HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Անցում «կիսաօլիգարխիկ» կառավարման մոդելից դեպի «օլիգարխիկ» կառավարման մոդել

Լրատվական հոսքերի գլխավոր հարցադրումը շարունակում է մնալ նույնը. ո՞վ է ապրիլին դառնալու վարչապետ: Այդ անձի փնտրտուքը (չնայած` հիմնականում մեկ անուն է շեշտվում) ստվերում է ավելի կարևոր մի հարց, թե կառավարման ձևի փոփոխությամբ բովանդակային առումով ի՞նչն է փոխվում։ Արդյոք ապագա վարչապետը կամ վարչապետները կունենա՞ն նույն ազդեցությունը, ինչ մինչ այդ ուներ երկրի նախագահը, թե՞, այնուամենայնիվ, մի ինչ-որ նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվում։

Սերժ Սարգսյանը պարբերաբար կրկնում է, որ Հայաստանում փոխվում է կառավարման ձևը, ինչից հետևում է, որ փոխվում է նաև կառավարման բովանդակությունը: Սերժ Սարգսյանին քչերն են հավատում, սակայն, կարծես թե, սա այն դեպքերից է, երբ նրան կարելի է վստահել:

Համապետական ընտրությունների միջոցով ընտրված նախագահը (կարևոր չէ, թե ինչպես էին որակվում այդ ընտրությունները) կարողանում էր ճգնաժամային իրավիճակներում (պատերազմ, «Հոկտեմբերի 27») կայունացնել իրավիճակը: Հիշենք, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո ՊՆ-ում այլընտրանքային ուժային կենտրոն էր ձևավորվել, որը մեծ դժվարությամբ ճնշվեց: Նոր կառավարման մոդելի պայմաններում ավանդաբար «անմիաբան հայերը» նման իրավիճակներում խորհրդարանում պետք է լուծումներ որոնեն։ Երկրի ղեկավարը՝ վարչապետը, նույնպես ընտրվելու է խորհրդարանի կողմից և, ի տարբերություն նախագահի, լինելու է ընդամենը առաջինը հավասարների մեջ։

Խորհրդարանական կառավարման հիմնական բնութագրիչն այն է, որ կառավարությունը պատասխանատու է միմիայն խորհրդարանի առջև, այսինքն` դա կառավարման կոլեկտիվ ձև է: Ինչն է ամենահետաքրքիրը` նման կառավարման ձև ունեն զարգացած և ինքնակառավարվող տնտեսություն ունեցող երկրները, իսկ Հայաստանի նման ճիշտ հակառակ հատկություններ ունեցող երկրում նման համակարգը շատ անսպասելի անակնկալներ կարող է մատուցել:

Համարվում է, որ «առաջինը հավասարների մեջ» տիտղոսը` princeps, կրել է Հուլիոս Կեսարը,  ինչը նշանակում էր, որ նա էր թիվ մեկը, սակայն հավասար իրավունքներ ունեցող քաղաքացիների մեջ և նրանցից յուրաքանչյուրը կարող է զբաղեցնել Կեսարի տեղը։ Ներկա համակարգում վարչապետը, ըստ էության, կատարում է Պրինցեպսի դերը, սակայն նա ընդամենը առաջինն է` չունենալով համապետական ընտրություններով ընտրված ղեկավարի լիազորություններն ու անձեռնմխելիությունը:

Կառավարման մեզ հայտնի բոլոր մոդելները ստեղծվել և փորձարկվել են Հին Հռոմում, և հետագա սերունդները կարող են այնտեղ գտնել այդ անցումների հնարավոր զարգացման մոդելներ: Հայաստանում հիմա տեղի ունեցող նման «անցման» հետևանքով Հռոմի օլիգարխիան ենթարկվեց իմպերատորներին` զորքերի գերագույն հրամանատարներին:

«Իմպերատորը» սկզբնական փուլում զինվորական բարձրագույն կոչում է եղել, և Հին Հռոմն այդ փուլից սկսել է «ազգ-բանակ» կառուցել։

Հայաստանի «ազատ քաղացիները»՝ ԱԺ օլիգարխները, վառելիքի և սննդի ոլորտներում մենաշնորհներ վայելողները, տարածքային հեղինակությունները, կրիմինալ բոսերը կամ նրանց ներկայացուցիչներն ու կուսակցական ֆունկցիոներներն են ճակատագրական որոշումները կայացնելու։ Եթե թվում է, որ այդ զանգվածը միշտ կառավարվելու է մեկ ընդհանուր կենտրոնից՝ Մելիք Ադամյան փողոցի հայտնի շենքից, ապա դա հնարավոր կլինի իրականացնել սկզբնական փուլում։ Հետագայում դա կատարվելու է խորհրդարանում ներկայացված անձերի շահերից ելնելով` անկախ կուսակցական պատկանելությունից։

Վերջին տասնամյակում երկրի նախագահի դեմ երկու նշանակալի «ապստամբության» փորձ է իրականացվել` 2007-ին և 2015-ին:

2007-ին ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի «սրերը խաչվեցին»: Խորհրդարանական  ընտրությունների նախաշեմին երկրի նախագահը` ի դեմ ԲՀԿ-ի, պարտվեց վարչեպետին` ի դեմ ՀՀԿ-ի: 2015-ին Ծառուկյանի ապստամբությունը ճնշվեց, սակայն ԲՀԿ-ն որպես առանձին բևեռ պահպանվեց: Եվ այդ բևեռի դերը գնալով մեծանում է: Այն ապաստան է լինելու բոլոր «մերժվածների ու հալածյալների» համար` նաև տարածքային ֆեոդալների շարքերում գտնվող:

Նոր կառավարման ձևի անցնելուց հետո խորհրդարանական պաշտոնական և ոչ պաշտոնական ֆրակցիաների ու խմբավորումների դերը մեծանում է: Մենք, փաստորեն, «կիսաօլիգարխիկ» կառավարման ձևից անցում ենք կատարում «օլիգարխիկ» կառավարման ձևին:

Գլխավոր իրադարձություններն առջևում են, սակայն, կարծես թե, 2018-ի ապրիլին չեն կատարվելու: Անցումը խոստանում է լինել «սահուն», սակայն հետագա զարգացումները, ըստ ունեցած փորձի, լի են անակնկալներով:

Մեկնաբանություններ (2)

Sarkis
Ամենաարյունոտ դիկտատորները ոնց-որ պառլամենտական կառավարման ժամանակ են եղեն` Կրոմվել, ֆրանսիական հեղափոխություն, բոլշևիկյան տեռոր, ֆաշիզմ, նացիոնալ սէցիալիզմ, Կոմբոջա և այլն: Մնանք հույսով:
Վախթանգ Սիրադեղյան
«Նոր կառավարման ձևի անցնելուց հետո խորհրդարանական պաշտոնական և ոչ պաշտոնական ֆրակցիաների ու խմբավորումների դերը մեծանում է: Մենք, փաստորեն, «կիսաօլիգարխիկ» կառավարման ձևից անցում ենք կատարում «օլիգարխիկ» կառավարման ձևին:» Միայն մեկ լրացումով՝ կիսաօլիգարխիկն ուներ/դեռևս ունի բրգաձև կառուցվածք, որի գագաթին միշտ հայտնվում է կիսաօլիգարխիկի ամենատիպիկ ներկայացուցիչը, իսկ օլիգարխիկ ձևի դեպքում բուրգը հատվում է, և վերանում է «հավասարների մեջ առաջինի» հետագա անցումը միահեծան կառավարման համակարգին, ինչը հնարավորություն է ստեղծում ժողովրդավարության տեսակետից իրական փոփոխությունների կայացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter