Չորեքշաբթի, 24 հունվարի

Կառավարությունում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր են քննարկվել



Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ գործադիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքներն ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգման ուղղված միջոցառումները: 

Զեկուցվել է, որ Արարատի և Արմավիրի մարզերի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ ուսումնասիրություն է իրականացվել 239 ձկնաբուծական տնտեսությունների 584 խորքային հորերի նկատմամբ: Նշված ձկնաբուծական տնտեսություններից գործում է 124-ը, 160 ձկնաբուծական տնտեսություն ունի ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ-ով սահմանված ջրաքանակը 24207 լ/վ):

Այս տարվա ընթացքում 584 խորքային հորից փաստացի գումարային ջրաելքը կազմել է մոտ 23973 լ/վ, և այն նվազեցվել է` հասցվելով մոտ 22499 լ/վ ջրաքանակի, որը 15 չգործող ձկնաբուծական տնտեսությունների 18 խորքային հորերը փականային ռեժիմի բերելու և 3 խորքային հոր կոնսերվացնելու արդյունք է: Նշվել է, որ ձկնաբուծական նպատակով օգտագործվող փաստացի ջրաքանակը շուրջ 21607 լ/վ է, ինչը տարեկան կազմում է մոտ 681.4 մլն մ3 ջրաքանակ: 582 խորքային հորից կատարվել է 230 ինքնաշատրվանող խորքային հորի վրա տեղադրված փականների կնքում և հաշվառում, նախկինում կնքված 115 խորքային հորեր ևս մեկ անգամ հաշվառվել են: 

2017 թվականի հունվարի 1-ից առ այսօր խորքային հորերի փականային ռեժիմի բերելու, լուծարման և կոնսերվացման արդյունքում խնայվել է շուրջ 140 մլն մ3 ջրաքանակ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ oրենքի նախագծին, որով առաջարկվում է ըստ գույքագրման արդյունքների՝ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալի համար 2018թ. հունվարի 1-ից կիրառել սահմանված դրույքաչափի (1մ3 համար 0.5 ՀՀ դրամ) եռապատիկը, իսկ ապօրինի ջրօգտագործման նկատմամբ` տասնապատիկը:

Առաջարկի իրագործման դեպքում պետական բյուջե կվճարվի հավելյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալի դեպքում՝ 110 մլն դրամ և ապօրինի ջրօգտագործման դեպքում՝ 66 մլն դրամ: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ: 

Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել շարունակել Արարատյան դաշտավայրում բնապահպանական իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված քայլերը, մասնավորապես, խորքային հորերի կոնսերվացման ու փականների տեղադրման գործընթացը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ