Երեքշաբթի, 17 հուլիսի

Էրդողանը ցանկանում է Ստամբուլը կրկին խալիֆաթի մայրաքաղաք դարձնել



Եթե ուշադիր կարդանք Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ելույթի տեքստը, կնկատենք, որ այն ամբողջությամբ երկիմաստ մտքերից է բաղկացած, որոնք կարելի է մեկնաբանել տարբեր կերպ: Տեքստում որևէ հստակություն չկա` ո՞ղջ Երուսաղեմն է հայտարարում մայրաքաղաք, թե՞ ընդամենը Արևմտյան Երուսաղեմը (ինչն արաբները չեն վիճարկում): Ե՞րբ է դեսպանատունը տեղափոխվելու Երուսաղեմ (ինչը կարելի է անել ընդամենը մի քանի օրում): Նրա երկիմաստ ձևակերպումները կարելի է երկար շարադրել: Սակայն մեկ բան հստակ է` տարիներով կուտակված «թարախապարկը» այդ հայտարարությամբ բացվել է: Մերձավոր Արևելքում նախկինում կուտակված բոլոր խնդիրներն ու հակասությունները ջրի երես են դուրս եկել, ու մեզ համար հատկապես կարևոր է, թե ի՞նչ կերպով դա կարող է անդրադառնալ մեզ վրա` հաշվի առնելով Արցախի խնդիրը, Թուրքիայի գերակտիվությունն այդ հարցում ու դրանից բխող Ադրբեջանի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունները:

Փորձենք հասկանալ Էրդողանի «տարօրինակ» ակտիվության պատճառները, նրա հռետորաբանությունը, որն առաջին հայացքից անհեթեթ է թվում, սակայն` ընդամենը առաջին հայացքից: Փորձենք հասկանալ Էրդողանի «թաքնված մտքերը», ում են դրանք ուղղված և ինչ է դրանով նա ծրագրում:

Իսրայելական կայքերը լի են Էրդողանի հակահրեական մտքերի մեջբերումներով.

«Նրանք, ովքեր կարծում են, թե իրենք են Երուսաղեմի տերը, փայլուն կերպով հասկանում են, որ վաղը չեն կարողանալու ծառերի ետևում թաքնվել»: Էրդողանը դրանով ակնարկում է իսլամական այն հայտնի մարգերությունը, որ հուդայականները թաքնվելու են ծառերի ու քարերի ետևում, իսկ քարերն ու ծառերն ասելու են. «Ահա, ուղղահավատ մուսուլման, քարերի և ծառերի ետևում թաքնված են հուդայականները, սպանիր դրանց»:

«Անատոլու» գործակալությանը տված հարցազրույցում Էրդողանն ասել է. «Եթե մենք կորցնենք Երուսաղեմը, ապա կկորցնենք Մեդինան, իսկ եթե կորցնենք Մեդինան, ապա չենք կարողանալու պահպանել Մեքքան, իսկ եթե կորցնենք Մեքքան, ապա կկորցնենք Քաաբան»։

«Մենք Արևելյան Երուսաղեմն արդեն հայտարարել ենք Պաղեստինի մայրաքաղաք, սակայն մենք չենք կարողացել այնտեղ մեր դեսպանատունը բացել, որովհետև Երուսաղեմն այսօր օկուպացված է: Բարձյալ, մենք կբացենք այստեղ դեսպանատուն»: 

Իսկ ամենահեռուն գնացել է Էրդողանի վերահսկողության տակ գտնվող Akit հեռուստաալիքի հաղորդավարը` եթերում հայտարարելով. «Բոլոր մուսուլմանական երկրները, Թուրքիայի ղեկավարությամբ, պետք է միջազգային օրենքներն անտեսող Իսրայելի դեմ պատերազմ սկսեն: Ես կարծում եմ, որպեսզի լուծենք Ալ-Ակսա մզկիթի և Երուսաղեմի հարցը, պատերազմ է անհրաժեշտ»: Ալ-Ակսա մզկիթը մուսուլմանների երրորդ սրբավայրն է` Մեքքայից ու Մեդինայից հետո։

Հիմա փորձենք հասկանալ, թե, դիմելով իսլամական հռետորաբանությանը` իրականում ինչ է ակնարկում Էրդողանը: Վերոնշյալ մեջբերումներում «բանալի» արտահայտությունը պետք է համարել «Թուրքիայի գլխավորությամբ» միտքը: Այդ արտահայտության հիմնական ենթատեքստը հասկանալու համար ստիպված ենք երկու կարճ պատմական ակնարկ կատարել ՄԱԿ-ի և Օսմանյան խալիֆաթի ստեղծման պատմությունից` մտքում ունենալով Սեմուէլ Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախումը» հայտնի գիրքը:

1941-ին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն առաջ քաշեց «Չորս Ոստիկանների» պլանը, որը հետագայում հիմք հանդիսացավ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ստեղծման համար: Դա աշխարհը ազդեցության 5 գոտիների բաժանելու ծրագիրն էր, ըստ էության` համաշխարհային կառավարության նման մարմին, որտեղ բոլոր հինգ երկրների համաձայնության դեպքում կարելի է զինված միջամտության շնորհիվ ցանկացած երկրում անցանկալի  հռչակված իշխող ռեժիմը փոխել: Կարևոր է նշել, որ այդ երկրների ցանկում որևէ իսլամական պետություն չկա, իսկ այդ երկրների բնակչության թիվը, ըստ որոշ աղբյուրների, հասնում է 1,6 մլրդ-ի:

Մինչ 1991 թվականը աշխարհը երկբևեռ էր ու բաժանված երկու իրարամերժ, «ազատության»  և «հավասարության»` մարդկային երկու դարավոր իդեալների վրա հիմնված գաղափարախոսությունների: Այդ գաղափարախոսությունները կրոն ու քաղաքակրթություն չէին ճանաչում, և մուսուլմանական, բուդդիստական,  քրիստոնեական երկրներն այս կամ այն կերպ փորձում էին կողմնորոշվել այդ երկու գաղափարախոսությունների միջև:

Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհում հարց առաջացավ. իսկ հետո՞ ինչ է լինելու, ի՞նչ գաղափարախոսական ու աշխարհաքաղաքական տեսք է ստանալու համաշխարհային քաղաքականությունը: Այդ ժամանակ երկու տեսակետների շուրջ վեճեր սկսվեցին: 1992-ին ամերիկացի քաղաքագետ ու փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման հրապարակեց իր «Պատմության ավարտը և վերջին մարդը» գիրքը, որի իմաստն այն էր, որ Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհում վերջնականապես հաղթել են լիբերալ-դեմոկրատական արժեքները, և դրանով մարդկության սոցիալ-մշակութային էվոլյուցիան ավարտվում է, այլևս նոր գաղափարներ չեն կարող լինել, դրանք սպառված են: Սակայն 1993-ին, ի պատասխան Ֆուկույամայի, հրապարակվում է Սեմուէլ Հանթինգտոնի հռչակավոր «Քաղաքակրթությունների բախում» գիրքը: Հանթինգտոնը համարում էր, որ աշխարհը բաժանված է քաղաքակրթությունների, և ապագա պատերազմները մղվելու են ոչ թե երկրների, այլ քաղաքակրթությունների միջև: Ըստ Հանթինգտոնի` քաղաքակրթությունները ձևավորվում են կրոնների հիման վրա: Կրոններն են «գծում» այն հիմնական արժեքները, մտավոր սխեմաները կամ մատրիցան, որոնք չեն կարող հիմնովին փոփոխվել մյուս քաղաքակրթությունների ազդեցության տակ: Դեռևս 1992-ից Հանթինգտոնը պնդում էր, որ աշխարհի համար հիմնական վտանգը իսլամական ծայրահեղականությունն է:

Դեպքերի հետագա ընթացքը, կարծես թե, ավելի հավանական է դարձնում Հանթինգտոնի տեսակետը:

Այսպիսով, փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է ակտիվացել Էրդողանը և ինչո՞ւ է այդպիսի ծայրահեղական ելույթներով հանդես գալիս:

Իսլամական աշխարհը պառակտված է և չունի որևէ առանցքային երկիր, որը կարողանա նրանց շահերն առաջ մղել, եթե պետք է` պաշտպանել միջազգային բարձրագույն ատյաններում և ինչու ոչ` հավակնել դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ: Հանուն արդարության պետք է ընդունել, որ մարդկության 1/5-րդը իրավունք ունի ներկայացված լինել այդ մարմնում` ունենալով վետոյի հնարավորություն:

Իսլամի իդեալը խալիֆաթն է, որի շնորհիվ ամբողջ աշխարհի մուսուլմանները կմիավորվեն մեկ Ումմայի` համայնքի մեջ: Դեռևս 7-րդ դարից` սկսած արաբական նվաճումներից, իսկ հետագայում խաչակրաց արշավանքների ժամանակ իսլամական աշխարհում կար մի սևեռուն գաղափար. ով կկարողանա նվաճել այն ժամանակվա քրիստոնյաների մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, նա կկատարի Ալլահի կամքը: Արաբներին դա չհաջողվեց, սակայն օսմանցիներն իրականացրին այդ դարավոր իղձը, իսկ 1516-ի օգոստոսի 29-ին մուսուլմանների գլխավոր սրբավայրերը` Մեքքան և Մեդինան գրավելուց հետո, Սելիմ I-ը իրեն հռչակեց «երկու սուրբ քաղաքների ծառայող» և դարձավ առաջին օսմանցի սուլթանը: Հետագայում` 1924-ին, Քեմալ Աթաթուրքը լուծարեց խալիֆաթը: 

Հետևելով Էրդողանի ելույթների վերոնշյալ մեջբերումներին` հստակ է դառնում նրա կոչերի տրամաբանությունը: Էրդողանը խաղում է մուսուլմանների կրոնական զգացմունքների վրա և իսլամական կամ գոնե սունիական քաղաքակրթության առաջնորդի դերը ստանձնելու հայտ է ներկայացնում: Եթե 15-րդ դարում խալիֆաթի կենտրոն դառնալու համար անհրաժեշտ էր գրավել Կոստանդնուպոլիսը, ապա հիմա այդ դերը կարող է կատարել Երուսաղեմը: Ով լուծեց Իսրայելի «խնդիրը», նա էլ կդառնա իսլամական աշխարհի առաջնորդը ու իսլամական քաղաքակրթության առանցքային երկիրը: Պատահական չի Երուսաղեմը ազատագրելու մասին Էրդողանի հռետորաբանությունը, որը դիմում է կրոնական մարգարեություններին ու իսլամական խորհրդանիշներին:

Պարզ է, որ, փակելով ԵՄ անդամ դառնալու հավակնությունների էջը, հարցականի տակ դնելով ՆԱՏՕ-ի անդամությունը, ունենալով քրդական անլուծելի խնդիրը, որը սպառնում է Թուրքիայի ամբողջականությանը, Էրդողանը փորձում է օգտագործել իր վերջին շանսը, որը համահունչ է բազմաթիվ մուսուլմանների իղձերին: Պետք չի նաև անտեսել ԱՄՆ-ում սկսված` Թուրքիայում հայտնի կոռուպցիոն սկանդալի հերոս Ռեզա Զարրաբի դատավարությունը, որի պատճառով Էրդողանը Թուրքիայի  հազարավոր դատավորներ և դատախազներ աշխատանքից հեռացրեց: Զերրաբը, Էրդողանի ընտանիքի անդամների հետ միասին փողերի լվացումով և Իրանի նկատմամբ Արևմուտքի կողմից հայտարարված տնտեսական սանկցիաները շրջանցելով, ստվերային գործարքներով է զբաղված եղել: Զերրաբը սկսել է վկայություններ տալ, և Էրդողանին անհրաժեշտ է դա ներկայացնել որպես իր դեմ սկսված հալածանքներ` իսլամական աշխարհը «փրկելու» իր ջանքերը խաթարելու համար:

Թուրքիայի նոր քաղաքականությունը անմիջականորեն ազդելու է նաև Հարավային Կովկասոյի իրավիճակի վրա` ստիպելով Ադրբեջանին կողմնորոշվել եղբայրական Թուրքիայի ու Իսրայելի միջև: Ադրբեջանի համար ճակատագրական է նաև աշխարհիկության և իսլամականության միջև կողմնորոշվելը, որը կարող է երկիրը երկու թշնամական` շիական ու սունիական ճամբարների բաժանել: Հիմնական զարգացումները դեռևս առջևում են:

Լուսանկարը՝ politico.eu


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Mayis00:07 - 19 դեկտեմբերի, 2017
Սունիների ու շիաների միջև թշնամանքն ավելի ուժեղ է քան քրիստոնյաների ու իսլամի միջև։ Հաթթինգթոնի գրքի մեջ ինչքան հիշում եմ դա էնքան էլ չի ընդգծվում։ Երևի այն ժամանակ (90- ականներին) այդ հակասությունը այնքան էլ ցցուն չէր։
2. SARKIS00:49 - 19 դեկտեմբերի, 2017
Սունիների ու շիաների մեջ հակասությունը միշտ էլ եղել է, օրինակ Սելիմը մոտ 50 հազար շիաական է մորթել, մնացսծներն էլ փախել են Իրան ու Ադրբեջան: Դա դեռ 16-րդ դարում էր: Բայց դա ոչինչ չի նշանակում: Անգլիացիներն ու ֆրանսիացիները մի քանի դար իրար են կոտորել, երկու համաշխարհային պատերազմները նույն ցիվիլիզացիայի ներսում էր գնում, նենց որ թշնամությունը բան չի նշանակում: Իսկական կռիվը տան ներսում է լինում ...
3. Վախթանգ Սիրադեղյան18:26 - 20 դեկտեմբերի, 2017
Էրդողանը չկարողացավ դառնալ համաթուրքական լիդեր՝ էլ ուր համամահմեդականը: Կարծում եմ, որ այդ ամենը Թուրքիայում իր դիրքերը պահպանելուն է ուղղված:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ