HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվությունը 7,3%-ով աճել է. ինչպես և ինչի հաշվին է գրանցվել այն

Այս տարվա հունվար-նոյեմբերին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 7,3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) ներկայացրած նախնական վիճակագրությունից։

Սա ռեկորդային ցուցանիշ է ոչ միայն այս տարվա, այլև նախորդ առնվազն երկու տարիների համար (նկատի ունենք տարվա սկզբից մինչև նշված ամիսն ընկած ՏԱՑ-ի աճը)։ Համոզված ենք, որ շուտով տնտեսական ոլորտի պատասխանատուներն այս ցուցանիշը նույնքան ոգևորությամբ կտարածեն, որքան հունվար-հոկտեմբերի 7% աճի մասին խոսվեց։ Սակայն, մինչ այդ փորձենք հասկանալ, թե ինչի հաշվին է գրանցվել այն։

 Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Նոյեմբերի և հունվար-նոյեմբերի ցուցանիշներին անցնելուց առաջ հիշենք հոկտեմբերի պատկերը։

Հոկտեմբերի բարձր աճը՝ գլխավորապես բազային էֆեկտի արդյունք

Այսպես, ըստ վիճծառայության ճշգրտած տվյալների` միայն հոկտեմբերին, 2016 թվականի հոկտեմբերի համեմատ, ՏԱՑ-ն աճել էր 17,6%-ով (տես երկրորդ ինֆոգրաֆիկան): Այդ ամսվա պատկերն էապես ազդել էր տարվա առաջին 10 ամիսների՝ հունվար-հոկտեմբերի վրա  7,1% աճի վրա (կրկին ճշգրտված տվյալներով)։ Հոկտեմբերի աճը  մեծամասամբ պայմանավորված էր գյուղատնտեսության ոլորտում նույն ամսում գրանցված 34,7% աճով։ Գյուղատնտեսության այս բարձր արդյունքն էլ իր հերթին պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախորդ տարվա հոկտեմբերին այն կտրուկ նվազել էր, հետևաբար այս տարվա նույն ամսվա աճը գրանցվել է նախորդ տարվա կտրուկ նվազած ցուցանիշի հետ համեմատության արդյունքում։ 

· Ինչով է պայմանավորված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը

Ինչպես և սպասում էինք, արդեն նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել՝ 2,1%-ով։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերին, 2016-ի նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ն աճել է 9,2%-ով, ինչին էապես նպաստել է երկրում ներքին առևտրաշրջանառություն 22,6% աճը և ծառայությունների ծավալի 17.6% աճը։ Իսկ արդյունաբերության ծավալը նոյեմբերին աճել է 11%-ով։ Սա միայն նոյեբերի մասին է։

Ինչ ունենք 11 ամիսների կտրվածքով

Իսկ տարվա 11 ամիսների՝ հունվար-նոյեմբերի կտրվածքով, ինչպես նշեցինք, ՏԱՑ-ն աճել է 7,3%-ով։  Նպաստել են արդյունաբերությունը, ծառայություններն ու առևտրաշրջանառությունը։

Հունվար-նոյեմբերին, 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,3%-ով և կազմել մոտ 1,5 տրիլիոն դրամ։

Առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 2.3 տրլն դրամ՝ աճելով 14,4%-ով։ Իսկ ծառայությունների ծավալը՝ 1,3 տրլն դրամ, աճը՝ 14,2%:

11 ամիսների կտրվածքով գյուղատնտեսության դինամիկան անկումային է։ Ոլորտի համախառն արտադրանքի ծավալը կազմել է մոտ 812 մլրդ դրամ, անկումը նախորդ տավա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 3,9%:

Իսկ շինարարությունում թեև աճը զրոյին մոտ է, սակայն նկատելի է, որ տարվա սկզբի համեմատ առաջընթաց կա։ Սակայն այստեղ էլ «փակագծեր» կան, որոնք կարող ենք բացել, երբ ամսվա վերջում վիճծառայությունը հրապարակի ավելի մանրամասն տվյալներ։ Հունվար-նոյեմբերին շինարարության ծավալն, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է 324,5 մլրդ դրամ, աճը՝ 0,3%:

Ինչ վերաբերում է ծառայություններին, ապա այս ոլորտում գրանցված աճին ևս պետք է վերապահումներ մոտենալ։ Թե´ այս, թե´ վերջին երկու-երեք տարիներին ծառայությունների աճին էականորեն նպաստել են խաղատներն ու բուքմեյքերական ընկերությունները։ Երբ պաշտոնական վիճակագրությունն այս տարվա առաջին կիսամյակից սկսած ծառայությունների ոլորտի պատկերը սկսեց ներկայացնել ավելի մանրամասն, արդեն այս փաստը ապացուցվեց նաև պաշտոնական ուղիղ թվերով։ Իսկ խաղատների ու բուքմեյքերական ընկերությունների ընդլայնումը, դժվար թե, կարողանա նպաստել երկրում տնտեսության որակական աճին։

Կարճ ասած, այս տարի տնտեսական աճին  նպաստող ոլորտներից մնում են արդյունաբերությունն ու առևտրաշրջանառությունը, իսկ ծառայությունների ոլորտը՝ վերապահումներով։ Համենայնդեպս, այդպես է ստացվում, երբ աչքի ենք անցկացնում վիճծառայության այս վերջին հրապարակումը։ Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նույն տնտեսական աճը չէ, սակայն այս երկու ցուցանիշները շատ չեն տարբերվում։

Մեկնաբանություններ (2)

Արտակ
Ամեն անգամ կարդում եմ Ձեր հոդվածները և ամեն անգամ այնպիսի տպավորություն է ստեղծվում որ դուք կուզենայիք, որ մեր երկրում ամեն ինչ վատ լիներ: Գրեթե բոլոր լավ ցուցանիշներին փորձում եք ինչ-որ անուն կպցնել՝ գյուղտն-ը աճել է, բայց նախորդ տարի նվազել էր, ծառ-ը աճել են, բայց դա խաղատներն են, շինար-ը այլևս անկումային չէ, բայց այստեղ էլ փակագծեր կան: Կարդում ես ձեզ՝ մեզ մոտ ամեն ինչ շատ վատ է, նայում ես Հ1՝ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է: Մի քիչ օբյեկտիվ եղեք, գոնե դուք, Հ1-ից հույս չկա:
Աշոտ
Իսկ ինչի պետք վերապահումով մոտենալ՞ Խաղային բիզնեսը աշխարհում հսկայական շրջանառություն ունի։ Էտ աճի զգալի մասի դրսում խաղային բիզնեսի ծառայություններ մատուծելու հաշվինա արագ աճում օնլայն կազինոների ու տոտալիզատորների։ Զարգացած երկրների մեծ մասում ՀՆԱ-ի 80տոկոսը ծառայություններ են էտ թվում բուքմեյկերական ծառայությունները ու օնլայն կազինոները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter