HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող տարեց կինը բերման կենթարկվի

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր հերթական անգամ հետաձգվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը:

Գործը դատարան է ուղարկվել դեռևս 2017-ի մայիսի սկզբին, առաջին անգամ դատաքննության է նշանակվել մայիսի 30-ին, սակայն առ այսօր դեռևս դատական որևէ նիստ չի կայացել:

Ըստ այս գործի նյութերի` 2017թ.-ի ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:

Այնուհետև, ըստ մեղադրանքի` «araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը և տեսնելով, որ չնայած իր պահանջին՝ Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:

Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը, և, ըստ մեղադրանքի, նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը ու պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները, և այդ ընթացքում Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:

Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Այս գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանն ընդունել է մեղադրանքը, իսկ Ջուլիետա Կոկոյանը` ոչ: Վերջինս դատական նիստերին չի ներկայանում. պաշտպանի փոխանցմամբ` առողջական լուրջ խնդիրներ ունի, պարբերաբար հոսպիտալացվում է, և այդ հանգամանքով է պայմանավորված նրա բացակայությունը դատական նիստերից:

Դատարանը Ջուլիետա Կոկոյանին, ինչպես նաև բոլոր վկաներին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Դատարանը որոշեց ևս մեկ անգամ բերման ենթարկելու մասին հիշեցնել ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին:

Լուսանկարում՝ դատավոր Գագիկ Պողոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter