որպես պարտքի մարում վերցրել է 4000 ԱՄՆ դոլար: Նույն ժամանակամիջոցում նա դիմել է դատախազություն իր պարտքը չվերադարձնելու կապակցությամբ նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Ինչպես նաեւ, կրկին անգամ կատարողական թերթ է ներկայացրել ԴԱՀԿ ծառայություն՝ Ռ. Ենգիբարյանից եւ իր որդուց համապարտության կարգով 7600 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջով: Դատավորի օգնականը մոռացել է, որ համասեփականատերերին ուղղված նամակում ընդունել էր, որ բնակարանը վաճառելով մայրը փակել է պարտքը եւ «իրարից գոհ են հեռացել»: 

Այս ամենից հետո անհավանական համարելով Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանում հարցի օրինական լուծումը՝ փաստաբանը բացարկ է հայտնել ողջ դատարանին եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին խնդրել է գործի արդար դատաքննությունը ապահովելու նպատակով այն հանձնել մեկ այլ դատարանի քննության: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ