HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Չարաշահումներ կարող են լինել, բայց՝ ներքեւի օղակներում

«Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ծրագրի իրականացմանն առնչվող պաշտոնյաներից ոչ ոք չի բացառում, որ ծրագրի իրականացման ընթացքում կարող են չարաշահումներ լինել, բայց՝ ներքեւի օղակներում: Այդ կարծիքին էր նաեւ Երեւան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. «Հյուսիսային պողոտայի իրագործումը իշխանությունների համար շինարարություն է, աշխատատեղեր, քաղաքի գլխավոր ճարտարապետի համար տարիների երազանք է, թաղապետի համար՝ իր բնակիչներին նորմալ բնակարանով ապահովելն է եւ, բնականաբար, ներքեւի օղակների խնդիրը բոլորվին այլ է»: Իսկ ինչ է կատարվում ներքեւի օղակներում: 

«Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ծրագրի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) աշխատանքների ուսումնասիրման ավարտին Արմենպրեսի մամուլի սրահում տված ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը հայտարարեց, որ գույքի գնահատման հարցում բնակիչների բողոքներն արդարացի են, ԾԻԳ-ը թերացել է աշխատանքներում: Դրա հետ կապված կան ձերբակալվածներ, նախաքննություն է ընթանում: Երկու ձերբակալվածներն էլ Կենտրոն թաղապետարանի աշխատակիցներ են եղել: Նրանցից մեկը զբաղեցրել է ԾԻԳ-ի գրասենյակի տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ մյուսն առնչվել է ստորին օղակների աշխատանքներին եւ ձերբակալվելուց մի քանի ամիս հետո ազատ է արձակվել: 

ԾԻԳ-ի աշխատանքների ուսումնասիրման ավարտին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետը զեկուցագրով դիմել է դատախազությանը՝ տեղեկացնելով, որ Պուշկինի նրբանցք, թիվ 7 հասցեում գրանցված ոմն Ռոբերտ Խաչատրյան կեղծարարությամբ փոխհատուցում է ստացել ԾԻԳ-ի գրասենյակից: «Լեռը երկնեց, մուկ ծնեց»,- կասեր ժողովուրդը նման դեպքերում: 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռոբերտ Խաչատրյանի դեմ: Նա մեղադրվեց պետությունից առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու համար՝ 10.058 ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում էր ստացել Հյուսիսային պողոտայի իրացման տարածքում գտնվող մի տան համար, որի սեփականությունը ձեռք էր բերել խարդախության ճանապարհով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2004թ. մայիսի 24-ին կայացրած դատավճիռով Ռ. Խաչատրյանին մեղադրեց ՀՀ քրեկան օրենսգրքի 178հ. 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտեց տուգանքի 700 հազար դրամի չափով: Նույն գործով քր. օր.-ի 315հ. 1-ին մասով եւ 13հ 3-րդ կետով դատապարտվեց նաեւ Կենտրոն թաղապետարանի Կոմունալ բնակարանային տնտեսության բաժնի նախկին պետ Վարդգես Հայոցյանը: Դատարանը նրան տուգանեց 80 հազար դրամի չափով: 

Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ Ռ. Խաչատրյանը Պուշկինի նրբանցք, թիվ 7 հասցեից 1988թ.-ին Դավթաշեն 2-րդ թաղամասի 14 շենքում ստացել է 3 սենյականոց բնակարան: 92թ.-ին վաճառել է բնակարանը, իսկ 98թ.-ին Պուշկինի 7 հասցեում բնակվող Ա. Գրիգորյանի համաձայնությամբ, գրանցվել է նրան պատկանող բնակտարածքի վրա, բայց փաստացի բնակվել է իր հայրական տանը՝ Էջմիածնի շրջանի Տարոնիկ գյուղում: 2002թ.-ին Ռ. Խաչատրյանը կրկին դիմել է դատարան՝ հայցադիմումով պատճառաբանել է, որ Պուշկինի նրբանցք, թիվ 7 հասցեի տունը լքյալ է եւ խնդրել է ճանաչել իր սեփականության իրավունքը տան նկատմամբ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայանքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի վճռով ճանաչվել է նրա սեփականության իրավունքը Պուշկինի նրբանցք, թիվ 7 հասցեի 27,46 քմ-ի նկատմամբ եւ 32,5քմ հողի նկատմամբ օգտագործման իրավունքը: 

Նախաքննությունը փորձել է պարզել նաեւ, թե ով է եղել գրանցման հեղինակը: «Պուշկինի 7 հասցեի բնակչուհի Սուսաննա Աբրահամյանը վիճում էր ինձ հետ, որ ես եմ գրանցել Ռ. Խաչատրյանին»,- հայտնել է 19 թաղի լիազոր Ռուզաննա Ղեւոնդյանը: Պարզվել է, որ գրանցումը կատարել է թաղապետարանի Կոմունալ բնակարանային տնտեսության բաժնի պետ Վարդգես Հայոցյանը, որը տեւական ժամանակահատված կնիքը վերցրել է թաղային լիազորից: Առավել հետաքրքրական է այն, որ Կենտրոնի դատախազի հարցումին Կենտրոնի թաղապետ Գ. Բեգլարյանի տեղակալ Գ. Գյանջումյանը պատասխանել է. «Թաղապետարանում առկա տիրազուրկ, լքյալ եւ կարգավիճակ չունեցող շենքերի եւ շինությունների հաշվառման ցուցակում Պուշկինի 7 հասցեն գրանցված չէ: Նաեւ այդ տունը Ռ. Խաչատրյանին տրամադրելու վերաբերյալ թաղապետարանում հիմքեր չի պահպանվել»:

Մինչդեռ, թաղապետարանի իրավաբան Արուսյակ Լալայանը դատավարությանը մասնակցելով իբրեւ թաղապետարանի ներկայացուցիչ՝ ժամանակին ոչ միայն չի առարկել հայցի դեմ, այլեւ դատարանում ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել, սակայն կեղծելով իրականությունը հայտնել է, որ 1990թ.-ից Ռ. Խաչատրյանը մշտական բնակություն է հաստատել Երեւանի Պուշկինի նրբ. թիվ 7 հասցեում 29քմ ընդհանուր մակերեսով լքյալ, կարգավիճակ չունեցող տանը: Այդ հանգամանքը չի խանգարել, որ Կենտրոն դատարանը բավարարի Ռ. Խաչատրյանի հայցը: 

Գործարքը ժամանակին արված էր եւ Ռ. Խաչատրյանին մնում էր իբրեւ սեփականատեր փաստաթղթերը ներկայացնել ԾԻԳ-ի գրասենյակ եւ ստանալ իրեն հասանելիք գումարը: «Անիկոմ» ՍՊԸ-ն շինությունը գնահատել է 52 90 դոլար, որի հիման վրա ԾԻԳ-ի նախկին տնօրեն Ս. Բայբուրթյանի հետ 16.10.02թ.-ին կնքել է փոխհատուցման պայմանագիր: Նախաքննությունն իրականացնող Կենտրոն համայնքի դատախազությունը եզրակացրել է. «Ռ. Խաչատրյանը խարդախության եղանակով ԾԻԳ-ից ստացել է 9 522 ԱՄՆ դոլար՝ առանձնապես խոշոր չափի փոխհատուցում»: Նախաքննությունը նշանակել է փորձաքննություն, որն իրականացնող Փորձագիտական կենտրոնը տունը գնահատել է 4700 ԱՄՆ դոլար, սակայն համամիտ է եղել գնահատման այն մեթոդների հետ, որոնք կիրառել է «Անիկոմ» ՍՊԸ-ն շինությունը գնահատելիս:

Ռ. Խաչատրյանը կալանքի տակ մնացել է շատ կարճ ժամանակ, մարտի 12-ին հետախուզվողը հայտնաբերվել է, իսկ 2004թ. մայիսի 24-ին կայացրած դատավճիռով ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Ռ. Խաչատրյանը հայտնել է, որ զղջում է կատարվածի համար եւ վերականգնել է պետությանը պատճառված վնասը: Վարդգես Հայոցյանը դատապարտվել է 2002թ.-ին Ռ. Խաչատրյանին կեղծ տեղեկանք տալու համար, որ նա 1990թ.-ից բնակվում է նշված հասցեում:

Ընդդեմ Կենտրոն թաղապետարանի 

Ներկայացվածը մեկն է այն հարյուրավոր դեպքերից, որ կատարվում է «Հյուսիսային պողոտայի» իրացման տարածքում եւ որի դեմ շարունակում են պայքարել դեռեւս այնտեղ բնակվողներն ու բնակտարածքը լքածները: «Մենք տեսել ենք խիստ մտավորական մարդկանց, որոնք ոչ մի քայլի չեն դիմել, տեսել ենք մարդիկ, որոնք բնակարան են ստացել, նորից գրանցվել, մարդկանց են գրանցել, այնտեղ ամեն ինչը կա»,- զրույցներից մեկի ժամանակ հայտնեց մայրաքաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանը: Ծրագիրն իրականացնողները ըմբռնումով են մոտենում այդ երեւույթին. «Ցանկացած իրացման աշխատանք դա է եղել, բարեկամներ էին գրանցում, այլ մախինացիաների էին դիմում, մարդն այդպես է, չնայած գրանցումների սահմանափակման հարցը դրված էր, 2000թ.-ից տարածքում գրանցումներն արգելվում էին»,-ասաց խնդրին իրազեկ մի պաշտոնյա: 

Սակայն փաստերը ցույց են տալիս, որ «ներքեւի օղակներում» գումարների վերաբաշխումը վաղուց էր սկսվել: Տարիներ առաջ բնակարան ստացած մարդիկ թաղապետարանի միջոցով վերագրանցվել են, զանազան գործարքներ են կնքել, նաեւ սեփականատեր են դարձել իրացված տարածքներում: Այդ հարցում առանցքային է եղել Կենտրոն թաղապետարանի դերը եւ նույն համայնքի դատարանի օժանդակությունը, որոնց գործողությունները պարզապես մինչ օրս պատշաճ վերաբերմունքի չեն արժանացնում: Այդ առումով նույն Ռոբերտ Խաչատրյանի գործի քննությունը կարելի է թերի համարել, քանի որ նշված ժամանակահատվածում միայն նրա համար չի, որ փասատաթուղթ է կեղծվել, սակայն դատախազությունը բավարարվել է մի դեպքի քննությամբ: Դատարանի պատին դեռեւս փակցված է «ընդդեմ Կենտրոն թաղապետարանի՝ բնակարանը տիրազուրկ ճանաչելու եւ սեփականության իրավունքով հատկացնելու պահանջի մասին» 2002թ.-ին քննված գործերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Սա, ըստ էության, մեր ներկայացրած օրինակով նշանակում է առաջին համաձայնությունը թաղապետարանը տվել է, սակայն այն օրինականացնելու պարտավորությունը թողնված է դատարանին: «Ընդդեմ Կենտրոն թաղապետարանի» հայցերը ոչ այլ ինչ են, քան կեղծիքը դատարանի վճռով վավերացնելու միջոց: Իրական սեփականատերերը, որոնք տարիներով սպասել են իրացման բաղձալի պահին, որպես կանոն, անտեղյակ են եղել, որ փոխհատուցումն ստանալուց առաջ իրենց սեփականության հասցեում նոր սեփականատերեր են ի հայտ եկել, որոնց հասել է փոխհատուցման գումարի առյուծի բաժինը: 

Անօրինականությունների մյուս մասնաբաժինը կապված է տարածքների գնահատման հետ: Վերահսկողության ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը նույնպես իր հայտարարությամբ հաստատեց, որ գույքի գնահատման հարցում բնակիչների բողոքներն արդարացի են, որն էլ դանդաղեցնում է նրանց պայմանագրերի կնքումը: Սկզբնական շրջանում ԾԻԳ-ը պայմանագիր է ունեցել 3 գնահատող կազմակերպութունների հետ՝ «Անիկոմ», «Արթին-Էնթերպրայս» եւ «Սեյբոլտ Արմենիա»: «Մենք էլ ենք միշտ տարակուսել, թե ինչու են նրանք տարբեր արժեքներ ներկայացնում նույն գույքը գնահատելիս: Քանի որ նրանք անկախ մասնագետներ են, նրանցից ամեն մեկը պնդում է, որ ինքն է ճիշտը, չենք կարող չհավատալ»,- ասաց «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի իրացման հարցերով փոխտնօրեն Ֆելիքս Աֆյանը: Այնուամենայնիվ, որոշել էին հավատ չընծայել բոլորին, քանի որ մի քանի դեպքերում, ինչպես հայտնեց զրուցակիցս, երկու գնահատողների ներկայացրած թվերի միջեւ տարբերությունը կազմել էր 30-40%: «Այդ դեպքում որեւէ մեկը պետք է արտոնագրից զրկվեր»,- ասաց նա: 

2003թ.-ի դեկտեմբերի 4-ին Կադաստրի կոմիտեի նախագահի 832-Լ հրամանով կասեցվել էր «Սեյբոլտ Արմենիա» ՍՊԸ-ի անշարժ գույքի գնահատման լիցենզիայի գործողությունը՝ ՀՀ կառավարության 2002թ.-ի մայիսի 15-ի 532 որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի գնահատման գործունեության» իրականացման կարգի պահանջները խախտելու պատճառով: «Սեյբոլտ Արմենիա» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատրյանը մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց, որ համոզված էր իր աշխատակցի իրավացիության մեջ: Շեշտեց, որ նրանից քննությունն ընդունել եւ գործունեության լիցենզիան տրամադրել է նույն Կադաստրը, հետեւաբար սխալվելու մասին խոսք չի կարող լինել:

Նրա ասելով, դեռ մի բան էլ պակաս է եղել գնահատումը՝ «եթե առաջարկվում է շուկայական արժեքով գնահատել՝ ուրեմն պետք է ընդունել առաջարկը»: Նշենք, որ «Սեյբոլտ Արմենիա» ՍՊԸ-ի գնահատումները ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերով պալատը ընդունել է որպես նոր երեւան եկած հանգամանք եւ բեկանել է դատարանի նախորդ վճիռներով հաստատված գումարի չափը, որն էլ բնականաբար չէր կարող դուր գալ ծրագրի իրականացման պատասխանատուներին: Նրա գնահատումները գումարային իմաստով զգալի տարբերվում էին մյուսներից: Այսպես. Աբովյան 1/2 հասցեի բնակիչ Հովհաննես Նազարյանի տան շուկայական արժեքը օգտագործվող հողի հետ միասին «Սեյբոլտ-Արմենիան» գնահատել էր 20.156 ԱՄՆ դոլար, իսկ 19.68քմ-ը շինության արժեքը՝ 3687,1 դոլար:

«Անիկոմ» ՍՊԸ-ն նրա սեփական տան շուկայական արժեքը գնահատել է 2450 դոլար՝ (19.68քմ տակի եւ կից 26.11քմ վարձակալական հիմունքներով օգտագործման իրավունքով հողով), գույքը՝ 1650 դոլար, որի հիման վրա նրան առաջարկվել է 7000 հազար դոլարի պայմանագիր կնքել: Հովհաննես Նազարյանը պայմաններն անընդունելի է համարել եւ պահանջել է բնակարան Փոքր Կենտրոնում կամ 18-20 հազար դոլար փոխհատուցում: «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ը որոշել է դատարանի միջոցով հարկադրել Հ. Նազարյանին՝ հողամասը եւ դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր կնքել եւ վտարել զբաղեցրած տարածքից: Դատարանը որոշել է Աբովյան հասցեում գտնվող նրանց պատկանող անշարժ գույքի դիմաց 11.000 ԱՄՆ դոլար փոխհատուցում տալ եւ վտարել նշված հասցեից: 

Վճռաբեկ դատարանն այս դեպքում հիմք է ընդունել «Սեյբոլտ Արմենիայի» գնահատման ակտը, այն դիտարկել է իբրեւ նոր երեւան եկած հանգամանք եւ բեկանել է դատարանի նախորդ վճիռը: Պալատը որոշման մեջ նշել էր նաեւ, որ դատարանի հիմք ընդունած, այսինքն «Անիկոմ» ՍՊԸ-ի ակտով, գնահատվել է միայն սեփականատիրոջ անշարժ գույքը, իսկ 47քմ հողամասի վարձակալության իրավունքի փոխհատուցման անտեսումը չի պատճառաբանվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter