HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հարևանն ընդդեմ հարևանի

72-ամյա միայնակ թոշակառու Շուշանիկ Բինգոլցյանն արդեն 6 տարի է` դատական գործընթացի մեջ է։

2011-ին Շուշանիկի նոր հարևանները՝ Արտաշես Հովհաննիսյանը և Լուսինե Հարությունյանը, տեղափոխվելով Հր. Շահինյան փողոցում գտնվող իրենց նոր տուն, մի քանի ամիս անց դատական հայց են ներկայացրել Շուշանիկ Բինգոլցյանի դեմ՝ պահանջելով վերադարձնել 17,67 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև` փոխհատուցել 5,172 000 դրամ պատճառված վնասը։

 Հարևանները հայցադիմումում նշել են, որ Շուշանիկ Բինգոլցյանը տնօրինում է 17,67քմ հողատարածք, որը ներառված է իրենց անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում։  Նշված է նաեւ, որ Բինգոլցյանը համաձայն չէ իրենց այս պահանջների հետ և չի ցանկանում զիջել այդ տարածքը` դրանով խախտելով իրենց սեփականության իրավունքը։ 

Շուշանիկ Բինգոլցյանի փաստաբան Նիվետա Բադալյանի խոսքով` որևէ փաստական հիմք չկա, որ Շուշանիկ Բինգոլցյանը 5,1 մլն դրամի վնաս է պատճառել հարևաններին։ Հարևանները հայցադիմում նշել են, որ Շուշանիկ Բինգոլցյանին պատկանող ավտոտնակի տանիքի թեքության պատճառով «անկազմակերպ անձրևաջրերը» վնասել են իրենց նկուղը։ Սակայն, Բադալյանը պնդում է, որ անձրևաջրերը չէին կարող վնասել Հովհաննիսյանների նկուղը, քանի որ ավտոտնակը շենքից 9 մետր հեռավորության վրա է գտնվում, շենքի և ավտոտնակի միջև հողամաս կա, եւ անձրևաջրերը չէին կարող հասնել նկուղ։ Փաստաբանը նաև անհիմն է համարում այս վնասի փոխհատուցումը՝ պնդելով, թե հայցվոր կողմը վնասի, ամրացման աշխատանքների կատարման որևէ ապացույց չի ներկայացրել դատարան, այդ մասին նշել է միայն  հայցադիմումում՝ սկզբում փոխհատուցման չափ գրելով 5,1 մլն դրամ, իսկ վերջերս դատարան բերված փորձագիտական եզրակացության փաստաթղթում վնասի չափը հասել է 5,9 մլն դրամի։ 

Շուշանիկ Բինգոլցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարևաններն իրեն սկզբում առաջարկել են գնել իր տունը, երբ չի համաձայնվել, դատական հայց են ներկայացրել։

«Իրենք առել են տուն, որը տրոլեյբուսի լայնություն ունի, իսկ իմ տունը երկու անգամ լայն է։ Ուզեցին իմ տունը գնել, չհամաձայնվեցի։ Հետո սկսեցին վերանորոգում, բայց էնպիսի անշնորհք ձևով, ամբողջ տունս քանդել են։ Հետո հարցրեց՝ կարո՞ղ եմ բացել պատուհան, ես ներողություն խնդրեցի, բայց ասացի՝ չեմ կարող թույլ տալ։ Ասաց՝ մեկ է, ես բացելու եմ, մեկ է` սարքելու եմ։ Պատը քանդեց, սարքեց»,- պատմում է Շ. Բինգոլցյանը։ 

Շուշանիկ Բինգոլցյանը հավատացած է՝ հարևաններն այս քայլին դիմել են՝ տեղեկանալով, որ միայնակ թոշակառու է, ժառանգներ չունի, և այս կերպ կարող էին իրենից հեշտությամբ տունը վերցնել։ «Իրենք մտածում էին, որ էդ գումարը չեմ կարող վճարել (նկատի ունի պատճառված վնասի փոխհատուցումը-հեղ.), տունը աճուրդի կդնեն, ցածր գին կվճարեն, էդ տունը կառնեն»,- ասում է Բինգոլցյանը։ 

Բինգոլցյանը պարզել է, որ Արտաշես Հովհաննիսյանը 2010-2013 թվականներին եղել է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի աշխատակից։ Հայցվոր կողմը կարծում է՝ սա է պատճառը, որ Հովհաննիսյանը քաջատեղյակ է նման գործերի ձևաչափին և կարողանում է օգտագործել կապերը՝ հօգուտ իրեն։ 

Նիվետա Բադալյանի փոխանցմամբ՝ չնայած դատարանը նշանակել է կրկնակի փորձաքննություն և պարզել, որ Բինգոլցյանը օգտագործում է հարևանների սեփականության 6 քմ տարածքը, սակայն իրենց՝ արբանյակից արված չափագրումներն արձանագրել են, որ Շուշանիկը ոչ միայն չի տիրապետում հարևանների սեփականությանը, այլև հարևաններն օգտագործում են 131 քմ տարածք, թեև նրանց սեփականության վկայականում գրված  է միայն 126,9-ի մասին։

«Այդ տարածքը եղել է ընդհանուր օգտագործման տարածք, որը բաժանվել է 3 սեփականատերերի՝ 9, 9ա, 9/1 հասցեների միջև։ Հայցվոր կողմն ասում է՝ ինձ այդքան հատկացվել է, բայց ես այդքանը չեմ օգտագործում, քանի որ Շուշանիկ Բինգոլցյանը զավթել է։ Բայց մենք՝ պետկադաստրում  կատարած չափումներով հիմնավորել ենք, որ նրանց հողամասը ոչ միայն Շուշանիկը չի զավթել, այլև իրենք իրենց հատկացված և պատկանող տարածքից մի բան էլ ավել են օգտագործում` 4,1 քմ»,-նշեց փաստաբանը։

Բադալյանը քմ-երի տարբերությունը պայմանավորում է չափորոշիչ գործիքների տարբեր հնարավորություններով, կամ էլ ինչպես ինքն է ասում ՝ տարբեր տանտերերի կողմից «զավթած» հողամասերի անհեթեթ «գումարումներով», քանի որ այդ տարածքում կա նաև այլ սեփականատեր, ով ևս տնօրինում է այդ հողատարածքը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ փորձաքննության եզրակացության մեջ էլ նշվել է, որ 9 ա տունը 9/1 տան նկուղային հարկում ավել է օգտագործում 8,65 քմ։  Ասում է՝ այդ տարածքը որևէ կապ չունի Շ. Բինգոլցյանի հետ՝ դրա սեփականատերը մյուս հարևանն է՝ Մ. Պինգոլցյանը։ 

Երբ հարևանները դատական հայց են ներկայացրել Շուշանիկ Բինգոլցյանի դեմ, դատարանն արգելանքի  տակ է առել կնոջ տունը։ Փաստաբանը նախորդ ամիս դիմել է արգելանքը վերացնելու միջնորդությամբ։ Դատարանը տասնօրյա ժամկետում պետք է որոշեր արգելանքը հանելու հարցը, սակայն մինչ օրս այդ հարցը չի կարգավորել։ Նոյեմբերի 28-ին դատավորը նշված հասցեներում պետք է տեղատեսություն կատարեր, բայց այդ օրը չի իրականացրել։

Տեղատեսության գործընթացը հետաձգել է մինչ հունվարի 19-ը։ 

Բացի այս, Շուշանիկ Բինգոլցյանը 2015 թվականին հայց է ներկայացրել Արտաշես Հովհաննիսյանի և Լուսինե Հարությունյանի դեմ՝ պահանջելով վնասի փոխհատուցում, քանի որ ընդհանուր շենքի իրենց բաժնեմասի երկրորդ հարկում նրանք բացել են շինարարական նորմերով արգելված պատուհան՝ վնասելով իր տանիքը, քարեր նետելով դրա վրա, վատթարացնելով շինության վիճակը։ Ինչպես նաև, կառուցել են պատշգամբ, որը փակում է Բինգոլցյանի տան լուսավորությունը, ինչը, մասնագիտական եզրակացությամբ, խորացնում է ավելցուկային խոնավությունը։

Փաստաբանական կողմը Երևանի քաղաքապետարանից ստացել է պատասխան, որով պարզել է, որ հարևանները այդ աշխատանքներն իրականացրել են ապօրինի կերպով, առանց թույլտվության: 

Շուշանիկ Բինգոլցյանը դեռ 2015 թ.-ին դիմել է դատարան՝ հակընդդեմ հայցով, պահանջելով վերացնել իր սեփականության իրավունքի խախտումները  և հատուցել  իրեն պատճառված վնասը, սակայն  դատավորը այն վարույթ չի ընդունել։ Այնուհետև 2015 թ. հոկտեմբերին  Բինգոլցյանը նոր հայցադիմում է ներկայացրել՝ նույն պահանջներով: 

Սրան ի պատասխան` 2017 թ. օգոստոսի 31-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Բինգոլցյանի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու և վնասի հատուցման պահանջի մասին հայցը՝ նրան պարտադրելով վճարել 162 000 դրամ պետական տուրք։ 

Թեև հայցվոր կողմը դատարան էր ներկայացրել էր «Փայփ Լայն» ընկերության մասնագիտական եզրակացությունը, որով հարևանների անօրինական գործողությունների, շինարարական նորմերի կոպիտ խախտումների և արված ինքնակամ շինությունների հետևանքով Շուշանիկ Բինգոլցյանին 4,5 միլիոն դրամի վնաս են պատճառել։ 

Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 5-ին կրկին մերժել է Բինգոլցյանի հայցը՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի որոշումը: «Վերաքննիչ դատարանը որոշման մեջ նշել է, որ մեղքի ապացուցման պարտավորությունը դրված է հայցվորի վրա։ Այսինքն՝ Արտաշես Հովհաննիսյանը պետք է ապացուցեր, որ ինքը մեղավոր չէ։  Եվ, քանի որ  նրանից այդպիսի ապացույց չեն պահանջել, նա էլ չի ներկայացրել»,- նշեց Բադալյանը։ 

Այժմ Շուշանիկ Բինգոլցյանն ու փաստաբանը պատրաստվում են մեկամսյա ժամկետում բողոքարկել նաև Վերաքննիչ դատարանի որոշումը՝ այն համարելով ապօրինի։ 

Դեկտեմբերի 5-ին Վերաքննիչ դատարանում կայացած նիստից հետո փորձեցինք Արտաշես Հովհաննիսյանից պարզաբանում ստանալ, թե ինչպես է հաշվարկվել 5.1 մլն դրամ վնասը, որը, մյուս կողմի պնդմամբ, որևէ փաստական հիմք չունի: Սակայն, վերջին հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ հորդորելով ծանոթանալ գործի պատմությանը:

Լուսանկարները տրամադրել է Շուշանիկ Բինգոլցյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter