HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«СПК Курников» ընկերության ներկայացրած փորձաքննությունը հավի միսն անվտանգ է ճանաչել սխալ ԳՕՍՏ-երով

Վերջերս «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք ներկրած սառեցված հավի մսի լաբոորատոր փորձաքննության արդյունքները։ Ըստ այդմ՝ 9 նմուշներից 5-ը չէր համապատասխանում սահմանված նորմերին․ դրանցում հայտնաբերվել էին հակաբիոտիկներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և սալմոնելա խմբի մանրէներ։ 

Վերջին երկու խախտումները, մասնավորապես, հայտնաբերվել էին ռուսական «СПК Курников» ընկերության սառեցված բրոյլեր հավի մսի մեջ։

Հրապարակումից հետո ընկերության հիմնադիր, տնօրեն Էդմոն Գիգոլյանը զանգահարել էր «Հետք»՝ հայտնելով, որ փորձաքննության կներկայացնի իր ապրանքը՝  պարզելու դրանցում հայտնաբերված սալմոնելայի և ՄԱՖԱՄ անթույլատելի քանակի առկայությունը։

Այնուհետև՝ դեկտմեբրի 14-ին, Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը հայտարարություն էր տարածել սառեցված հավի մսի շուկայում իր կատարած ուսումնասիրության և հայտնաբերած խախտումների վերաբերյալ՝ դրանով իսկ հաստատելով սահմանային վերահսկողության ոչ պատշաճ իրականացմումը, քանի որ սալմոնելայով և լիստերիայով ապրանքները հայտնվել էին խանութներում։

ՍԱՊԾ հայտնաբերած «վտանգավոր սննդամթերքի» ցանկում էր նաև «СПК Курников» ընկերության սառեցված «Պրեմիում» հավի կրծքամիսը՝ 03․10․2017թ. արտադրության։ Փորձաքննությունն իրականացվել էր ՍԱՊԾ ենթակայության տակ գտնվող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ում։

  • սառեցված հավի կրծքամիս «Պրեմիում» (սալմոնեալիստերիա)՝ արտադրված 03.10.2017թ. 
    արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» ՍՊԸպահեստում առկա կասեցված խմբաքանակի 
    չափը՝ 242 կգ:

Օրերս Էդմոն Գիգոլյանը «Հետք»-ին տրամադրեց իր ապրանքների լաբորատոր փորձաքննության արդյունքները, որոնք իրականացվել էին «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» սանիտարա-հիգիենիկ փորձարկման լաբորատորիայում։

Մասնավորապես, այս լաբորատորիայում փորձաքննության էր ներկայացվել «Հետք»-ի ներկայացրած նույն սառեցված բրոյլեր հավը՝ 05.10.2017 արտադրության։

Փորձաքննության արդյունքում «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ը սառեցված բրոյլերի նմուշում ոչ մի խախտում չէր հայտնաբերել։

«Նմուշը բերված ցուցանիշներով համապատասխանում է ՄՄ ՏԿ/ 021/2011 «Սննդամթերքի անվտանգության մասին» պահանջներին»,- նշված է լաբորատորիայի տված եզրակացության մեջ։

Սակայն, այս փորձաքննությամբ սալմոնելայի առկայությունը ստուգված էր ԳՕՍՏ 31659-2012 պահանջներով, իսկ լիստերայինը՝ ՄՑ 4.2.11.22-02-ով, որոնք չկան վերը նշված ՄՄ ՏԿ 021/2011 ստանդարտների մեջ, հետևաբար դրանցով հնարավոր չէ ստուգել և եզրակացություն տալ այդ նորմատիվ փաստաթղթերին համապատասխանելու վերաբերյալ:

Նույն սխալը կարելի էր տեսնել նաև «ՀԱԲԼԾԿ» իրականացրած փորձաքննության մեջ, որտեղ չնայած հայտնաբերած խախտումներին (սալմոնելա, լիստերիա), ևս  նշված էր, որ փորձաքննությունն իրականացվել է ըստ ՄՄ ՏԿ/ 021/2011 ՆՓ-ի, սակայն սալմոնելայի, հակաբիոտիկների՝ լևոմիցետինի և տետրացիկլինի խմբի առկայությունը ստուգվել էր ՄՄ ՏԿ/ 021/2011-ում չներառված ԳՕՍՏ-երով։

Ի դեպ, այս նմուշը («Պրեմիում» հավի կրծքամիսը` 03.10.2017թ արտադրության) «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի կողմից ևս ճանաչվել էր անվտանգ։

Վերը նշված փորձաքննություններից առաջինը թեև հերքում էր «Հետք»-ի հրապարակած փորձաքննության արդյունքները, սակայն այն իրականացված էր սխալ ստանդարտներով. ստուգվել էին այնպիսի ԳՕՍՏ-երով, որոնք չկան ՄՄ ՏԿ 021/2011-ի պահանջներում, հետևաբար արդյունքը չի կարող համապատասխանել նշված նորմի պահանջվող ստանդարտներին։

«ՀԱԲԼԾԿ» փորձաքննությունը ևս չհերքեց «Հետք»-ի հրապարակած խախտումների առկայությունը, քանի որ, նախ՝ ԳՕՍՏ-երից մի քանիսը սխալ էին, իսկ խախտումը հայտնաբերած էր սառեցված կրծքամսում: Սառեցված բրոյլեր հավի մսի փորձաքննության մասին ՍԱՊԾ-ն որևէ տեղեկություն չի հրապարակել:

Ինչևէ, ՍԱՊԾ-ն հայտարարել է, որ կարգադրություն է տվել իրենց իրականացրած փորձաքննությամբ վտանգավոր ճանաչված ապրանքների «իրացումը կասեցնելու, իրացման ցանցից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter