HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

5,5 կգ թմրանյութի մաքսանենգության մեջ մեղադրվող Իրանի քաղաքացուն հնարավոր չեղավ բացատրել իր վերաբերյալ նիստի հետաձգման պատճառը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Իրանի քաղաքացի Ֆարիբորզ Դաբիրիանմողադամիի վերաբերյալ թմրանյութերի մաքսանենգության հոդվածով քրեական գործ, որը, սակայն, հետաձգվեց ամբաստանյալի պաշտպանի, ինչպես նաև դատարան հրավիրված թարգմանչի բացակայության պատճառով:

Ամբաստանյալի հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատարան էր ուղարկել գրություն, որում հայտնել էր, որ այլ ծանրաբեռնվածության պատճառով դատարան ներկայանալ չի կարող: Դատարան հրավիրված թարգմանչի՝ նիստին չներկայանալու վերաբերյալ դատարանը որևէ տեղեկություն չուներ:

Ամբաստանյալ Ֆարիբորզ Դաբիրիանմողադամին հայերեն չգիտի, նրան հնարավոր չեղավ բացատրել անգամ նիստի հետաձգման պատճառը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Դաբիրիրանմողադամին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու դիտավորությամբ, գործով չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում անհայտ անձից ձեռք է բերել ու 2017թ. հունիսի 12-ին Թեհրան-Երևան չվերթով, ՀՀ «Զվարթնոց» օդանավակայանով, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ՀՀ պետական սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով` 5561,8 գրամ հաստատուն չոր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ առկա տեղեկությունների՝ ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 267.1  հոդվածի  4-րդ մասի 1-ին կետով և 35-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ համապատասխանաբար առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը և նույն արարքը կատարելը նախապատրաստելը:

Մեր տեղեկություններով՝  վերը նշված գործով թմրանյութը թաքցված է եղել  Հայաստան բերված  ինչ-որ սարքավորման դետալների մեջ:

Նշենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ամբաստանյալի վերաբերյալ առկա տեղեկատվության համաձայն՝ վերջինս նախկինում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատվածություն է ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter