ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Էթիկայի հանձնաժողովը «Հետքի» հրապարակման հիման վրա վարչական պատասխանատվության է ենթարկել Գորիսի քաղաքապետին



Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հետքի» հրապարակման հիման վրա վարույթներ է հարուցել և որոշում է կայացրել Առուշ Առուշանյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝ նշանակելով 300 000 դրամ տուգանք:

Նշենք, որ Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելուց հետո առաջին դեպքն է, երբ ոչ ճիշտ հայտարարագիր ներկայացնելու համար պաշտոնյային ենթարկում են վարչական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ հրապարակել էինք «Գորիսի համայնքապետի պաշտոնակատարը անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում»  և «ՊԵԿ պաշտոնյայի պահածոյացված ձկների բիզնեսը» վերնագրերով հոդվածները: ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրերի վերլուծության գործընթացի շրջանակում էթիկայի հանձնաժողովը ստուգել է դրանց արժանահավատությունը և ամբողջականությունը:     

Ինչպես տեղեկացրին էթիկայի հանձնաժողովից, «Հետքի» հրապարակումների հիման վրա իրականացնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ և 43.1-ին հոդվածներով վերապահված գործառույթները` Հակոբ Հակոբյանի և Առուշ Առուշանյանի կողմից Հանձնաժողով ներկայացված պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի հետ կապված, հայտնաբերել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտումների հատկանիշներ: 2017թ. դեկտեմբերի 4-ին հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթներ:

Հանձնաժողովը հաստատված է համարել Առուշ Առուշանյանի կողմից իր հայտարարագրում սխալ և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու փաստը: Մասնավորապես այն, որ հայտարարագրի՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ» բաժնում բաժնեմասի, «Հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները» բաժնում շահաբաժնի տեսքով ստացված եկամտի վերաբերյալ տվյալները լրացված չեն եղել: Աշխատանքի վարձատրություն ստացված եկամտի չափի վերաբերյալ տվյալի մասով ևս հայտնաբերվել է անհամապատասխանություն:

2017թ. դեկտեմբերի 12-ին գործի քննության արդյունքներով էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել Առուշ Առուշանյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝ նշանակելով 300 000 դրամ տուգանք:

Միաժամանակ Ա. Առուշանյանի հայտարարագրում լրացված են եղել տվյալներ նրա կողմից «Գոր Մետալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որպես փոխառություն հանձնած գումարի, ինչպես նաև նշված ընկերությունից որպես աշխատանքի վարձատրություն ստացված եկամտի վերաբերյալ:

Իսկ Հակոբ Հակոբյանը քննության ընթացքում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում «Արարատ-Ֆարել» ՍՊԸ-ի կողմից իրեն շահաբաժին չվճարելու վերաբերյալ ապացույց: Քննության արդյունքներով Հանձնաժողովը որոշել է կարճել Հակոբյանի գործի վարույթը:

Ինչ վերաբերում է «ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի բիզնես կապերը հանքարդյունաբերության ոլորտում» և «ՊԵԿ-ի քննչական վարչության պետը պղինձ և բազալտ է որոնում» հրապարակումներին, Հանձնաժողովը պարզել է, որ հրապարակումներում հիշատակված ընկերությունները հաշվետու ժամանակահատվածում շահույթ չեն ստացել, աշխատել են վնասով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ