Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

ՊԵԿ-ի քննչական վարչության պետը մտադիր է մետաղներ որոնել Սյունիքի մարզում



Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ Մարատ Դուրյանի ընկերությունը Բնապահպանության նախարարություն է ներկայացրել Սոֆլու-Լեռնաշեն բազմամետաղների հանքային դաշտում օգտակար հանածոներ ուսումնասիրելու հայտ:

Արդեն գրել ենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի պաշտոնում նշանակված արդարադատության փոխգնդապետ Մարատ Դուրյանը ներգրվված է հանքարդյունաբերությունում: Ըստ ամենայնի, ոլորտը փոխգնդապետին դուր է եկել, և նա սկսել է ընդլայնել գործունեության շրջանակները:  Հիշեցնենք՝ Էներգետիկ ենթակառույցների և բնական պաշարների նախարարի այս տարվա փետրվարին կայացրած երկու հրամաններով` արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն է տրվել «Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ին, որտեղ 90 տոկոս բաժնեմասի սեփականատերը Մարատ Դուրյանն է:

Մի դեպքում ընկերությանը թույլատրվել է Տավուշի մարզի Կառնուտի հանքերևակման տեղամասում՝ 153,4 հա տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու աշխատանքներ իրականացնել, մյուս դեպքում՝ դարձյալ արդյունահանման նպատակով կատարել երկրաբանական ուսումնասիրություններ այս անգամ արդեն Կառնուտ-Սառնաղբյուրի պղինձ-բազմամետաղային հանքային դաշտում:

Սոֆլու-Լեռնաշեն բազմամետաղների հանքային դաշտը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի ենթաշրջանում՝ Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լեռնաբազուկների սահմաններում: Տեղակայված է Արևիս գյուղից շուրջ 3.5 կմ դեպի արևելք, Լեռնաշեն գյուղից 1.8 կմ դեպի արևմուտք:

Տեղամասը զբաղեցնում է 70.14 ք/կմ մակերես և վարչատարածքային տեսակետից ընդգրկում է 7 բնակավայրերի տարածքներ` Թասիկի (1.88 ք/ÏÙ), Բնունիսի (4.52 ք/ÏÙ), Նժդեհի (25.72 ք/ÏÙ), Դաստակերտի (12.51 ք/ÏÙ), Տորունիքի (8.14 ք/ÏÙ), Լորի (5.47 ք/ÏÙ)  և Շենաթաղի (14.28 ք/ÏÙ) և տարածվում է 2100-2932մ բացարձակ բարձրությունների վրա: Զբաղեցնում է Կոշաքար և Կարակայն լեռների լանջերը Այրիգետ, Լեռնաշեն, Դաստակերտ գետերի ավազաններում:

Ծրագրով նախատեսվող աշխատանքների նպատակն է 2017-2020թթ. Սոֆլու-Լեռնաշեն բազմամետաղների հանքային դաշտում որոնողական աշխատանքների արդյունքներով գնահատել հետախուզվող տարածքի մետաղաբերությունը, հայտնաբերել և առանձնացնել հեռանկարային տեղամասեր, ինչպես նաև կատարել դրանց պաշարների գնահատում:

ԲՆ ներկայացրած նախագծի համաձայն, ֆոնային բուսատեսակները համեմատաբար քիչ են, ֆլորան հիմնականում տարախոտային է: Ուսումնասիրվող տարածքում խիտ անտառներ չկան, բնափայտավոր բուսատեսակները արտահայտված են գիհու, սալորենու, տանձենու, սզնու, մասրենու, տրագականթային գազերի և այլ նոսր աճող ծառերով, թփերով ու կիսաթփերով: Այդուհանդերձ, կենդանական աշխարհն աղքատ չէ և կան թե´ կանթնասուններ, թե´ անողնաշարավորներ:

Տվյալ տարածքի համար առավել բնորոշ են ճնճղուկազգիների ներկայացուցիչները: Դրանք աչքի են ընկնում ինչպես տեսակների, այնպես էլ ընտանիքների մեծ թվով: Բազմաթիվ են նաև հավազգիների ներկայացուցիչները, որոնք ներկայացված են առաջին հերթին մոխրագույն կաքավով և լորով: Գիշատիչ թռչունների քանակը մեծ չէ, սակայն դիտարկվել են այնպիսի խոշոր գիշատիչներ, ինչպիսիք են մորուքավոր անգղը, ճուռակը և այլն: 

«Պրեմիում մայնինգ» ՍՊԸ-ն 450 մլն դրամից ավելի նախահաշիվ է կազմել այս ուսումնասիրություններն իրականացնելու համար:

Քանի որ ազդակիր համայնքները խոշորացվել են Սիսիան բազմաբնակավայր համայնքում, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, Սիսիանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Պրեմիում մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ