HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռուստամ Մախմուդյան․ «Հանրագրի մերժումը չի կարող բողոքարկվել, որովհետև այդ կերպ որևէ մեկի իրավունքը չի սահմանափակվել»

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության կողմից ներկայացված  «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը, ինչն ըստ հեղինակի հիմնավորման՝ պայմանավորված է 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով։

Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն է։ 

Արդարադատության նախարարությունը նախագծի հիմնավորումներում անդրադարձ էր կատարել նաև միջազգային փորձին։

«Գերմանիայի Սահմանադրությունն ամրագրում է յուրաքանչյուրի` առանձին կամ այլոց հետ խնդրանքով կամ բողոքով Բունդեսթագին դիմելու իրավունքը: Միաժամանակ, Գերմանիայի հիմնական օրենքը Բունդեսթագին պահանջ է առաջադրում ստեղծելու առանձին պետիցիաների հանձնաժողով, որը կքննարկի Բունդեսթագին ուղղված հանրագրերը: Պետիցիաների հանձնաժողովն իրավասու է քննարկել ինչպես Բունդեսթագի իրավասությունների ոլորտին, այսինքն` դաշնային օրենսդրությանը վերաբերող հարցեր, այնպես էլ դաշնային կառավարությանը, դաշնային մարմիններին և հանրային գործառույթներ իրականացնող այլ դաշնային կառույցներին վերաբերող հարցեր: Պորտուգալիայում գործում է նաև պետիցիաների մասին առանձին օրենք, որը համակողմանիորեն կարգավորում է հանրագրերի իրավունքի հետ կապված հարաբերությունները: Հանրագրերի իրավունքն ամրագրված է նաև Ֆրանսիայի, Լիտվայի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի և մի շարք այլ երկրների Սահմանադրությամբ և օրենքներում»,-ասված է իրավական ակտերի հրապարակման միասնական e-draft.am կայքում ներկայացված «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» օրենքի նախագծում։ Սակայն նախագիծը խորհրդարանում հայտնվելուց հետո մի շարք փոփոխությունների է ենթարկվել, որոնցից է բանավոր հանրագրի կամ  անհատական ընդունելությունների չեղարկումը։ Այս և այլ հարցերի մասին «Հետքը» զրուցել է ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի հետ․

-Պարոն Մախմուդյան, անհատական ընդունելությունը ինչո՞ւ է  հանվել օրենքի նախագծից։

Մենք քննարկում էինք, որ բանավոր հանրագիրը հանենք, քանի որ հանրագիր  բառն արդեն իսկ նշանակում է, որ այն պետք է գրավոր լինի, բայց հաշվի առնելով այն, որ մեր որոշ քաքաղացիներ կարող են պետական մարմնին բանավոր դիմել, իմ կողմից ներկայացվել է առաջարկ հետևյալ բովանդակությամբ․ եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը բովանդակում է հանրագրի բնույթ ունեցող տեղեկություններ, և անձը ստորագրում է ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, ապա այդ արձանագրությունը դիտարկվում է որպես հանրագիր և քննվում է օրենքով սահմանված կարգով։ Այն ընդունելի է համարվել Կառավարության համար, և արդեն լրամշակված տարբերակում այդ փոփոխությունը կատարվել է։ Այսինքն՝ մենք, ըստ էության,չենք անտեսում բանավոր  հանրագիրը, իսկ ինչ վերաբերում է քաղաքացիների ընդունելությանը, ես այնքան էլ հակված չեմ, որ այս օրենքը պետք է  դիտարկել որպես քաղաքացիների ընդունելության հարցի լուծում։ Պաշտոնատար անձանց մոտ ընդունելության մասնակցելը մեծ հաշվով դիտարկվում է որպես արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի իրացման ձև, որը կարող է դրսևորվել նախարարությունների կողմից նախապես հայտարարված օրերին մասնակցելով կամ չնախատեսված՝գերատեսչության ղեկավարի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ։ Այնպես որ ընդունելությունները չեն սահմանափակվում այս օրենքով։

-Հնարավո՞ր է հետագայում այս օրենքն ինչ-որ կերպ անդրադառնա քաղաքացիների ընդունելությունների սահմանափակման կամ կրճատման վրա։

- Դա բացառված է, որովհետև այն բացառապես հանրագրերին է վերաբերվում, հանրագրի ինստիտուտը ոչ այդ անվանումով այսօր էլ կա՝ «Քաղաքացիների դիմում, բողոք, առաջարկությունները քննարկելու մասին» ՀՀ օրենքում։ Դիմում-բողոքների մասով օրենքն ուժը կորցրած է ճանաչվել, որովհետև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը կա, իսկ առաջարկություններն ուժի մեջ են, բայց դա այնքան մանրամասն դրույթներ չի պարունակում, որքան հանրագրերը։

Հանրագրերը չպետք է վերաբերեն անհատական հարցերին,  օրինակ, ավտոտնակ կառուցելու թույլտվություն, կամ հարկային մարմնի վարչական ակտի հետ կապված դժգոհություն, դրանք բոլորը դիմում բողոքներ են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքով: Որպես հանրագրի օրինակներ են ասենք առաջարկել դպրոցներում դասավանդել  երգ ու պարի առարկա, որը կարող  է ԿԳՆ-ի կողմից քննարկվել, և եթե այդ առաջարկը կհամարվի ողջամիտ,  ապա այն կարող է ընդգրկվել ուսումնական ծրագրում։ Կամ, հանրագիր է, երբ քաղաքացին հիմնավորում, կամ առաջարկում է ինչ-որ հարկատեսակի  դրույքաչափը նվազեցնել ու ներկայացնելով դրա փոփոխման անհրաժեշտությունը, այսինքն այն անձի  կոնկրետ իրավունքը չշոշափող հարց պետք է լինի։ Իմ կողմից ներկայացված առաջարկության նպատակը հետևյալն էր՝ որպեսզի պետական մարմինը հետագայում չպատճառաբանի,թե հանրագիրը միայն գրավոր կարող  է լինել,  պետք է երաշխավորվի, որ քաղաքացու՝ հանրագրի բանավոր ներկայացնելուց հետո այն արձանագրվի գերատեսչության  համապատասխան աշխատակցի կողմից և վերածվի գրավոր հանրագրի։ Մյուս առաջարկս այն է, որ հնարավորություն տրվի ազգային փոքրամասնություններին ևս գրավոր հանրագիր ներկայացնել հայերեն լեզվի հետ միաժամանակ նաև իրենց մայրենի լեզվով, քանի որ նախագծում ամրագրված էր, որ հանրագրի լեզուն հայերենն է։

-Պարոն Մախմուդյան, իսկ ինչո՞ւ են կրճատվել հանրագիր ներկայացնող քաղաքացու իրավունքները, նախարարության կողմից ներկայացված նախագծում նշվում էր, որ անհրաժեշտության դեպքում քաղաքացին  կարող է մասնակցել հանրագրի քննարկումներին, կամ հանրագիր ներկայացնել այլ անձի միջոցով, այժմ այդ դրույթները չեղարկվել են։

- Նման ընթացակարգերը կաշկանդում են ավելի շատ պետական մարմնին, քան ազատ թողնում: Տեսեք, դուք  հանրագիր եք ներկայացրել համապատասխան մարմնին, որը գրանցվում է իհարկե, սակայն հանրագրի այդ առաջարկը պետական մարմինը չի ընդունում: Բայց և այնպես դրա չընդունմամբ ձեր՝ որպես քաղաքացու որևէ իրավունք չի խախտվում:  Այդ ֆորմալ ընթացակարգերը՝ հրավիրել կողմերին քննարկումների, լսել նրանց և այլն, ավելի շատ բնորոշ է քաղաքացիների դիմում-բողոքների քննարկումներին։ Կարծում եմ՝ Կառավարությունը մի փոքր նույնացրել է դրանք, և դա է պատճառը, որ ընթացակարգային որոշ դրույթներ տեղ են գտել այս նախագծում։ Հանրագրի մերժումը չի կարող բողոքարկվել, որովհետև այդ կերպ որևէ մեկի իրավունքը չի սահմանափակվել, կարող է բողոքարկվել միայն մեկ հարց, օրինակ, եթե ինձ հանրագիր եք ուղարկել, ես պարտավոր եմ պատասխանել՝ անկախ նրանից ընդունում եմ այն, թե ոչ: Այլ կերպ ասած, հանրագրին պատասխանելը պարտավորություն է, բայց դրա բովանդակությունը քաղաքացու համար պարտադիր դրական ելքով լուծելը՝ ոչ։

-Օրենքում նշվում է նաև, որ հանրագիրը կարող  է լինել ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ, ինչպես նաև հետագայում միասնական հարթակի մասին է նշվում, որտեղ կոլեկտիվ հանրագրերը կարող են հրապարակվել,քաղաքացին, երբ կոլեկտիվ հանրագիր է ներկայացնում, գիտի՞, որ այն կարող է հրապարակվել։

-Օրենքն այդպես է  կանոնակարգում, ըստ իս այդքան էլ նպատակահարամար չէ, որ բոլոր հանրագրերը հրապարակվեն, բայց պետք է  նայենք մեդալի մյուս կողմին։ Քանի որ հանրագիրը բոլորին վերաբերող հարց է, լավ է, որ այն հանրայնացվի։ Օրենքի չիմացությունը մարդուն չի ազատում պատասխանատավությունից, եթե քաղաքացին հանրագրերի մասին օրենքի համաձայն դիմում է որևէ պետական մարմնի, արդեն իսկ տեղեկացված պետք է լինի, որ հանրագիրը հրապարակվելու է։

-Ի՞նչ է տալու այս օրենքի ընդունումը մեզ և ի՞նչ պետք է արվի, որպեսզի այն որևէ խնդիր լուծի, այլ ոչ թե լինի միայն նոր Սահմանադրության պահանջ։

- Հանրագրերի ինստիտուտի արդյունավետության բարձր մակարդակի համար նախ, պետք է հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձրանա  և պետական համակարգում կամքն առկա լինի, արդյունքում քաղաքացին պատեհ-անպատեհ հանրագրեր չի ներկայացնելու, այլ դրանք կլինեն ծանրակշիռ ու ողջամիտ, իսկ այն գերատեսչությունները, որոնք ստացել են նման հանրագրեր, իրենք էլ փորձեն հետևողական լինեն  ու հաշվի նստեն քաղաքացու ողջամիտ  առաջարկների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter