HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Քրեական դատավարության օրենսգրքի» փոփոխությունները

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է կառավարության կողմից ներկայացրած «Քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ փոփոխությունները պայմանավորված են 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներով։

«Սահմանադրության 27-րդ հոդվածով հստակ սահմանվեցին այն հիմքերը, որով անձը կարող է զրկվել ազատությունից՝ միևնույն ժամանակ սահմանելով որոշակի երաշխիքներ․ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ ունի իրեն հասկանալի լեզվով անհապաղաղ տեղեկացվելու իրավունք՝ ազատությունից զրկվելու պատճառների, քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում նաև մեղադրանքի մասին։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից զրկվելու իրավաչափությունը վիճարկելու, ընդ որում դատարանն այս դեպքում պետք է հնարավորինս սեղմ ժամեկտում քննի ազատազրկման իրավաչափությունը, և եթե գտնի, որ իրավաչափ չէ, միջոցներ ձեռնարկի ազատությունից զրկված անձին ազատ արձակելու ուղղությամբ»,- ասաց փոխնախարարը՝ հավելով, որ սահմանադրության փոփոխությունները հնարավորություն են տալիս անձին վիճարկել ձերբակալման որոշումները։

Փոխնախարարի խոսքով՝ անձին տրվում է 60 ժամ հնարավորություն՝ բողոքարկել ձերբակալման որոշումը, դատարանն այդ բողոքը պետք է քննի հնգօրյա ժամկետում․

«Իսկ եթե անձի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում ձերբակալման վայրում մնալուց, ապա դատարանը նշված հարցը պետք է քննի անհապաղ», - մանրամասնեց Հովհաննիսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ մեկ փոփոխություն էլ արվել է Սահմանադրության 65-րդ հոդվածին համապատասխան, ըստ այդ հոդվածի՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:  

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե  անցած տարիներին քանի ապօրինի ձերբակալում է եղել, կա՞ արդյոք նման հետազոտություն։ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց՝ փոփոխությունը կատարում են ոչ թե նրա համար, որ կա այնպիսի վիճակագրություն, որ վիճակը լավ չէ, այլ օրենսգիրքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար։

«Սահմանադրությունը նախատեսում է սեղմ ժամկետ արտահայտությունը, որ պետք  է սեղմ ժամկետում քննարկի, հենց այստեղ էր, որ նախագծում որոշակի խութ տեսանք, որ այն ժամկետը, որը նախատեսված է նախագծով, բավարար չէ, որ անձը 72 ժամվա ընթացքում կարողանա ազատվել ապօրինի ձերբակալությունից, այլ ոչ թե 72 ժամ մնա ձերբակալված և հետո նոր փորձի արդարանալ, որ իր հանդեպ ապօրինի գործողություններ են կատարվել»,- մանրամասնեց փոխնախարարը։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ  հիշեցրեց, որ Կառավարությունը մերժել է իրենց առաջարկը՝ տեսաձայնագրել ձերբակալված, կալանավորված անձանց հարցաքննությունները։

«Դուք ասացիք, որ նոր Քրեադատավարական օրենսգիրք է բերվելու, որտեղ այն կներառեք, բայց Կառավարությունը հերթական անգամ իր խոսքի տերը չեղավ», - ասաց Զոհրաբյանը։ Պատգամավորը նաև հարցրեց, թե ինչպե՞ս է ապացուցվելու ցուցմունքից հրաժարվելու ողջամտությունը, հնարավո՞ր է լինի այնպես, որ մերձավորը ցուցմունք տա իր մերձավորի դեմ։

«Ողջամտորեն ենթադրելի է արտահայտությունը մենք չենք հորինել, այն վերցրել ենք Սահմանադրությունից։ Ենթադրություն կարող է անել անձը, որը ցուցմունք է տալու սակայն դա չի նշանակում, որ այն լինելու է բացարձակ իրավունք։ Եթե վկային կանչեն, ասեն՝ դու էիր այնտեղ նստած, Պողոսն էր և Պետրոսը, ո՞վ սպանեց Մարիտիրոսին, անձը չի կարող ասել՝ կարծում եմ դա իմ դեմ է օգտագործվելու, առհասարակ ոչ մի բան էլ չեմ խոսելու, սա ընդունեք, որ ողջամիտ չէ»,- ասաց փոխնախարար Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter