ՈՒրբաթ, 19 հունվարի

«Կայարանցի Թևոսիկ»-ի եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատավորը երրորդ անգամ հեռացավ խորհրդակցական սենյակ



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, երրորդ անգամ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական աշխարհում «Կայարանցի Թևոսիկ» մականունով հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատավճիռը կայացնելու:

Այս գործով դատավորը երկու անգամ հեռացել է խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու, սակայն որոշել է վերսկսել դատաքննությունը:

Այսօր դատավորը դատարան էր հրավիրել գործի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տված մի փորձագետի, ով, ըստ էության, չհայտնեց որևէ նոր հանգամանք: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին, սակայն այս գործով կողմերն այլևս գործի վերաբերյալ ասելիք չունեն: Նրանցից ոչ ոք այլևս ճառով հանդես չեկավ: Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն անգամ վերջին խոսք չասաց՝ նշելով, թե արդեն երկու անգամ ասել է:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին, Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են Թևոս Սաֆարյանի շրջապատում գտնվող անձինք՝ Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցագործության հետքերը թաքցնելու համար սպանել Ներսիսյանին ու մարմինը նետել դիտահորը: Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ: Մովսես Ներսիսյանի դին առ այսօր չի հայտնաբերվել, և նախաքննություն իրականացնող մարմինը նրան սպանված է համարել ապացույցների համակցությամբ:

Ըստ գործի նյութերի՝ Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը վերջինիս անհետացման օրը հանդիպել են, և Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել, ապա դին Մովսեսի մեքենայով տեղափոխել է Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ, որտեղ էլ նետել է կոյուղու դիտահորն, ապա մեքենան տարել ու թողել «Զվարթնոց» օդանավակայանում՝ տպավորություն ստեղծելով, թե Մովսես Ներսիսյանը գնացել է Հայաստանից:

Նշենք, որ դիտահորը, որտեղից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանին, գտնվում է Սարգսյանին պատկանող հողատարածքի մոտ: Այստեղ տևական ժամանակ ապարդյուն որոնողական աշխատանքներ են տարվել՝ Ներսիսյանի դիակը հայտնաբերելու ուղղությամբ: Չարենցավան քաղաքից մինչև Աերացիա հասնող կոյուղաջուրը Աերացիայում մաքրման է ենթարկվում, ապա թափվում Արաքս գետը: Աերացիայում նույնպես Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:

Գործի քննության ընթացքում 4 անկենդան շուն և մեկ խոզ է նետվել այն դիտահորը, որից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանի դին, և որոնողական աշխատանքների արդյունքում ինչ-որ ոսկորներ են հայտնաբերվել, որոնք, սակայն, չեն պատկանել մարդու:

Իսրայել Սարգսյանը երեքուկես տարուց ավելի տևած գործի քննության ամբողջ ընթացքում պնդել է, թե Մովսեսին չի սպանել, որ ինքն անձամբ է նրան հորդորել մեկնել Հայաստանից, և Մովսեսը գնացել է:

Դատախազությունը Իսրայել Սարգսյանին մեղսագրվող սպանություններից յուրաքանչյուրի համար պահանջել է 17 տարվա, իսկ ապօրինի զենք կրելու համար` 2 տարվա ազատազրկում` առաջարկելով նրա նկատմամբ պատիժների համակցության արդյունքում վերջնական պատիժ նշանակել 25 տարի ժամկետով ազատազրկում:

Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ