HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կեղծիքի մասին, Դավիթ Հարությունյանը՝ հերքում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» օրենքի նախագծի քվեարկության ժամանակ տեղի ունեցավ վիճաբանություն, ապա բոյկոտ ընդդիմադիրների կողմից։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խմբակցության անունից ելույթով հանդես եկավ՝ հայտարարելով, որ ակնհայտ կեղծիք է տեղի ունեցել։

«Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արա Բաբոլյանը հայտարարեց, որ քանի որ Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, փոփոխությունները պետք է ընդունվեն պատգամավորների ձայների 3/5-ով՝ 63 կողմ ձայնով։ Քվեարկությունից հետո լուսատախտակը ցույց տվեց 61 կողմ, և արձանագրվեց, որ որոշումը չի ընդունվել։ ԱԺ նախագահողի և իմ առաջարկով լուսատախտակի պատկերը վերականգնվեց, որից հետո պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ իր կոճակը չի աշխատել, և նիստը նախագահողը, գումարելով Մախմուդյանի և գործուղման մեջ գտնվող Արփինե Հովհաննիսյանի ձայնը, հայտարարեց, որ որոշումը ընդունվել է»,- ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորը հիշեցրեց, որ խնդիր էր առաջացել Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ, որի մասին պատգամավորը տեղեկացրել է քվեարկությանը, սակայն ապարդյուն։  

Փաշինյանը հղում կատարեց ԱԺ կանոնակարգ օրենքի 60-րդ հոդվածի վեցերորդ մասը, ըստ որի՝ քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում առաջարկում է որևէ պատգամավոր: Եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով՝ առանց քննարկման, հարցի քվեարկությունը կրկնվում է:

Հիշեցնենք, որ կրկնաքվեարկություն այդպես էլ չեղավ, չնայած պատգամավորներն առաջարկում էին։

«ԱԺ նախագահողն այլ բան չպետք է աներ, եթե ոչ վերաքվեարկություն կազմակերպեր, և բոլորին ամեն ինչ պարզ կդառնար, ուզում եմ արձանագրել, որ Դատական օրենսգրքի մասին օրենքի նախագիծը չի ընդունվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիստը վարող Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ նախագահությունը որևէ խախտում չի հայտնաբերել, իսկ Ծառուկյան դաշինք խմբակցության որևէ պատգամավոր քվեարկությունից առաջ կամ հետո վարման կարգով որևէ առաջարկությամբ հանդես չի եկել, ուստի քվեարկությունն օրինական է։

Նիստերի դահլիճում էր նաև Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, վերջինս ևս իր տեսակետը հայտնեց քվեարկության վերաբերյալ։

«Մեր դիրքորոշումն այն է, որ այն սահմանադրական օրենք չէ, ես չեմ վիճարկում քվեարկության արդյունքները, պարզապես ուզում եմ ասել, որ մեր կարծիքով այն սահմանադրական օրենք չէ։ Սահմանադրական կլիներ, եթե այն կարգավորեր այն հարցերը, որոնք ուղղակիորեն նախատեսված են Սահմանադրությամբ՝ որպես սահմանդրական օրենքի կարգավորման առարկա»,- ասաց նա։

«Պարզվում է՝ սահմանադրական օրենք չէ, նենց որ 54 ձայնով էլ կարող էր անցնել»,- նկատեց  Էդուարդ Շարմազանովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter