Շաբաթ, 22 սեպտեմբերի

Դատավորն արձակուրդ գնալու պատճառով մերժել է քննել Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը



Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին փաստաբան Կարեն Մեժլումյանը երրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է ներկայացրել դատավորին։ Փաստաբանը հայտարարել է, որ դատավորն անաչառ չէ և պաշտպանում է մեղադրանքն առաջադրող կողմին։ «Հետք»-ի հետ զրույցում փաստաբանը ներկայացրեց, որ նախորդ նիստին հարցաքննվել է վկա, ոստիկանության աշխատակից Կարեն Հունանյանը, ով դատավորի այն հարցերին՝ տեսել է Դավիթ Հովհաննիսյանի՝ ոստիկանների կողմը քար նետելը, վկան պատասխանել է ՝ ոչ։ Սակայն դատավորը չի բավարարվել այս պատասխանով և մի քանի անգամ հարցը կրկնել  է։  

«Դավիթ Հովհաննիսյանը հասարակական գործիչ է, ով 11 ամիս անազատության մեջ էր, ազատ է արձակվել միայն գրավով։ Մեղադրանքը մի ոստիկանի ցուցմունքի հիման վրա է։ Վկան նաև նշեց, որ Դավիթ Հովհաննիսյանի կողմից քարեր նետելու մասին զեկուցագիր չի գրել, բնականաբար գործում այդպիսի փաստաթուղթ կա։ Դատավորը սկսեց համոզել, հետո բարկացավ։ Ես առարկեցի դատավորի գործողությունների դեմ, ճնշում էր գործադրում վկայի նկատմամբ, դատավորը նորից ՝ հինգերորդ անգամ նույն հարցը կրկնեց, վկան ճնշված, այս անգամ ասաց, որ տեսել է Դավիթ Հովհաննիսյանին՝ ոստիկանների վրա քարեր նետելիս»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ սա ներկայացրած ինքնաբացարկի հիմքերից մեկն է։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ բացարկի երկրորդ հիմքը մեղադրանքի կողմին պաշտպանելն է։ Փաստաբանը հայտարարությունը պարզաբանեց նրանով, որ նախորդ նիստի ընթացքում  հարց է ուղղել վկա ոստիկանին, թե ինչու են Սարի թաղում հավաքված ժողովրդի վրա ոստիկանները «հարձակվել», իսկ դատավորին դուր չի եկել փաստաբանի այս մեկնաբանությունը։

«Դատավորը արդարադատություն ապահովող դատավոր չէ։ Ոստիկանության աշխատակցին ուղղած իմ հարցից հետո, դատավորը հայտարարություն արեց, որ իրեն դուր չի եկել այն տերմինը, որ ես գործածում եմ»։

Փաստաբանը նշում է, որ Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի հիմքն այն է, որ ժողովուրդը գնացել է Սարի թաղ ու զանգվածային անկարգություն իրականացրել, իսկ պաշտպանական կողմը նշում է․ «Խաղաղ հավաք է եղել, ոստիկանները հարձակվել են Սարի թաղում հավաքի մասնակիցների վրա, ծեծել  են մարկանց՝ այդ թվում և լրագրողների, ես մի քանի անգամ խոսել եմ դրա մասին»,- ասաց Կ․ Մեժլումյանը։

Անդրիաս Ղուկասյանը ևս միացել է ներկայացրած միջնորդությանը և հայտարարել, որ ինչի մեջ իրեն մեղադրում են սուտ է, քանի որ կատարվել է մեղադրական եզրակացությունում նկարագրվածի հակառակը․ «Այս հարցի հիմքում շինծու մեղադրանք է։ Մենք ներկայացրել ենք բազմաթիվ ապացույցներ, որ ոստիկաններն են հարձակվել։ Սարի թաղում և Խորենացի փողոցում ոստիկանների գործողություններից բազմաթիվ մարդիկ են վնասվածքներ ստացել, իսկ իշխանությունն անում է ամեն բան՝ արդարացնելու ոստիկանների արածը»,- հայտարարել է Ղուկասյանը։

Կարեն Մեժլումյանը նշեց նաև, որ այսօր 20 էջանոց ինքաբացարկի մեջ ծավալուն ձևով ներկայացրել է դատավոր Վարդան Գրիգորյանի կատարած գործողությունները, բայց կենտրոնացել երկուսի վրա։

Դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո մերժել է նաև մերժել է  քննել Անդրիաս Ղուկասյանին գրավով ազատելու միջնորդությունը․ «Այսօր ներկայացրած ինքնաբացարկը մերժելուց  հետո դատավորը մեծ ապօրինություն արեց, մենք գրավ կիրառելու միջնորդություն արեցինք, դատավորը չքննեց՝ պատճառաբանելով, որ հաջորդ օրվանից գնում է արձակուրդ»,- հայտնեց փաստաբանը։   

Այս գործով հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 16–ին։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լուսիկ16:05 - 20 դեկտեմբերի, 2017
Ամեն հնարք օգտագործում են, որ Անդրիասին պահեն բանտում; Դատավորներն անկախ չլինելով, պարզվում է նաև անփոխարինելի են:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ