HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն հրապարակել է ակադեմիական տարկետման պայմանագիր կնքելու կարգը

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է որոշման նախագիծ, որով հստակեցվում է Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով առաջարկվում է խստացնել ակադեմիական տարկետում ստանալու իրավունքը։ Այսուհետ այն կտրվի միայն այն անձանց, ովքեր ՊՆ-ի հետ կկնքեն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին։

Այժմ այս նախագծով հստակեցվում են դիմում ներկայացրած անձանց հաշվառելու, նրանց զորակոչի կազմակերպման, կնքվող պայմանագրի ձևը: Նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am  կայքում, որտեղ շահագրգիռ կողմերը կարող են առաջարկներով հանդես գալ։

Նախագծով նշվում է, որ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա անձի կողմից Պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու հանգամանքը ճշտելու նպատակով զորակոչի նախապատրաստական փուլի ժամանակ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատը տեղեկացնում է օրենքով ու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով սահմանված պայմանների վերաբերյալ և իրականացնում հաշվառում: Հաշվառված անձանց անվանացանկերը և հաշվառված անձանց դիմումները տարածքային զինվորական կոմիսարիատները ոչ ուշ, քան յուրաքանչյուր հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 10-րդ օրը ներկայացվում են զինվորական կոմիսարիատ: Հաշվառված անձանց անվանացանկերը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում զինվորական կոմիսարիատը համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներին գրավոր տեղեկացնում է հաշվառված անձանց զորակոչի միասնական օրվա վերաբերյալ, որի հիման վրա տվյալ օրը տարածքային զինվորական կոմիսարիատներն օրենքով սահմանված կարգով իրականացնում են հաշվառված անձանց զորակոչը՝ հանրապետական հավաքակայան:

Հանրապետական հավաքակայանում կրկին հստակեցվում է հաշվառված անձանց կողմից պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկությունը՝ հաշվառված անձանց անվանացանկում հաշվառված անձի կողմից ստորագրություն դնելու միջոցով, որի հիման վրա հաշվառված յուրաքանչյուր անձի հետ կնքվում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր: Կնքված պայմանագրի հիման վրա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողն օրենքով սահմանված կարգով ուղարկվում է ծառայության վայրի զորամաս՝ ուսումնական ստորաբաժանման կազմում զինվորական պատրաստության ծրագիր անցնելու և զինվորական մասնագիտություն ստանալու համար:

Ըստ նախարարության առաջարկած պայմանագրի՝ զինծառայողը պարտավորվում է պայմանագրով նախատեսված վայրում և պայմաններով 3 տարի ժամկետով անցնել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն։

Զինծառայողի կողմից նախարարության հետ  պայմանագիրը կնքելու իրավասության ծագման նախապայման են հանդիսանում հետևյալ հանգամանքները՝

  • Զինծառայողն առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով չունի սահմանափակում մարտական հերթապահության ներգրավվելու համար։
  • Զինծառայողն առնվազն հիմնական հանրակրթական ծրագիր անցած լինելու ավարտական վկայական ունի:

Զինծառայողը զորամասի ուսումնական ստորաբաժանման կազմում անցնում է «Երիտասարդ մարտիկ» պատրաստության ծրագիր և զինվորական մասնագիտության ուսուցում մինչև 5 ամիս ընդհանուր ժամկետով։

Զինծառայողի պատրաստության ընթացքում հաշվարկվում է դրամական ապահովություն՝ Կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով։

Զինծառայողը պատրաստության ավարտից հետո զորամասի ստորաբաժանման կազմում նշանակվում է իր ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։

Զինծառայողին պատրաստության ավարտի օրվան հաջորդող օրվանից տրամադրվում է հիմնական արձակուրդ՝ 10 օրացուցային օր ժամկետով։

Զինծառայողին այս  պայմանագրով սահմանված ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար՝ Կառավարության սահմանած կարգով, չափով և տնօրինման ուղղություններով:

Ըստ պայմանագրի՝ Պաշտպանության նախարարությունը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով զինծառայողին անվճար ապահովել զինվորական հանդերձանքով, սննդով, բժշկական օգնությամբ և սպասարկմամբ, կոմունալ-կենցաղային բավարար պայմաններով, ծառայության դիմաց դրամական ապահովությամբ։

Նաեւ` զինծառայողի համար ապահովել այս պայմանագրով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար նախատեսված այլ իրավունքներից ու սոցիալական երաշխիքներից օգտվելու անարգել հնարավորությունը։

Զինծառայողին պատրաստության ավարտից հետո նշանակում են ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի, ինչպես նաև ապահովում այս պայմանագրով նախարարության ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը:

Նախարարության կողմից այս պայմանագրով նախատեսված պարտավորությունները խախտելու դեպքում զինծառայողն իրավունք ունի իր խախտված իրավունքներն օրենքով սահմանված կարգով բողոքարկել ըստ վերադասության կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին կամ դատարան:

Ինչ վերաբերում է պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը, ապա այն կարող է լինել օրինակ զինծառայողի կողմից առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում։

ՀԳ․ Նախագիծը դեռևս պետք է հաստատվի Կառավարության կողմից, ապա ընդգրկվի խորհրդարանի նիստերի օրակարգում եւ դրվի քվեարկության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter