HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Միմյանց «չհավանող» գյուղերի բնակիչներին միավորող ծրագրի իրականացում Սարապատ խոշորացված համայնքում

«Կինոակումբի ձայնը» ծրագրի իրականացումը, որպես տարբեր բնակավայրերի երիտասարդների համախմբման գաղափար, պատկանում է  Սարապատ համայնքի կենտրոն համարվող Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի, 26-ամյա Նոնա Մաթեւոսյանին: 2016թ-ի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Շիրակի մարզում ձեւավորված Սարապատ փնջում ընդգրկված 15 համայնքներից, պարզվում է, ոչ բոլորի բնակիչներն են միմյանց նկատմամբ դրական տրամադրված:

«Հակամարտող» գյուղերից հատկապես Ցողամարգի եւ Թորոսգյուղի միջեւ եղած մրցակցությունը, նույն այդ գյուղերի բնակիչների հավաստմամբ՝ ունի բավական խորը արմատներ: Հայրերից զավակներին, զավակներից թոռներին փոխանցվող մրցակցային տրամադրություններն իրենց զգացնել տվեցին նաեւ համայնքների խոշորացման գործընթացից առաջ, երբ որոշվում էր ձեւավորվող փնջի կենտրոնն ու առաջադրվող թեկնածուների ցանկը:

«Այս երկու գյուղերը մրցակցում են ամեն ինչում՝ ու՞մ դպրոցն է ավելի լավը, որ գյուղի բնակիչներն են ավելի շնորհքով, որ գյուղից կան ավելի շատ ճանաչված մարդիկ եւ այլն»,-ծիծաղելով բացատրում է «Կինոակումբի ձայնը» ծրագրի համակարգող Արփինե Նիկոլյանն, ով Ցողամարգի բնակիչ է: Ծրագրի ղեկավարը՝ Նոնա Մաթեւոսյանը Թորոսգյուղի բնակիչ է, աղջիկները մտածել ու հանգել են մտքին, որ տարիներով արմատացած կարծարատիպերը կոտրելը պետք է սկսել հարեւան գյուղերի երիտասարդներին համախմբելուց: «Մտածեցինք, որ լավագույն տարբերակը համատեղ անցկացվող միջոցառումներն են, այդ թվում՝ կինոդիտումները»,-ասում է Նոնա Մաթեւոսյանը:

Վերջինս 2014թ-ին, երբ Թորոսգյուղն առանձին միավոր էր եւ ինքնուրույն համայնք, իր երկու ընկերների հետ հաջողությամբ իրականացրել էր «Կինոակումբի» նախագիծը փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում: «Մտածեցինք, որ կարող ենք ծրագիրը ընդլայնել եւ ընդգրկել եւս մի քանի համայնք»,- ասում է Նոնան: Թորոսգյուղի նախաձեռնող խմբի եւ Ցողամարգում գործող «Համայնք հանուն խաղաղության եւ զարգացման» ՀԿ-ի համատեղ աշխատանքի արդյունքում 2017թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացվեց «Կինոակումբի ձայնը» ծրագիրն արդեն 4 բնակավայրերի՝ Թորոսգյուղի, Ցողամարգի, Գոգհովիտի եւ Արփենիի երիտասարդների համար:

«Մեր նպատակն է այս ծրագրով նպաստել համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գյուղական կյանքի աշխուժացմանը,- բացատրում է Նոնան,- Թորոսգյուղի հաջողված փորձը, մեր համագյուղացիների ոգեւորվածությունը ստիպեց մտածել ծրագրի աշխարհագրությունն ընդլայնելու մասին: Այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ, համատեղ միջոցառումներ են եղել ու հարեւան գյուղերի երիտասարդները սկսել են արդեն ճանաչել միմյանց, մտերմանալ: Ստեղծեցինք, կարելի է ասել, քննարկումների, երիտասարդներին հետաքրքրող ժամանցային միջոցառումների անցկացման հարթակ»:

Ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Ա. Դ. Սախորովի անվան իրավապաշտպան կենտրոնի տրամադրած փոքր ենթադրամաշնորհի շնորհիվ:

 

Գլխավոր լուսանկարում` Արփինե Նիկոլյան եւ Նոնա Մաթեւոսյան

 

Մեկնաբանություններ (2)

Մարիամ
Հարգելի լրագրող թյուր կարծիք թող չլինի։ Սխալ մեկնաբանություններ անելուց առաջ, ճշտումներ կատարեք, հետո նոր հնչեցրեք։ Մեր երկու գյուղերում նման թշնամանք չկա, և առիթ էլ չի եղել։
Երանուհի Սողոյան
Հարգելի Մարիամ, հոդվածում թշնամանք բառը չի գործածվել: Չակերտների մեջ առնված «հակամարտություն» բառն ունի փոխաբերական իմաստ ու չի ենթադրում թշնամանք: Ինչ վերաբերում է երկու գյուղերի մրցակցությանը, վստահեցնում եմ, որ լսել եմ բազմաթիվ օրինակներ: Բոլոր տարածաշրջաններում կան միմյանց հետ տարբեր հարցերում մրցող համայնքներ: Մրցակցությունը վատ բան չէ, կոնֆլիկտ ունենալն եւս: Կարեւորը կոնֆլիկտը հաղթահարելն է: Շիրակի մարզում կարող եմ բերել բազմաթիվ համայնքների օրինակներ, որտեղ իմ նշած մրցակցային «հակամարտությունը» գոյություն ունի: Համայնքների խոշորացմանը դեմ գյուղերում պատճառաբանություններից մեկն էլ կամ գուցե ամենագլխավորը, հենց դա է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter