Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Հարսնաքարի» գործով Վահե Ավետյանի ընտանիքի անդամները և տուժողները վնասի փոխհատուցում են պահանջում Ռուբեն Հայրապետյանից



Կերակրողին կորցնելու արդյունքում պատճառված նյութական վնասի, տուժող Վահե Ավետյանի կյանքի իրավունքի և տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի և Էդգար Նիկոյանի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական /բարոյական/ վնասի փոխհատուցման պահանջների մասին հայցադիմում է ներկայացվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և մյուսների:

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 18-ին ԱԺ նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում Ռ. Հայրապետյանի աշխատակիցների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական բժիշկ Վահե Ավետյանն ու նրա ընկերները: Արտակ Բայադյանին և Վահե Ավետյանին մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ 2012թ. հունիսի 18-ին ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Տուժող Վահե Ավետյանը հունիսի 29-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր, որի կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրա հայրը` Գառնիկ Ավետյանը, ճանաչվել էր տուժողի իրավահաջորդ:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արթուր Բաղդասարյանին, Նորայր Բաղդասարյանին, Գարիկ Մարգարյանին մեղավոր էր ճանաչել և պատիժ նշանակել ազատազրկում` յուրաքանչյուրին 12 տարի ժամկետով և տուգանք` 100 000-ական դրամ:

Այդ ժամանակ փաստաբաններ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի կողմից ներկայացվել էր քաղաքացիական հայց, սակայն դատարանն այն թողել էր առանց քննության:

Քրեական գործի շրջանակներում դատապարտվածների` Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի և «Դավիդ ԴՎՍ» ՍՊԸ-ի, Ռուբեն Հայրապետյանի դեմ տուժողներն ու Վահե Ավետյանի ընտանիքի անդամները հայց են ներկայացրել դատարան: Նրանք պահանջում են վնասների փոխհատուցում:   


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ