HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարճատև տեսակցությունների սրահները կարելի է համալրել գողտրիկ անկյուններով

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այս անգամ ուզում եմ մի փոխշահավետ առաջարկով հանդես գալ: Առաջարկս ուղղված է արդարադատության նախարարությանն ու քրեակատարողական վարչությանը: Գաղափարը հետևյալն է՝ քրեակատարողական հիմնարկներում բացել փոքր սրճարաններ, որոնցից կարողանան օգտվել բանտարկյալներն ու նրանց հարազատները կարճատև ու երկարատև տեսակցությունների ժամանակ:

Ճիշտ է, այն բավականին լիբերալ քայլ կլինի և առաջին հայացքից ոչ իրատեսական թվացող, բայց նույն ձևով, օրինակ, 2000-ականների սկզբին անիրատեսական էր թվում մահապատժի դատապարտվածների խցերում հեռուստացույց ունենալը, հարազատի հետ առհասարակ տեսակցություն ունենալը, իսկ վերջերս նաև՝ ինտերնետով քննության անցկացումը բանտից:

Օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ կարճատև տեսակցությունների սրահը կարելի է համալրել մի գողտրիկ անկյունով, որտեղից այցելուների պատվերով սուրճ, հյութ, թեյ, թխվածք կմատուցվի, և բանտարկյալներն իրենց հարազատների հետ սրճելով կզրուցեն, իրենց կզգան իրական սրճարանում՝ ազատությանը մոտ: Չէ որ բանտերում մարդիկ կան, որոնք 20 տարի սրճարանում չեն եղել:

Նույն գաղափարը կարելի է իրականացնել նաև մյուս ՔԿՀ-ներում, չէ որ օրական բազմաթիվ մարդիկ են տեսակցում իրենց հարազատներին: Կարծում եմ՝ այս գաղափարի իրականացումը փոխշահավետ կլինի, հավելյալ գումարներ կմտնեն ՔԿ համակարգ:

Առաջարկս բխում է 1955-ին Ժնևում ընդունված Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների 60.1 կետից, որի համաձայն, հիմնարկում ընդունված ռեժիմը պետք է ձգտի բանտային և ազատ կյանքի միջև եղած տարբերությունը նվազագույնի հասցնել: Իսկ երբ այդ տարբերությունն ահռելի է, այն սպանում է բանտվածի մեջ պատասխանատվության զգացումն ու մարդկային արժանապատվության գիտակցումը: Այս ամենի անհրաժեշտությունը Եվրոպայում զգացել են դեռ 20-րդ դարի կեսերին, իսկ մենք նոր-նոր ենք սկսում իրականացնել այս կանոնները:

Որպես ԵԽ անդամ պետություն՝ մեզ համար նույնպես պարտադիր է այս մոտեցմամբ առաջնորդվելը: Իհարկե, ցանկալի է, որ քրեակատարողական համակարգը ոչ թե պարտավորված լինի, այլ խորապես գիտակցի նման մոտեցման անհրաժեշտությունը նախևառաջ հենց հասարակության համար:

Վերջին երկու տարիների ընթացքում կարճատև տեսակցությունների հարցում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բավական առաջընթաց է նկատվում: Նախկին կեղտոտ ապակիների հետևից՝ տարածության վրա և հեռախոսներով սենյակի փոխարեն՝ ներկայումս բանտարկյալները և նրանց այցելած մարդիկ նստում են առանձին սեղանների մոտ, հանգիստ շփվում իրար հետ: Ավելին՝ ի տարբերություն ԱՄՆ մի շարք նահանգների բանտերի՝ մեզ մոտ այժմ բանտարկյալը կարճատև տեսակցության ժամանակ կարող է գրկախառնվել իր հարազատների հետ, բռնել կնոջ ձեռքն ու ծնկներին նստեցնել երեխաներին: Այս զարգացումները միանշանակ ողջունելի են:

Գիտեք՝ երկու ծայաստիճան տարբերվող մոտեցում կա: Որոշները համեմատվում են տեղում դոփող կամ նույնիսկ հետընթաց ապրող երկրների հետ, ասում են, որ բանտային կյանքը պիտի վատը լինի, հիմնականում սովետական պատժողական քաղաքականության իներցիան է, որ բանտարկյալը իրավունքներ չունեցող մեկն է: Իսկ ոմանք էլ՝ առաջ են նայում, օրինակ վերցնում քաղաքակիրթ երկրներից, գտնում, որ վերականգնողական աշխատանքները կարևոր են, քանի որ նույն ազատազրկվածը վաղ, թե ուշ վերադառնալու է Ողջերի աշխարհ:

Չզարմանաք, բայց եվրոպական մի քանի երկրներում, օրինակ՝ Շվեդիայում, Նիդերլանդներում, որոշակի տարիներ բանտում անցկացնելուց հետո, բանտարկյալների ռեժիմները փոխվում են,  նրանք սկսում են ապրել մեկհարկանի տնակներում, որոնց դռները չեն փակվում, իսկ հարազատները կարող են այցելել, երբ ցանկանան, կարող են անգամ մնալ իրենց բանտարկյալների հետ:

Պատասխանատվության զգացողություն և մարդկային արժանապատվության գիտակցում. հենց այս ձևակերպումներն են դրված բանտարկյալների հետ վարվեցողության կանոնների 60.1 կետի հիմքում: Իսկ ինչպես կարող են բանտարկյալները պատասխանատվության զգացողություն ունենալ, պատասխանատվություն կրել իրենց ընտանիքների հանդեպ, երբ չեն կարող բարիք ստեղծել, գումար աշխատել, հոգալ ընտանիքի հոգսը գոնե որոշ չափով:

Օրինակ՝ Գերմանիայում մասնագիտության ընտրությունը պարտադիր է հենց դատապարտման օրվանից: Ազատազրկման տարիների ընթացքում դատապարտյալի աշխատավարձի մոտ 70-80 տոկոսը կուտակվում է նրա բանկային հաշվի վրա: Ազատվելուց նա վերցնում է իր վաստակած գումարը, որպեսզի մոտակա 1-2 տարիներին ապրուստի խնդիր չունենա՝ մինչև ազատության մեջ աշխատանք գտնելը: Փաստորեն՝ այնպիսի մեխանիզմ է ստեղծված, որ դատապարտյալը բանտում ոչ թե բեռ լինի ընտանիքի համար, այլ կարողանա պատասխանատվության բեռ կիսել, օգտակար լինել իր ընտանիքին, իսկ ազատվելուց էլ՝ չհայտնվել անճար վիճակում, հետևաբար հասարակությունն էլ ապահով կլինի, քանի որ չի լինի կրկնահանցագործության վտանգ:

Հայաստանում շատ չնչին է աշխատող բանտարկյալների թիվը, նույնիսկ դժվարանում եմ ասել՝ արդյոք տոկոս կազմում է, թե՝ ոչ: Հիմնականում աշխատում են բաց ռեժումում պատիժ կրող անզգույշ ու թեթև հանցանքների մեջ մեղադարվածները: Իսկ փակ ռեժիմում աշխատողները քիչ են: Ուրախ եմ, որ «Հետքն» ինձ աշխատելու հնարավորություն է տվել: Հենց աշխատանքիս, գրքերիս վաճառքից ստացված գումարով էլ կարողացել եմ վճարել Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսման վարձը:

… Նույն կերպ հնարավոր է լուծել նաև մարդու արժանապատվությանը վերաբերող հարցը: Եթե բանտում ազատազրկվածի արժանապատվությունը նվաստացնող պատիժ և վերաբերմունք է եղել, հասարակություն վերադառնալով՝ նախկին ազատազրկվածը որպես իր նվաստացումների պատասխանատու կարող է ընկալել նույն հասարակությանը: Այս ամենի մեջ հստակ պիտի բոլորս գիտակցենք՝ այո, ով հանցանք է արել, պետք է պատասխանատվություն կրի, բայց այդ պատասխանատվությունը պիտի լինի արդարացի: Քրեական օրենսգրքով սահմանված է, որ պատիժներից առավել խիստը նշանակվում է այն ժամանակ, երբ նվազ խիստ պատիժը չի կարող ապահովել պատժի նպատակները: Իսկ պատժի նպատակներն են անձի ուղղումը, ապագա հանցանքների կանխումն ու սոցիալական արդարության վերականգնումը:

Օրինակ՝ Իսպանիան հրաժարվել է նաև ցմահ ազատազրկում պատժատեսակից: Հիմնավորումն այն է, որ այդ պատժատեսակը հակասում է իրենց Սահմանադրությանը, քանի որ պատժի նպատակներից է անձի ուղղումը, իսկ ցմահ ազատազրկմամբ ասես ընդունվում է ուղղման անհնարինությունը: Ցմահ ազատազրկումից հրաժարվել են նաև մի քաին լատինամերիկյան երկրներ՝ Բրազիլիա, Վենեսուելա, եվրոպականներից նաև Նորվեգիան, Սլովենիան, Բոսնաին, Պորտուգալիան,Նորվեգիան, Հոլանդիան, Խորվաթիան:

Հայաստանում ցմահ ազատազրկվածների հանդեպ մինչ օրս չի գործել պայմանական ազատման ինստիտուտը, չունենք նաև մահապատժի դատավճռի վերանայում՝ ի տարբեերություն առաջադեմ ժողովրդավարություն ունեցող երկրների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter